Ձեր բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա դեղատոմս չպահանջող դեղամիջոց, որը սպանում է ոջիլները և թրթուրների որոշ մասը:
Այս դեղամիջոցները կարող են չսպանել վերջերս դրված ձվիկները (անիծները): Հետևաբար, համապատասխան ժամանակացույցով երկրորդ բուժումը սովորաբար անհրաժեշտ է սպանելու թրթուները՝ անիծներից դուրս գալուց հետո, սակայն՝ մինչև հասուն ոջիլ դառնալը:
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ առաջին բուժումից 7-ից 9 օր հետո կրկնակի բուժումը երկրորդ բուժման համար լավագույն ժամանակ է, սակայն նաև կան կրկնակի բուժման այլ ժամանակացույցեր: Խնդրեք ձեր բժշկին, որ գրավոր հրահանգներ առաջարկի բուժման ժամանակացույցի համար:
Սովորական արտադրանքներ
Գլխի ոջիլի բուժման համար մատչելի դեղամիջոցները ներառում են հետևյալը:
- Պերմետրին (Նիքս). Պերմետրինը պիրետրինի սինթետիկ տարբերակն է, որը քրիզանթեմի ծաղկից ստացված քիմիական միացություն է: Պերմետրինը թունավոր է ոջիլների համար։ Պերմետրին օգտագործելուց առաջ պետք է երեխայի մազերը լվանալ շամպունով, բայց ոչ՝ կոնդիցիոներով: Մազերը լվանալուց առաջ սպիտակ քացախով մազերն օծելը կարող է օգնել լուծելու սոսինձը, որի օգնությամբ ձվիկները (անիծ) կպչում են մազերի ցողուններին: Դեղորայքը թողեք մազերի մեջ պիտակում նշված ժամանակահատվածում: Այնուհետև լվացեք ձեր երեխայի մազերը: Պերմետրինը չի սպանում անիծը, և բուժումը պետք է կրկնվի առաջին կիրառումից 9-10 օր հետո: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել գլխի կարմրություն և քոր:
- Իվերմեկտին (Սկլիս). Իվերմեկտինը թունավոր է ոջիլների համար: Լոսյոնը հաստատված է 6 ամսական և ավելի մեծ երեխաների և չափահասների օգտագործման համար: Այն կարելի է մեկ անգամ քսել չոր մազերին, ապա 10 րոպե հետո լվանալ ջրով։
Ավելի ուժեղ ազդող դեղամիջոցներ
Որոշ շրջաններում ոջիլները դիմադրություն են զարգացրել սովորական դեղամիջոցների նկատմամբ: Նման բուժումը նաև կարող է ձախողվել սխալ օգտագործման պատճառով, ինչպիսին է բուժումը նշված ժամանահատվածից հետո չկրկնելը:
Եթե վերոնշյալ բուժման ճիշտ օգտագործումը ձախողվել է, ձեր բժիշկը կարող է նշանակել ավելի ուժեղ ազդող դեղամիջոցներ: Դրանք ներառում են հետևյալը:
- Սպինոսադ (Նատրոբա). Սպինոսադը հաստատված է 6 ամսական և ավելի մեծ երեխաների և չափահասների համար: Այն կարելի է քսել չոր մազերին և 10 րոպե հետո լվանալ տաք ջրով։ Այն սպանում է ոջիլներն ու անիծները և սովորաբար կրկնակի բուժման կարիք չունի:
- Մալաթիոն. Մալաթիոնը հաստատված է չափահասների և 2 տարեկանից բարձր երեխաների համար: Լոսյոնը քսվում է մազերին, թողվում է բնական եղանակով չորանալու համար և 8-12 ժամ հետո լվացվում ջրով: Դեղն ունի ալկոհոլի բարձր պարունակություն, ուստի այն չի կարող օգտագործվել վարսահարդարիչով (ֆեն) կամ բաց կրակի մոտ: Անհրաժեշտության դեպքում Մալաթիոնը կարող է կրկին կիրառվել առաջին բուժումից 7-9 օր հետո:
- Իվերմեկտին (Ստրոմեկտոլ). ի հավելում սովորական լոսյոնի, Իվերմեկտինը նշանակվում է որպես բերանային (օրալ) հաբ: Այն կարող է տրվել ավելի քան 15 կգ կշռող երեխաներին, եթե այլ տեղային բուժումները գլխամաշկը չեն ազատում ոջիլներից:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024