Բերանի խոռոչի պատշաճ խնամքը թույլ է տալիս կանխարգելել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ատամներից արյունահոսությունը, գինգիվիտը (լնդաբորբ) և հալիտոզը (բերանի տհաճ հոտ):
Գինգիվիտ (լնդաբորբ)
Գինգիվիտը լնդերի բորբոքումն է՝ լնդային հիվանդության տեսակներից մեկը։
Լնդային արյունահոսությունը գինգիվիտի հաճախ հանդիպող ախտանիշներից է։ Այլ ախտանիշերից են լնդերի կարմրությունը, այտուցվածությունը և ձգվածությունը։
Գինգիվիտ առաջանում է, երբ ատամների մակերեսին սկսում է առաջանալ ատամնափառ։ Վերջինս ատամի խոզանակով մաքրելիս հեշտությամբ հեռացվում է: Հակառակ դեպքում ատամնափառը կարող է ժամանակի ընթացքում կարծրանալ՝ վերածվելով ատամնաքարի, որը գրգռում ու բորբոքում է լնդերը՝ առաջացնելով արյունահոսություն, լնդերի այտուցվածություն և գերզգայունություն, ինչպես նաև սնունդ կամ հեղուկներ ընդունելիս լնդերի շրջանում տհաճ զգացողություններ։
Գինգիվիտ կարող է զարգանալ տարբեր գործոններից, սակայն ամենահաճախ հանդիպող պատճառը բերանի խոռոչի ոչ պատշաճ խնամքն ու հիգիենան է։ Գինգիվիտի կամ բերանի խոռոչի այլ հիվանդությունների հավանականությունը նաև բարձրանում է մի շարք ուղեկցող հիվանդությունների դեպքում, ինչպիսին է դիաբետը։
Չբուժելիս գինգիվիտը կարող է բարդանալ լուրջ առողջական խնդիրներով, ինչպիսիք են թարախակույտը (աբսցես), ախտաբանական լնդային գրպանիկների առաջացումը, ատամների թուլացումը և կորուստը։
Իմացե՛ք ավելին գինգիվիտի մասին:
Հալիտոզ (բերանի տհաճ հոտ)
Հալիտոզը բերանի տհաճ հոտի կամ տհաճ հոտով շնչառության բժշկական անվանումն է։
Բերանի տհաճ հոտի ամենահաճախ հանդիպող պատճառը ատամների արանքում և ընդհանուր առմամբ բերանի խոռոչում սննդի փոքրիկ մնացուկների առկայությունն է։ Նման դեպքերում բերանի խոռոչի բակտերիաները սկսում են քայքայել սննդի մասնիկները՝ առաջացնելով տհաճ հոտով գազեր։ Բերանի խոռոչի պատշաճ հիգիենան ու խնամքը կարող են կանխարգելել հալիտոզը։
Այնուամենայնիվ, մի շարք հիվանդություններ իրենց հերթին կարող են պատճառել բերանի տհաճ հոտ։ Հալիտոզի մյուս պատճառներից են նաև որոշ մթերքները, օրինակ՝ սոխը և սխտորը, ինչպես նաև ծխելը։
Բերանի տհաճ հոտից ազատվելու լավագույն միջոցը բերանի խոռոչի պատշաճ խնամքն է, օրինակ՝ ատամմաքրիչներից կանոնավոր կերպով օգտվելը, սնունդ ընդունելուց հետո բերանը ողողելը, օրական երկու անգամ ատամները խոզանակով մաքրելը (ներառյալ՝ լեզուն) և շատ ջուր խմելը։
Եթե բերանի տհաճ հոտը երկար ժամանակ կամ ատամների կանոնավոր մաքրելուց չի անհետանում, դիմեք ձեր ատամնաբույժին։
Իմացե՛ք ավելին բերանի տհաճ հոտի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-03-2019
Վերջին վերանայում՝ 05-05-2024