Առողջական խնդիրներ

Գինեկոմաստիա («տղամարդու կրծքեր»)

Գինեկոմաստիա («տղամարդու կրծքեր»)

Time Read 4 րոպե

Գինեկոմաստիան հիվանդություն է, որը տղամարդկանց մոտ բերում է կրծքագեղձերի բարորակ (ոչ քաղցկեղածին) մեծացում​:

Սա բավականին տարածված և սովորաբար ոչ ծանր ընթացքով հիվանդություն է: Այնուամենայնիվ, եթե գինեկոմաստիան ձեզ մոտ առաջացնում է անհանգստություն, անախորժություն կամ հոգեկան տհաճ վիճակ, դուք կարող եք դիմել բժշկին՝ դեղորայքային կամ պլաստիկ վիրահատությամբ բուժելու համար:

Ի՞նչ է գինեկոմաստիան

Գինեկոմաստիան տղաների և տղամարդկանց մոտ կրծքագեղձերի հյուսվածքի այտուցն է: Այն կարող է ի հայտ գալ նրանց մեկ կամ երկու կրծքագեղձերում: Նման վիճակը հաճախ զարգանում է էստրոգեն և տեստոստերոն հորմոնների միջև բնական անհավասարակշռության պատճառով, մասնավորապես, ծնվելուց հետո, սեռահասունացման շրջանում կամ մեծահասակ տարիքում: Սա կոչվում է ֆիզիոլոգիական գինեկոմաստիա:

Ֆիզիոլոգիական գինեկոմաստիան խիստ տարածված է. տղաների ավելի քան կեսի մոտ այն առաջանում է սեռահասունացման շրջանում, սակայն տարիքի հետ ինքնուրույն անհետանում է (75%-ի մոտ՝ ի հայտ գալուց 2 տարվա ընթացքում): Մեծ տարիքով 3 տղամարդկանցից 1-ի մոտ նույնպես կարող է ի հայտ գալ գինեկոմաստիա:

Էնդոկրին (ներզատական) համակարգի էստրոգեն/տեստոստերոն հարաբերակցության բարձրացման խանգարումները գինեկոմաստիայի առաջացման հաճախ հանդիպող պատճառներ են, թեև կրծքագեղձերի մեծացում կարող է զարգանալ նաև այն դեպքում, երբ անդրոգենների և էստրոգենների մակարդակները նորմայի մեջ են, սակայն խախտված է նրանց հարաբերակցությունը:

Գինեկոմաստիա կարող է պատճառվել նաև հորմոնային տեղաշարժեր առաջացնող դեղեր ընդունելիս: Օրինակներից են՝ Մեթադոն, անաբոլիկ ստերոիդներ, ՄԻԱՎ-ի դեղեր, սրտային դեղեր (օրինակ՝ կալցիումական անցուղիների պաշարիչներից՝ Վերապամիլ, Ամլոդիպին և Նիֆեդիպին), հակաբիոտիկներ (օրինակ՝ Մետրոնիդազոլ), հակասնկային դեղեր (օրինակ՝ Կետոկոնազոլ), քիմիոթերապիայի դեղեր, միզամուղներ (ալդոստերոնի անտագոնիստներից՝ Սպիրոնոլակտոն և Էպլերենոն), ինչպես նաև դեպրեսիայի (օրինակ՝ եռցիկլիկ հակադեպրեսանտներից՝ Ամպիտրիպտիլին), բարձր արյան ճնշման, սրտխառնոցի կամ ստամոքսի խոցի (օրինակ՝ Ցիմետիդին և Օմեպրազոլ), շագանակագեղձի քաղցկեղի բուժման դեղեր (օրինակ՝ անդրոգեն նվազեցնող բուժումներ): Մարիխուանան և ալկոհոլը նույնպես կարող են առաջացնել կրծքագեղձերի հյուսվածքի գերաճ: Գինեկոմաստիա կարող են առաջացնել նաև որոշ խոտաբույսեր (օրինակ՝ Լավանդա, Թեյի ծառի յուղ և Դոնգ քուայ):

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, թե արդյոք կարիք կա՞ դադարեցնել գինեկոմաստիա առաջացնող որևէ դեղ ընդունելը, սակայն դուք ինքնուրույն երբեք մի դադարեցրեք բժշկի նշանակումները:

Գինեկոմաստիայի ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են՝ ժառանգական (գենետիկ) հիվանդություններ (օրինակ՝ Կլայնֆելտերի համախտանիշ), քրոնիկ երիկամային կամ լյարդային հիվանդություններ, մալաբսորբցիայի բերող հիվանդություններ (օրինակ՝ ցիստիկ ֆիբրոզ կամ խոցային կոլիտ), գեղձերի ուռուցքային հիվանդություններ (օրինակ՝ ամորձիների (Պետց-Ջագերսի համախտանիշ), մակերիկամների կամ հիպոֆիզի):

Գինեկոմաստիայի ախտանիշները

Գինեկոմաստիան դրսևորվում է տղամարդկանց մոտ կրծքագեղձերի մեծացմամբ՝ պտուկի արեոլայի տակ շոշափվող փափուկ, սեղմվող և շարժուն ենթամաշկային հյուսվածքով, որը տարբերվում է ավելի փափուկ ճարպային հյուսվածքից:

Կարող են մեծանալ ինչպես մեկ այնպես էլ երկու կրծքագեղձերը, սակայն գինեկոմաստիան տրաբերվում է գիրությանն ուղեկցող կրծքագեղձերի մեծացումից, որի պատճառը ճարպային, այլ ոչ թե գեղձային հյուսվածքի գերաճն ու կուտակումն է:

Մաշկի փոսությունը և պտուկի ներքաշումը չեն համարվում գինեկոմաստիային բնորոշ նշաններ. սա ավելի շուտ տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշ է: Պտուկից կաթնային արտադրությունը նույնպես չի համարվում գինեկոմաստիային բնորոշ նշան, սակայն կարող է լինել, եթե գինեկոմաստիայի պատճառ է հանդիսացել պրոլակտին արտադրող ուռուցքը։

Գինեկոմաստիայի այլ հնարավոր նշաններից են նաև կրծքավանդակի հյուսվածքի անահմաչափությունը և հարպտկային շրջանի տրամագծի մեծացումը։

Գինեկոմաստիա ունեցող տղամարդիկ կարող են լինել անհանգիստ կամ սթրեսի ենթարկված՝ հնարավոր կրծքագեղձի քաղցկեղի կասկածի կամ կրծքի կանացի տիպի փոփոխության պատճառով:

Գինեկոմաստիայի ախտորոշումը

Եթե անհանգստացած եք ձեզ մոտ գինեկոմաստիայի առկայության կասկածով, ապա դիմեք ձեր բժշկին: Նա ձեզ կարող է հարցեր տալ՝ ձեր ընդունած դեղերի վերաբերյալ, ինչպես նաև նշանակել արյան հետազոտություն կամ մամոգրաֆիա:

Այլ, այդ թվում՝ չարորակ հիվանդությունները բացառելու համար ձեզ կարող են նշանակվել նաև կրծքագեղձերի սոնոգրաֆիկ հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) կամ բիոպսիա:

Գինեկոմաստիայի բուժումը

Հաճախ գինեկոմաստիան ինքնուրույն վերանում է: Սա կարող է տևել սկսած 6 ամսից մինչև 2 տարի: Եթե գինեկոմաստիայի պատճառը դեղերն են, ապա դրանց ընդունումը դադարեցնելը կօգնի այս վիճակի մեղմացմանը կամ վերացմանը: Եթե գինեկոմաստիան առաջանում որպես որևէ հիվանդության կամ առողջական խնդրի դրսևորում, ապա հիմնական վիճակի բուժումը նույնպես կարող է բերել տեղամարդկանց կրծքագեղձերի փոքրացման:

Գինեկոմաստիան կարող է պատճառել ցավ, անհանգստություն կամ հոգեկան անախորժ վիճակ: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել բուժում: Հայտնի են որոշ դեղեր, որոնք տղամարդկանց մոտ կարող են կրճատել կրծքագեղձերի չափսերը, սակայն դրանք արդյունավետ չեն բոլոր մարդկանց համար: Օրինակ, մեծահասակների մոտ ցավոտ գինեկոմաստիաների դեպքում բժիշկը կարող է նշանակեl Տամքսիֆեն, սեռահասունացման շրջանում՝ արոմատազի ինհիբիտորները (օրինակ՝ Անաստրոզոլ) և այլն:

Եթե դեղերով բուժումը 2 տարվա ընթացքում որևէ արդյունք չի տալիս, ապա այն համարվում է ոչ արդյունավետ։

Մեկ այլ տարբերակ է կրծքագեղձի փոքրացման վիրահատությունը, երբ հեռացվում է կուտակված ճարպային հյուսվածքը կամ գեղձային հյուսվածքը: Նման դեպքերում բժիշկը ձեզ կուղեգրի պլաստիկ վիաբույժի խորհրդատվության:

Եթե գինեկոմաստիան ի հայտ է եկել դեռահաս տղաների մոտ, ապա կարիք կառաջանա համբերել և սպասել, մինչև նրա սեռահասունացումը լիարժեք կավարտվի:

Ե՞րբ դիմել բժշկի

Կարևոր է այցելել ձեր բժշկին, եթե դուք ունեք՝

  • կրծքագեղձի այտուցվածություն
  • կրծքագեղձերի շրջանում ցավ կամ պնդոտություն
  • մեկ կամ երկու կրծքագեղձերի պտուկներից արտադրություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-04-2020 վերանայվել է՝ 26-01-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: