Էնդոմետրիոզի ճշգրիտ պատճառը հստակ չէ, սակայն հնարավոր բացատրությունները ներառում են հետևյալը:
- Հետադարձ (ռետրոգրադ) դաշտան. հետադարձ դաշտանի ժամանակ դաշտանային արյունը, որը պարունակում է արգանդի լորձաթաղանթի (էնդոմետրիալ) բջիջներ, ետ է հոսում արգանդափողերով դեպի կոնքի խոռոչ՝ մարմնից դուրս գալու փոխարեն: Այս էնդոմետրիալ բջիջները կպչում են կոնքի պատերին և կոնքի օրգանների մակերեսին, որտեղ աճում են և շարունակում հաստանալ և արյունահոսել յուրաքանչյուր դաշտանային ցիկլի ընթացքում:
- Որովայնամզային (պերիտոնեալ) բջիջների փոխակերպում. «ինդուկցիոն տեսության» կողմնակիցներն առաջարկում են, որ հորմոնները կամ իմունային գործոնները նպաստում են որովայնը ներսից ծածկող բջիջների վերափոխմանը էնդոմետրիումի նման բջիջների (ցելոմիկ մետապլազիա):
- Սաղմնային բջիջների փոխակերպում. հորմոնները, ինչպիսին է էստրոգենն է, կարող են սեռական հասունացման ընթացքում վերափոխել սաղմնային բջիջները՝ զարգացման ամենավաղ փուլերում գտնվող բջիջները էնդոմետրիումի նման բջիջների իմպլանտների:
- Վիրաբուժական սպիի իմպլանտացիա. վիրահատությունից հետո, ինչպիսին է հիստերէկտոմիան կամ կեսարյան հատումը, էնդոմետրիումի բջիջները կարող են կցվել վիրահատական կտրվածքին:
- Էնդոմետրիալ բջիջների տեղափոխում. արյունատար անոթները կամ հյուսվածքային հեղուկի (ավշային) համակարգը կարող են էնդոմետրիումի բջիջները տեղափոխել մարմնի այլ մասեր:
- Իմունային համակարգի խանգարում. իմունային համակարգի հետ կապված խնդիրը կարող է ստիպել օրգանիզմին, որ չճանաչի և ոչնչացնի էնդոմետրիումի նման հյուսվածքը, որն աճում է արգանդից դուրս:
Ռիսկի գործոններ
Մի քանի գործոններ կարող են ձեզ դնել էնդոմետրիոզի զարգացման ավելի մեծ ռիսկի տակ, ինչպիսիք են՝
- երբեք ծննդաբերած չլինելը
- դաշտանի սկիզբը վաղ տարիքից
- ավելի մեծ տարիքում դաշտանադադարին անցնելը
- կարճատև դաշտանային ցիկլերը, օրինակ՝ 27 օրից պակաս
- առատ դաշտանները, որոնք տևում են յոթ օրից ավելի
- ձեր օրգանիզմում էստրոգենի ավելի բարձր մակարդակ ունենալը կամ ձեր օրգանիզմի արտադրած էստրոգենի կյանքի ընթացքում ավելի մեծ ազդեցությունը
- ցածր մարմնի զանգվածի գործակիցը
- էնդոմետրիոզով մեկ կամ մի քանի հարազատներ ունենալը (մայր, մորաքույր կամ քույր)
- ցանկացած առողջական խնդիրը, որը խանգարում է դաշտանի ժամանակ օրգանիզմից արյան արտահոսքը
- վերարտադրողական խողովակի խանգարումները:
Էնդոմետրիոզը սովորաբար զարգանում է դաշտանի սկզբից (մենարխե) մի քանի տարի անց: Էնդոմետրիոզի գանգատներն ու ախտանիշները կարող են ժամանակավորապես բարելավվել հղիության ընթացքում և կարող են ամբողջությամբ անհետանալ դաշտանադադարի հետ, եթե դուք էստրոգեն չեք ընդունում:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024