Գալակտոռեան հաճախ պայմանավորված է պրոլակտին հարմոնի բարձր մակարդակով, որն արտադրվում է հիպոֆիզում (մակուղեղ) և ապահովում է ծննդաբերությունից հետո մայրական կաթնատվությունը:
Գալակտոռեայի հնարավոր պատճառներից են՝
- որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ հանգստացնող դեղեր (սեդատիվներ), դեպրեսիայի բուժման դեղեր (հակադեպրեսանտներ), փսիխոզների բուժման դեղեր (հակափսիխոտիկներ) կամ բարձր արյան ճնշման դեղեր
- ափիոնատիպ (օփիոիդային) թմրամիջոցների օգտագործում (օրինակ՝ հերոին)
- բուսական հավելումների օգտագործում, օրինակ՝ սամիթ (фенхель), անիսոն (анис) կամ հացհամեմի սերմ (շամբալա, այծառվույտ, семена пажитника)
- հակաբեղմնավորիչ հաբերի ընդունում
- հիպոֆիզի ոչ քաղցկեղային ուռուցք (պրոլակտինոմա) կամ այլ հիվանդություններ
- թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ)
- քրոնիկ երիկամային հիվանդություն
- կրծքագեղձի գերխթանում՝ պայմանավորված սեռական կյանքով, կրծքագեղձերի և պտուկների հաճախակի ինքնազննմամբ կամ հագուստով գերշփմամբ
- կրծքային վիրահատության, այրվածքների կամ այլ վնասվածքների ժամանակ կրծքավանդակի պատի նյարդերի վնասում
- ողնուղեղային վնասվածքներ, ուռուցքներ կամ վիրահատություն
- սթրես:
Իդիոպաթիկ գալակտոռեա
Երբեմն բժիշկները չեն կարողանում հայտնաբերել գալակտոռեայի պատճառը: Սա կոչվում է իդիոպաթիկ գալակտոռեա և կարող է նշանակել, որ կաթնագեղձի հյուսվածքն գերզգայուն է կաթնատվության հորմոնի՝ պրոլակտինի նկատմամբ: Այսպիսի գերզգայունության պատճառով պրոլակտինի նույնիսկ նորմալ մակարդակները կարող են առաջացնել կաթնահոսություն:
Գալակտոռեան տղամարդկանց մոտ
Տղամարդկանց մոտ գալակտոռեան կարող է կապված լինել արյան տեստոստերոնի ցածր մակարդակի հետ (արական հիպոգոնադիզմ) և սովորաբար ի հայտ է գալիս, երբ կրծքագեղձերը մեծանում կամ դառնում ցավոտ (գինեկոմաստիա): Տղամարդկանց ցածր տեստոստերոնը կապված է նաև էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) և սեռական ցանկության նվազման հետ (ցածր լիբիդո):
Գալակտոռեան նորածինների մոտ
Երբեմն գալակտոռեա նաև հանդիպում է նորածինների մոտ: Սա պայմանավորված է ընկերքով նորածնի արյան հուն մուտք գործած մայրական էստրոգեն հորմոնով, որը կարող է մեծացնել նորածնի կրծքագեղձերի հյուսվածքը և առաջացնել պտուկներից կաթնային արտադրություն: Նման երևույթը ժամանակավոր է և ինքնուրույն անհետանում է:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2021
Վերջին վերանայում՝ 05-05-2024