Գլիկոզիլացված հեմոգլոբինը (HbA1c) արյան թեստ է, որն օգնում է դիաբետի ախտորոշմանը և դիաբետով հիվանդների վերահսկմանը։
Այն երբեմն անվանում են նաև հեմոգլոբին A1c, գլիկացված հեմոգլոբին կամ գլիկոհեմոգլոբին։
Ի՞նչն են հետազոտում
HbA1c-ը արյան գլյուկոզի և հեմոգլոբինի միացություն է, որն առաջանում է, երբ հեմոգլոբինը գլիկոզիլացվում է՝ միանում է գլյուկոզին։ Հեմոգլոբինն արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) սպիտակուցն է, որը թթվածինը տեղափոխում է դեպի հյուսվածքներ։ HbA1c քանակն, այսպիսով, ուղղակիորեն կապված է արյան գլյուկոզի քանակի հետ։
Արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտներ) ապրում են մինչև 4 ամիս, ուստի HbA1c ցույց է տալիս, թե ինչքան շաքար (գլյուկոզ) եք ունեցել ձեր արյան մեջ վերջին մի քանի ամսվա ընթացքում։ HbA1c-ը տարբերվում է արյան գլյուկոզի թեստից, որը չափում է, թե ինչքան շաքար ունեք ձեր արյան մեջ արյան նմուշը վերցնելու պահին։
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
HbA1c թեստը ցույց է տալիս, թե վերջին մի քանի ամսվա ընթացքում ինչքան հաջող կերպով է ձեր շաքարային դիաբետը կառավարվել։ Դիաբետի կառավարում ասելով նկատի ունենք հիվանդության բուժումը և արյան գլյուկոզի հսկողությունը։ HbA1c նաև կարող է օգտագործվել դիաբետն ախտորոշելիս։
Դիաբետով մարդկանց խորհուրդ է տրվում թեստը կրկնել յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ կամ հսկողությունից դուրս մնալու դեպքում՝ ավելի հաճախ։ Սա շատ կարևոր է։ Որքան բարձր է HbA1c, այդքան ավելի է բարձրանում ձեր աչքերի և երիկամների հետ կապված դիաբետի բարդությունները։
Ինչպե՞ս նախապատրաստվել այս թեստին
HbA1c թեստը որևէ նախապատրաստություն չի պահանջում։
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Եթե ձեզ մոտ երբևէ դիաբետ չի ախտորոշվել, HbA1c-ի 6,5% կամ ավելի բարձր արդյունքը կարող է վկայել դիաբետի առկայության մասին։ Եթե ձեր պատասխանն այս մակարդակից ավելի ցածր է, դիաբետը հաստատելու կամ ժխտելու համար բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ թեստեր։
Եթե ունեք դիաբետ, բժիշկը սովորաբար ձգտում է ձեր HbA1c մակարդակը պահպանել 6,5-7,0% միջակայքում։ Եթե HbA1c 7,0%-ից բարձր է, ձեր բժիշկը կարող է վերանայել ձեր բուժումը և խստացնել հիվանդության վերահսկումը։
Կան որոշ հիվանդություններ, օրինակ՝ սակավարյունություն (անեմիա), որոնք կարող են ախտահարել արյան կարմիր գնդիկները և ազդել HbA1c-ի մակարդակի վրա։ Ուստի, անկախ թեստ արդյունքից, քննարկեք այն ձեր բժշկի հետ։
Լրացուցիչ տեղեկատվություն
HbA1c թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք HbA1c թեստի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան թեստերի մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որ ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 28-04-2024