Էնդոմետրիոզի առաջնային ախտանիշը կոնքի ցավն է, որը հաճախ կապված է դաշտանների հետ:
Բազմաթիվ կանայք իրենց դաշտանային ժամանակաշրջանների ընթացքում ունենում են կծկանք (սպազմ), սակայն էնդոմետրիոզով հիվանդները սովորաբար նկարագրում են դաշտանային ցավ, որը սովորականից շատ ավելի ուժեղ է: Ցավը նաև կարող է սաստկանալ ժամանակի ընթացքում:
Էնդոմետրիոզի ընդհանուր գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը:
- Ցավոտ դաշտաններ (դիսմենորիա). կոնքի ցավը և կծկանքը կարող են սկսվել մինչև դաշտանային շրջանը և երկարաձգվել մի քանի օր հետո: Դուք նաև կարող եք ունենալ գոտկային և որովայնի ցավեր:
- Ցավ սեռական հարաբերության ժամանակ (դիսպարեունիա). սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո ցավը բնորոշ է էնդոմետրիոզով կանանց:
- Ցավ աղիների գործունեության կամ միզարձակության ժամանակ. դուք, ամենայն հավանականությամբ, կզգաք այս ախտանիշները դաշտանային շրջանում:
- Ավելցուկային արյունահոսություն. դուք կարող եք երբեմն ունենալ առատ դաշտաններ կամ արյունահոսություն դաշտանների միջև (միջդաշտանային արյունահոսություն):
- Անպտղություն. երբեմն էնդոմետրիոզն առաջին անգամ ախտորոշվում է անպտղության համար բուժման դիմածների մոտ:
- Այլ գանգատներ և ախտանիշներ. դուք կարող եք նշել հոգնածություն, փորլուծություն, փորկապություն, փքվածություն (մետեորիզմ) կամ սրտխառնոց, հատկապես դաշտանային ժամանակաշրջաններում:
Ձեր ցավի ծանրության աստիճանը չի կարող լինել ձեր հիվանդության ծանրության աստիճանի հուսալի ցուցանիշ: Դուք կարող եք ունենալ թեթև էնդոմետրիոզ՝ ուժեղ ցավով կամ կարող եք ունենալ զարգացած էնդոմետրիոզ՝ քիչ ցավով կամ առանց ցավի:
Էնդոմետրիոզը երբեմն շփոթվում է այլ վիճակների հետ, որոնք կարող են առաջացնել կոնքի շրջանի ցավ, ինչպիսիք են փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը (ՓԿՕԲՀ) կամ ձվարանների կիստաները: Այն կարող է շփոթվել գրգռված աղու համախտանիշի (ԳԱՀ) հետ՝ մի վիճակ, որն առաջացնում է փորլուծության բռնկումներ, փորկապություն և որովայնի ցավեր: ԳԱՀ-ը կարող է ուղեկցել էնդոմետրիոզին, ինչը կարող է բարդացնել ախտորոշումը:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք գանգատներ և ախտանիշներ, որոնք կարող են վկայել էնդոմետրիոզի մասին:
Էնդոմետրիոզը կարող է կառավարելու համար դժվար վիճակ լինել: Վաղ ախտորոշումը, բազմամասնագիտական բժշկական թիմը և ձեր ախտորոշման ըմբռնումը կարող են օգնել ձեր ախտանիշների ավելի լավ կառավարմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024