Առողջական խնդիրներ

Գլխի ոջիլ (պեդիկուլյոզ)

Գլխի ոջիլ (պեդիկուլյոզ)

Time Read 2 րոպե

Գլխի ոջիլները մանր թևազուրկ մակաբույծ-միջատներ են, որոնք սնվում են մարդու արյունով:

Ոջիլները ինքնին վտանգ չեն ներկայացնում և հիվանդություններ չեն տարածում, սակայն, խայթելով մաշկը, կարող են առաջացնել քոր և երբեմն մաշկի գրգռվածություն։

Ինչպե՞ս են գլխի ոջիլները տարածվում

Գլխի ոջիլները հաճախ հանդիպում են երեխաների մոտ, սակայն կարող են հայտնաբերվել նաև չափահասների շրջանում։

Գլխի ոջիլները կարող են մի մարդուց մյուսին փոխանցվել գլխի մազերի խնամքի պարագաների միջոցով՝ սանր, մազերի խոզանակ և այլն։ Հետազոտությունները վկայում են, որ ոջլոտությունը գլխարկով չի տարածվում։

Ապրելու համար գլխի ոջիլները տաք միջավայրի և արյան կարիք ունեն։ Հայտնվելով հագուստի, սպիտակեղենի կամ անձնական օգտագործման այլ պարագաների վրա, դրանք երկար չեն գոյատևում։

Գլխի ոջլոտության ախտանիշները

Ոջիլները արյուն ծծելիս իրենց թուքը ներարկում են տիրոջ մարմնի մեջ՝ որոշ դեպքերում առաջացնելով ուժեղ մաշկային քոր։ Մաշկային խայթոցները նաև կարող են առաջացնել տվյալ շրջանի գրգռվածություն և կարմրություն, որն ավելի է սաստկացնում քորը։

Գլխի ոջիլ ունեցող մարդու գլխի մազերը և մազածածկ մաշկը զննելիս կարող եք նկատել ինչպես ոջիլները, այդպես էլ դրանց ձվերը (անիծ)։ Անիծներն ունեն մանր սպիտակ կետերի տեսք, որոնք ամուր կպած են մազերին։ Մազերը սանրելիս անիծները չեն մաքրվում։

Գլխի ոջլոտության բուժումը

Գլխի ոջլոտության բուժումը ներառում է ոջիլների և անիծների մեխանիկական հեռացումը (օգտագործելով կոնդիցիոներ և մանր ատամներով սանր) կամ քիմիական միջոցներ։ Երկրորդ դեպքում մազերը մեկ կամ մի քանի անգամ օծվում են հատուկ դեղերով՝ խստագույնս հետևելով օգտագործման կանոններին (մանրակրկիտ կերպով ուսումնասիրեք պիտակը)։

Հոդվածը տեղադրվել է՝ 23-06-2018 վերանայվել է՝ 25-02-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: