Գինեկոմաստիայի դեպքերի մեծ մասը ժամանակի ընթացքում անհետանում է առանց բուժման:
Այնուամենայնիվ, եթե գինեկոմաստիան առաջանում է մեկ այլ հիվանդության պատճառով, ինչպիսիք են հիպոգոնադիզմը, թերսնուցումը կամ ցիռոզը, հիմքում ընկած վիճակը կարող է բուժման կարիք ունենալ:
Եթե դուք դեղեր եք ընդունում, որոնք կարող են գինեկոմաստիայի պատճառ դառնալ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դադարեցնեք դրանք կամ փոխարինեք այլ դեղամիջոցով:
Դեռահասների մոտ, ովքեր չունեն գինեկոմաստիայի ակնհայտ պատճառ, բացառությամբ սեռական հասունացման ընթացքում հորմոնների բնական տեղաշարժերը, բժիշկը կարող է խորհուրդ տալ կատարել պարբերական՝ երեքից վեց ամիսը մեկ կրկնակի գնահատում՝ ստուգելու, թե արդյոք տվյալ վիճակն ինքնուրույն բարելավվում է: Գինեկոմաստիան դեռահասների մոտ հաճախ անհետանում է առանց բուժման երկու տարուց պակաս ժամկետում:
Բուժման կարիք կարող է առաջանալ, եթե գինեկոմաստիան ինքնուրույն չի բարելավվում կամ զգալի ցավ, ցավոտություն կամ անհանգստություն է առաջացնում:
Դեղորայքային բուժում
Կրծքագեղձի քաղցկեղի և այլ վիճակների բուժման համար օգտագործվող դեղամիջոցները կարող են օգտակար լինել գինեկոմաստիա ունեցող որոշ տղամարդկանց համար: Դրանք ներառում են՝
- Տամոքսիֆեն (Սոլտրամոքս)
- Արոմատազի արգելակիչներ, ինչպիսին է Անաստրոզոլը (Արիմիդեքս):
Չնայած այս դեղամիջոցները հաստատված են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից (FDA), դրանք հատուկ հաստատված չեն գինեկոմաստիա ունեցող տղամարդկանց օգտագործման համար:
Ավելորդ կրծքագեղձային հյուսվածքի հեռացման վիրահատություն
Եթե կրծքագեղձերի մեծացումը զգալի և անհանգստացնող է նույնիսկ նախնական բուժումից կամ դիտարկումից հետո, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ վիրահատություն:
Վիրաբույժն ըստ ցուցման կարող է ընտրել գինեկոմաստիայի վիրահատության երկու տարբերակներից մեկնումեկը:
- Լիպոսակցիա. այս վիրահատությամբ հեռացվում է կրծքագեղձի ճարպը, բայց ոչ՝ կրծքագեղձի հյուսվածքը:
- Մաստէկտոմիա. այս տեսակի վիրահատությամբ հեռացնում է կրծքագեղձի հյուսվածքը: Վիրահատությունը հաճախ կատարվում է միայն փոքր կտրվածքների միջոցով: Այս ոչ այնքան ինվազիվ վիրահատության տեսակը պահանջում է ավելի քիչ վերականգնման ժամանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024