Էպիդիդիմիտ. ախտանիշներ
07-04-2021
1 րոպե

Եթե ունեք մակամորձու բորբոքում, նույն կողմի ամորձին զգայուն է կամ ցավոտ, անսովոր տաք, այտուցված կամ պնդացած։
Ընդհանուր առմամբ, էպիդիդիմիտի ախտանիշները ներառում են՝
- այտուցված, կարմրած կամ անսովոր տաք փոշտ (ամորձապարկ)
- ամորձու ցավ և պնդություն, սովորաբար մի կողմից, որը սկսվում է աստիճանաբար
- ցավոտ միզարձակում (դիզուրիա) կամ անզուսպ միզելու ցանկություն
- առնանդամից արտադրություն
- որովայնի ստորին հատվածում կամ կոնքում ցավ կամ անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ)
- սերմնահեղուկում արյուն
- երբեմն՝ բարձր ջերմություն:
Քրոնիկ էպիդիդիմիտ
Ավելի քան 6 շաբաթ շարունակվող կամ կրկնվող էպիդիդիմիտը համարվում է քրոնիկ: Քրոնիկ էպիդիդիմիտի ախտանիշները կարող են սկսվել աստիճանաբար: Երբեմն քրոնիկ էպիդիդիմիտի պատճառը չի հայտնաբերվում:
Ե՞րբ դիմել բժշկին
Երբեք մի՛ անտեսեք փոշտի շրջանի ցավերը կամ այտուցվածությունը։ Այս գանգատը կարող է կապված լինել տարբեր հիվանդությունների հետ, որոնց մի մասը պահանջում է անհետաձգելի բուժում, քանի դեռ չեն զարգացել անդառնալի փոփոխություններ:
Եթե փոշտի շրջանի ցավն ուժեղ է, դիմեք անհետաձգելի բուժօգնության: Այցելեք բժշկին, եթե ունեք առնանդամից արտադրություն կամ ցավոտ միզարձակում:
Հոդվածը վերանայվել է՝ 07-04-2021