Skip to main content

Լնդախտ - Մարսողական հիվանդություններ

Լնդային հիվանդությունն առաջանում է, երբ ձեր ատամները շրջապատող և պահող հյուսվածքը՝ լինդը վարակային բնույթի բորբոքվում է:

Լնդային հիվանդության ախտանիշները ներառում են բորբոքումը, կարմրությունը, արյունահոսությունը, վատ շնչառությունը (տհաճ հոտ) և լնդերի փխրունությունը: Ձեր ատամները և լնդերն օրական երկու անգամ խոզանակով մաքրելը կարող է կանխարգելել լնդային հիվանդության առաջացումը:

Ի՞նչը կարող է պատճառել լնդային հիվանդություն

Լնդային հիվանդությունն առաջանում է ատամնափառից, որը ատամների վրա պարբերաբար առաջացող միկրոբային կպչուն շերտ է: Ատամնափառը գրգռում է լնդերը՝ առաջացնելով հեշտ սկսվող արյունահոսություն: Լնդերը սկսում են հեռանալ ատամից, ինչի արդյունքում էլ ատամնափառը ներթափանցում է նաև լնդի տակ։

Եթե ատամնափառը խոզանակով չի մաքրվում, այն դառնում է ավելի կարծր և ավելի է գրգռում լնդերը: Պնդացած կամ քարացած փառը կոչվում է ատամնաքար, որը սովորաբար առաջանում է լնդեզրից վերև կամ լնդի տակ: Ատամնաքարերի վրա նույնպես մանրէներ կան: Ատամնաքարերն իրենց կարծրությամբ և միկրոբներով խորացնում են լնդերի ախտահարումը: Դրանք կարող են հեռացվել ոչ թե ատամի խոզանակով, այլ միայն ատամնաբույժի կողմից:

Լնդային հիվանդության տեսակները

Տարբերում են լնդային հիվանդության երկու տեսակ՝ գինգիտվիտ և պերիоդոնտիտ, որոնք կարելի է դիտարկել նաև նույն ախտահարման երկու հաջորդական փուլեր:

Գինգիվիտ

Գինգիվիտը լնդի ախտահարման սկզբնական՝ մեղմ փուլն է: Այն արտահայտվում է լնդերի կարմրությամբ և այտուցվածությամբ: Գինգիվիտը նաև դրսևորվում է հեշտացած լնդային արյունահոսությամբ, երբ լնդերն արյունահոսում են ատամները խոզանակով կամ ատամնաթելով մաքրելիս կամ առանց որևէ ակնհայտ պատճառի։ Բերանից տհաճ հոտը նույնպես կարող է ի հայտ գալ որպես գինգիվիտի արդյունք:

Իմացե՛ք ավելին գինգիվիտի մասին:

Պերիоդոնտիտ

Եթե գինգիվիտը չի բուժվում, այն ավելի է խորացնում լնդային հիվանդությունը՝ զարգացնելով պերիоդոնտիտ: Պերիоդոնտիտը թուլացնում է ատամներին հարող լնդերը, որոնք սկսում են հեռանալ ատամներից, և նրանց միջև առաջացած տարածությունը (լնդագրպանիկ) վերածվում է միկրոբների բազմացման նոր օջախի՝ ավելի խորացնելով լնդախտը: Ժամանակի ընթացքում սկսում են քայքայվել ատամի հենարանային համակարգի մաս կազմող ոսկրային և լնդային հյուսվածքները, որի արդյունքում ատամները դառնում են շարժուն, առաջանում են միջատամնային ճեղքեր, լնդերի արյունահոսություն և հետքաշում (լինդը հեռանում է ատամից, ինչի հետևանքով ատամներն ավելի երկար տեսք են ունենում)։

Իմացե՛ք ավելին պերիօդոնտիտի մասին:

Ինչպե՞ս կանխարգելել լնդային հիվանդությունը

Լնդային հիվանդությունը կանխարգելելու համար պարզապես օրը երկու անգամ նուրբ կերպով մաքրեք ձեր ատամները խոզանակով և ֆլյոուրիդացված մածուկով։ Նույնիսկ եթե ատամները մաքրելիս լնդերն արնահոսում են, միևնույն է, շարունակեք օրական երկու անգամ ատամների մաքրումը։

Դուք պետք է նաև կանոնավոր կերպով այցելեք ձեր ատամնաբույժին՝ ատամները ստուգելու և առկա ատամնաքարերը մաքրելու համար։

Լնդային հիվանդության ախտորոշումը և բուժումը

Ատամնաբույժը կզննի ձեր ատամները և լնդերը։ Նա կարող է նշանակել նաև ծնոտի ռենտգեն նկարահանում։ Ատամնաբույժը հավանաբար կմաքրի նաև ատամների փառը, առկա ատամնաքարերը և խորհուրդ կտա, թե ինչպես ճիշտ մաքրել ձեր ատամները։ Նա նաև կնշանակի ատամների արմատների բուժում՝ ուղղված դրանց բակտերիալ բորբոքման դեմ։

Դուք կարող եք օգնել բուժմանը՝ կանոնավոր և լիարժեք կերպով մաքրելով ձեր ատամները, դադարեցնելով ծխելը (եթե ծխող եք) և պարբերաբար այցելելով ձեր ատամնաբույժին։

Արդյոք լնդային հիվանդությունը բուժվո՞ւմ է

Գինգիվիտը կարող է բուժվել առանց մնայուն հետևանքների։ Պերիоդոնտիտը չի բուժվում, սակայն կարող է վերահսկվել, որ դանդաղեցվի կամ դադարեցվի ատամի կորուստը։

Ե՞րբ դիմել ատամնաբույժին

Ատամնաբույժին հարկավոր է այցելել պարբերաբար՝ ատամները և լնդերը ստուգելու համար։ Եթե ձեր լնդերն այտուցված կամ արյունահոսում են, առանց հապաղելու դիմեք ձեր ատամնաբույժին։

Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024