Առողջական խնդիրներ

Սեռական (գենիտալ) գորտնուկ կամ կոնդիլոմա

Սեռական (գենիտալ) գորտնուկ կամ կոնդիլոմա

Time Read 2 րոպե

Սեռական գորտնուկը կամ սրածայր կոնդիլոման փոքր արտացցվածք է, որը հայտնվում է հեշտոցի, առնանդամի, փոշտի կամ հետանցքի շրջանում։

Կոնդիլոման սովորաբար բարորակ բնույթի է և անվնաս, սակայն կարող է անհարմարավետություն պատճառել, հատկապես մեծաքանակ լինելու դեպքում։ Սեռական գորտնուկները հարուցվում են մարդու պապիլոմավիրուսով (ՄՊՎ), ավելի հաճախ՝ 6 և 11 շտամներով։ Եթե ձեր արտաքին սեռական օրգանների շրջանում նկատել եք սրածայր կամ տափակ գորտնուկներ, ապա դիմեք ձեր բժշկին։

Մարդու պապիլոմավիրուս

Գոյություն ունեն ՄՊՎ ավելի քան 100 տեսակներ, որոնք ախտահարում են մաշկը։ Դրանցից 40-ը կարող են առաջացնել սեռական գորտնուկ, իսկ մյուս տեսակները գորտնուկ կարող են առաջացնել մարմնի այլ շրջաններում։ ՄՊՎ-ի մյուս տեսակները կապված են արգանդի պարանոցի և հետանցքի քաղցկեղի հետ։ ՄՊՎ-ի սեռական գորտնուկ առաջացնող տեսակները անհավանական է, որ կառաջացնեն քաղցկեղ։

ՄՊՎ դեմ պատվաստումը կարող է ձեզ պաշտպանել սեռական գորտնուկ առաջացնող այն ՄՊՎ-ից, որոնք բարձրացնում են պարանոցի քաղցկեղի ռիսկը Սակայն, պատվաստանյութը ձեզ չի պաշտպանում ՄՊՎ-ի բոլոր տեսակներից։ Անվտանգ սեռական հարաբերությունը և յուրաքանչյուր 5 տարին մեկ պարանոցի սքրինինգային թեստ անցնելը խիստ կարևոր է 25-74 տարեկան բոլոր այն կանանց համար, ովքեր երբևէ եղել են սեռական ակտիվ։

Ինչպե՞ս են մարդիկ վարակվում ՄՊՎ-ով

ՄՊՎ մեծ մասը տարածվում է սեռական շփման միջոցով, երբ մաշկի վրա առաջանում են փոքր վնասվածքներ կամ ճաքեր։ Սեռական գորտնուկը խիստ վարակիչ է։ Սեռական ՄՊՎ տարածված է սեռական ակտիվ կյանքով ապրող մարդկանց շրջանում, բայց գորտնուկն առաջանում է նրանց միայն փոքր մասի մոտ։

Պահպանակները կրճատում են ՄՊՎ-ով վարակվելու ռիսկը, սակայն լիարժեք չեն կանխում վիրուսի տարածումը։ Այնուամենայնիվ, պահպանակները կարող են ձեզ պաշտպանել սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակներից և բազմաթիվ զույգերի համար կարևոր են անվտանգ սեռական կյանք վարելիս։

Սեռական գորտնուկի ախտանիշները

Սեռական գորտնուկները սովորաբար անցավ են։ Դրանք կարող են լինել սրածայր, տապակ կամ հայտնվել խմբերով։ Բժիշկը սովորաբար զննմամբ կարողանում է հայտնաբերել հիվանդությունը, սակայն չի բացառվում, որ ձեզ ուղեգրի կլինիկական լաբորատորիա, որպեսզի ստուգեք այլ սեռավարակների հնարավոր առկայությունը։

Սեռական գորտնուկի բուժումը

Սեռական գորտնուկները կարող են վերանալ առանց որևէ բուժման։ Սակայն, երբ դրանք դառնում են ցավոտ, առաջացնում են քոր կամ ստեղծում են անհարմարություններ, բժիշկը կարող է զբաղվել բուժմամբ։

Բուժումը ձեզ վիրուսից չի ազատում, այլ պարզապես վերացնում է գորտնուկը։ Վիրուսը կարող է մաքրվել ինքնուրույն՝ ձեր իմունային համակարգի միջոցով կամ մնալ չհայտնաբերված։

Բուժման տարբերակներից են՝

  • ներկանյութեր (հատուկ սեռական գորտնուկի համար)
  • սառեցում (կրիոթերապիա) կամ այրում
  • լազերային բուժում
  • կրեմ, որը խթանում է ձեր իմունային համակարգը, որպեսզի վերջինս պայքարի ՄՊՎ-ի դեմ
  • վիրահատական հեռացում։

Այլ տեսակի գորտնուկների բուժման մեթոդները չեն կարող կիրառվել սեռական գորտնուկի բուժման համար, ուստի, մի փորձեք ինքնուրույն միջոցներ ձեռնարկել, այլ դիմեք ձեր բժշկին։

Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2019 վերանայվել է՝ 23-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով