Էնդոմետրիոզը և կոնքի ցավ առաջացնող այլ վիճակներն ախտորոշելու համար ձեր բժիշկը ձեզ կխնդրի նկարագրել ձեր ախտանիշները, ներառյալ՝ ձեր ցավի գտնվելու վայրը և այն, թե երբ այն առաջանում:
Էնդոմետրիոզի ֆիզիկական նշանների ստուգման հետազոտությունները ներառում են հետևյալը:
- Գինեկոլոգիական քննություն (ներզննում). ներզննման ժամանակ ձեր բժիշկը ձեռքով զգում է (շոշափում) ձեր կոնքի շրջանները շեղումներ հայտնաբերելու համար, ինչպիսիք են ձեր վերարտադրողական օրգանների կիստաները կամ ձեր արգանդի ետևում սպիները: Հաճախ հնարավոր չէ շոշափել էնդոմետրիոզի փոքր շրջանները, եթե դրանք չեն առաջացրել կիստայի ձևավորում:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). այս հետազոտությունն օգտագործում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ՝ ձեր ներքին օրգանների և կառուցվածքների պատկերներ ստեղծելու համար: Պատկերները ստեղծելու համար տվիչ կոչվող սարքը սեղմվում է ձեր որովայնի վրա կամ տեղադրվում է հեշտոցում (տրանսվագինալ): Գերձայնային հետազոտության երկու տեսակներն էլ կարող են արվել վերարտադրողական օրգանների լավագույն պատկերներ ստանալու համար: Ստանդարտ գերձայնային հետազոտությունը վերջնականապես չի հաստատի էնդոմետրիոզի ախտորոշումը, սակայն կարող է հայտնաբերել էնդոմետրիոզի հետ կապված կիստաները (էնդոմետրիոմա):
- Մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ-ն հետազոտություն է, որն օգտագործում է մագնիսական դաշտ և ռադիոալիքներ՝ ձեր օրգանների և հյուսվածքների մանրամասն պատկերներ ստեղծելու համար: Ոմանց համար ՄՌՏ-ն օգնում է վիրաբուժական պլանավորմանը՝ ձեր վիրաբույժին մանրամասն տեղեկություններ տալով էնդոմետրիումի իմպլանտների տեղակայման և չափի մասին:
- Լապարոսկոպիա. որոշ դեպքերում, ձեր բժիշկը կարող է ձեզ ուղեգրել վիրաբույժի մոտ այնպիսի միջամտության համար, որը թույլ է տալիս վիրաբույժին տեսախցիկի օգնությամբ զննել ձեր որովայնը ներսից (լապարոսկոպիա): Մինչ դուք ընդհանուր անզգայացման տակ եք, ձեր վիրաբույժը փոքրիկ կտրվածք է անում ձեր պորտի մոտ և տեղադրում է բարակ դիտման գործիք (լապարոսկոպ)՝ փնտրելով արգանդից դուրս էնդոմետրիալ հյուսվածքի նշաններ: Լապարոսկոպիան կարող է տեղեկատվություն տրամադրել էնդոմետրիումի իմպլանտների գտնվելու վայրի, տարածման և չափի մասին: Ձեր վիրաբույժը կարող է վերցնել հյուսվածքի նմուշ (բիոպսիա) հետագա հետազոտության համար: Հաճախ, ճիշտ վիրաբուժական պլանավորման դեպքում, ձեր վիրաբույժը կարող է լիովին բուժել էնդոմետրիոզը լապարոսկոպիայի ընթացքում, այնպես որ ձեզ անհրաժեշտ լինի միայն մեկ վիրահատություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024