Էպիդիդիմիտ. պատճառներ
07-04-2021
2 րոպե

Մակամորձու բորբոքման պատճառը սովորաբար բակտերիալ կամ վիրուսային վարակներն են, այդ թվում՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) և միզուղիների վարակը։
Էպիդիդիմիտի հիմնական պատճառները ներկայացված են ստորև:
- ՍՃՓՀ. գոնորեան և քլամիդիան երիտասարդների և սեռական ակտիվ կյանքով ապրող տղամարդկանց շրջանում էպիդիդիմիտի ամենատարածված պատճառներն են:
- Այլ վարակներ. միզուղիների բակտերիաները կամ շագանակագեղձի վարակը կարող են տարածվել դեպի մակամորձիներ: Միևնույն ժամանակ, վիրուսային վարակները, օրինակ՝ խոզուկի վիրուսը, կարող են առաջացնել էպիդիդիմիտ:
- Մեզ մակամորձում (քիմիական էպիդիդիմիտ). այս վիճակն առաջանում է, երբ մեզը ետ է հոսում դեպի մակամորձի, հավանաբար՝ ծանրություն բարձրացնելիս կամ ձգվելիս։
- Տրավմա. փոշտի շրջանի վնասվածքը կարող է առաջացնել էպիդիդիմիտ:
- Տուբերկուլոզ. հազվադեպ, էպիդիդիմիտը կարող է պատճառվել տուբերկուլոզային վարակով:
Ռիսկի գործոններ
Այն սեռական վարքագծերը, որոնք բարձրացնում են ՍՃՓՀ-ի ռիսկը, բարձրացնում են նաև սեռական ճանապարհով փոխանցվող էպիդիդիմիտի ռիսկը: Դրանցից են՝
- սեռական հարաբերություն ՍՃՓՀ ունեցող զուգընկերոջ հետ
- չպաշտպանված (առանց պահպանակի) սեռական հարաբերություն
- որևէ ՍՃՓՀ պատմություն:
Ոչ սեռական ճանապարհով փոխանցվող էպիդիդիմիտի ռիսկի գործոններից են՝
- շագանակագեղձի կամ միզուղիների վարակների պատմություն
- միզուղիների վրա ազդող բժշկական միջամտությունների պատմություն, օրինակ՝ առնանդամից միզային կաթետրի կամ ցիստոսկոպի ներմուծում
- շագանակագեղձի մեծացում, որը բարձրացնում է միզապարկի վարակների և էպիդիդիմիտի ռիսկը:
Հոդվածը վերանայվել է՝ 07-04-2021