Գինեկոմաստիան հրահրվում է տեստոստերոն հորմոնի քանակի նվազմամբ՝ համեմատած էստրոգենի հետ։
Տեստոստերոն-էստրոգեն հարաբերակցության կրճատումը կարող է պայմանավորված լինել այնպիսի վիճակներով, որոնք արգելափակում են տեստոստերոնի ազդեցությունը, նվազեցնում տեստոստերոնի քանակը կամ բարձրացնում էստրոգենի մակարդակը:
Մի քանի բան կարող է խախտել այս հորմոնների հավասարակշռությունը, ներառյալ հետևյալը:
Բնական հորմոնային փոփոխություններ
Տեստոստերոն և էստրոգեն հորմոնները վերահսկում են սեռական հատկանիշներն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Տեստոստերոնը վերահսկում է արական հատկանիշները, ինչպիսիք են մկանային զանգվածը և մարմնի մազերը: Էստրոգենը վերահսկում է իգական հատկանիշները, այդ թվում՝ կրծքագեղձի աճը:
Մարդկանց մեծամասնությունը էստրոգենը համարում է բացառապես կանացի հորմոն, սակայն տղամարդիկ նույնպես արտադրում են այն, թեև՝ սովորաբար փոքր քանակությամբ: Արական էստրոգենի մակարդակը, որը չափազանց բարձր է կամ տեստոստերոնի մակարդակի հետ հավասարակշռված չէ, կարող է առաջացնել գինեկոմաստիա:
- Գինեկոմաստիա նորածինների մոտ. արական սեռի նորածինների կեսից ավելին ծնվում է մեծացած կրծքագեղձերով՝ մորից ստացած էստրոգենի ազդեցության պատճառով: Ընդհանուր առմամբ, կրծքագեղձի այտուցված հյուսվածքն անհետանում է ծնվելուց հետո երկու-երեք շաբաթվա ընթացքում:
- Գինեկոմաստիա սեռական հասունացման ժամանակ. գինեկոմաստիան, որն առաջանում է սեռահասունացման ժամանակ հորմոնային փոփոխությունների հետևանքով, համեմատաբար տարածված է: Շատ դեպքերում կրծքագեղձի այտուցված հյուսվածքը բարելավվում է առանց բուժման վեց ամսից երկու տարվա ընթացքում:
- Գինեկոմաստիա չափահասների մոտ. հետազոտողները գնահատել են, որ 50-ից 80 տարեկան տղամարդկանց շրջանում գինեկոմաստիայի տարածվածությունը կազմում է 24-65%: Այնուամենայնիվ, այս վիճակն ունեցող տղամարդկանց մեծ մասը որևէ ախտանիշ չի զգում:
Դեղամիջոցներ
Բազմաթիվ դեղամիջոցներ կարող են գինեկոմաստիա առաջացնել: Դրանք ներառում են հետևյալը՝
- հակաանդրոգեններ, որոնք օգտագործվում են մեծացած շագանակագեղձի, շագանակագեղձի քաղցկեղի և այլ հիվանդությունների բուժման մեջ, ինչպիսիք են Ֆլումիդը, Ֆինաստերիդը (Պրոսկար, Պրոպեցիա) և Սպիրոնոլակտոնը (Ալդակտոն, Կարոսպիր)
- անաբոլիկ ստերոիդներ և անդրոգեններ, որոնք օգտագործվում են հորմոնային անբավարարության, սեռահասունացման հետաձգման կամ այլ հիվանդության պատճառով մկանային զանգվածի կորստի բուժման համար
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեաղմիջոցներ, որոնք ունեն էստրոգենատիպ ազդեցություն, օրինակ՝ Էֆավիրենզ (Սուստիվա)
- ՈւՊԳՀ դեղամիջոցներ, որոնք պարունակում են ամֆետամիններ, ինչպիսին է Ադդերալը
- հակատագնապային դեղամիջոցներ, օրինակ՝ Դիազեպամ (Վալիում)
- եռացիկլիկ հակադեպրեսանտներ
- հակաբիոտիկներ
- խոցային հիվանդության բուժման դեղամիջոցներ, ինչպիսին է Ցիմետիդինը (Տագամետ HB)
- քիմիոթերապիայի դեղեր
- սրտային դեղամիջոցներ, օրինակ՝ Դիգօքսին (Լանօքսին) և կալցիումական անցուղիների պաշարիչներ
- ստամոքսը դատարկող դեղամիջոցներ, օրինակ՝ Մետոկլոպրամիդ (Ռեգլան):
Ժամանցային թմրամիջոցներ, ապօրինի թմրամիջոցներ և ալկոհոլ
Նյութերը, որոնք կարող են գինեկոմաստիա առաջացնել, ներառում են`
- ալկոհոլ
- անաբոլիկ ստերոիդներ, որոնք օգտագործվում են մկանային աճը խթանելու և մարզական կատարողականը բարելավելու համար
- ամֆետամիններ
- մարիխուանա
- հերոին
- Մեթադոն (Մեթադոզ):
Առողջական վիճակներ
Մի շարք առողջական վիճակներ կարող են առաջացնել գինեկոմաստիա՝ ազդելով հորմոնների հավասարակշռության վրա: Դրանք ներառում են հետևյալը:
- Հիպոգոնադիզմ. այն վիճակները, որոնք նվազեցնում են տեստոստերոնի արտադրությունը, ինչպիսիք են Կլայնֆելտերի համախտանիշը կամ մակուղեղային (հիպոֆիզային) անբավարարությունը, կարող են կապված լինել գինեկոմաստիայի հետ:
- Ծերացում. հորմոնային տեղաշարժերը, որոնք ուղեկցում են ծերացմանը, կարող են առաջացնել գինեկոմաստիա, հատկապես՝ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց մոտ:
- Ուռուցքներ. որոշ ուռուցքներ, ինչպիսիք են ամորձիներինը, մակերիկամներինը կամ մակուղեղինը (հիպոֆիզ), կարող են արտադրել հորմոններ, որոնք փոփոխում են իգական-արական հորմոնների հավասարակշռությունը:
- Հիպերթիրեոզ (թիրեոտոքսիկոզ). գերակտիվ վահանաձև գեղձը արտադրում է չափազանց մեծ քանակությամբ թիրոքսին հորմոն:
- Երիկամային անբավարարություն. դիալիզի միջոցով բուժվողների մոտ կեսի մոտ զարգանում է գինեկոմաստիա հորմոնային փոփոխությունների պատճառով:
- Լյարդային անբավարարություն և ցիռոզ. հորմոնների մակարդակների փոփոխությունները՝ պայմանավորված լյարդային խնդիրների և ցիռոզի հետ կապված դեղամիջոցներով, կարող են հանգեցնել գինեկոմաստիայի:
- Թերսնուցում և սովահարություն. երբ ձեր օրգանիզմը զրկված է համարժեք սնուցումից, տեստոստերոնի մակարդակը նվազում է, մինչդեռ էստրոգենի մակարդակը մնում է նույնը, ինչը հանգեցնում է հորմոնային անհավասարակշռության: Գինեկոմաստիա կարող է առաջանալ նաև նորմալ սնուցման վերականգնման ժամանակ:
Բուսական ապրանքներ
Բուսական յուղերը, ինչպիսիք են թեյի ծառի կամ նարդոսինը, որոնք օգտագործվում են շամպունների, օճառների կամ լոսյոնների մեջ, կապված են գինեկոմաստիայի հետ: Սա, հավանաբար, պայմանավորված է դրանց թույլ էստրոգենիկ ակտիվությամբ:
Ռիսկի գործոններ
Գինեկոմաստիայի ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները՝
- դեռահասություն
- մեծ տարիք
- մարզական ցուցանիշները բարելավելու համար անաբոլիկ ստերոիդների օգտագործում
- որոշակի առողջական խնդիրներ, ինչպիսիք են լյարդային և երիկամային հիվանդությունները, վահանաձև գեղձի խանգարումները, հորմոն-ակտիվ ուռուցքները և Կլայնֆելտերի համախտանիշը:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024