Սրտի կծկման ժամանակ դեպի զարկերակներ արյան մղվելու պահին ձեր զարկերակային ճնշումն ամենաբարձն է, հետո սկսում է աստիճանաբար նվազել։
Արյան կամ զարկերակային ճնշումը չափվում է՝ գրանցելով ամենաբարձր (սիստոլիկ) և ամենացածր (դիաստոլիկ) ցուցանիշները: Այս պատճառով էլ ճնշումը ներկայացվում է երկու թվով՝ վերին (սիստոլիկ) և ստորին (դիաստոլիկ):
Արյան ճնշումը չափվում է սնդիկի սյան միլիմետրերով (մմ ս.ս.):
Արյան ճնշումը կարող է տարբեր օրերին կամ նույնիսկ նույն օրվա մեջ տարբեր ժամերին կամ իրավիճակներում լինել տարբեր: Բժիշկների մեծ մասը չափահաս մարդու ճնշումը համարում է նորմալ, եթե այն չի գերազանցում 120/80 մմ ս.ս.-ը և 90/60 մմ ս.ս.-ից ցածր չէ: Լավագույն ճնշումը համարվում է 120/80 մմ ս.ս.-ը:
Բարձր արյան ճնշում
Որպես կանոն, բարձր արյան ճնշման մասին խոսք գնում է այն դեպքում, երբ գրանցվում են 140/90 մմ ս.ս. կամ ավելի բարձր ցուցանիշներ (արձանագրված նույն բժշկական կենտրոնում առնվազն 2 անգամ):
Զարկերակային ճնշման այսպիսի բարձրացած ցուցանիշների դեպքում ասում են, որ մարդու մոտ առկա է գերճնշում կամ հիպերտենզիա:
Բարձր արյան ճնշման առկայությունը հաստատելու համար բժիշկը նաև կարող է նշանակել արյան ճնշման 24-ժամյա չափման հետազոտություն:
Բարձր արյան ճնշմամբ մարդկանց մեծ մասը կարող է որևէ գանգատ չնշել: Ահա թե ինչու է կարևոր, որ գանգատների բացակայությունից անկախ զարկերակային ճնշումը պարբերաբար չափվի, հատկապես, եթե առկա են հիպերտենզիայի հիմնական ռիսկի գործոններից մեկը կամ, առավել ևս, մի քանիսը:
Մարդկանց մյուս մասի մոտ արյան ճնշման բարձրացումը կարող է առաջացնել որոշ գանգատներ, այդ թվում՝ գլխացավ, գլխապտույտ կամ սրտանոթային հիվանդությունների սուր նշաններ՝ ետկրծոսկրային ցավեր կամ ինսուլտին բնորոշ նշաններ:
Իմացե՛ք ավելին բարձր զարկերակային ճնշման մասին (հիպերտենզիա):
Ինչպե՞ս նվազեցնել բարձր արյան ճնշումը
Առողջ ապրելակերպի ստորև թվարկված միջոցառումները կարող են օգնել, որ դուք նվազեցնեք ձեր արյան ճնշումը և կարողանաք այն պահել նորմալ ցուցանիշների միջակայքում՝
- եղեք ֆիզիկապես ակտիվ
- հետևեք առողջ սննդակարգին
- սահմանափակեք կերակրի աղի օգտագործումը
- եթե ունեք ավելոր քաշ կամ գեր եք, ապա սկսեք կարգավորել ձեր մարմնի քաշը
- կրճատեք ալկոհոլի օգտագործումը
- մի՛ ծխեք:
Իմացե՛ք նաև այն մասին, թե ինչպես նվազեցնել բարձր արյան ճնշումը:
Ցածր արյան ճնշում
Բազմաթիվ բժիշկներ 90/60 մմ ս.ս.-ից ցածր արյան ճնշումը դիտարկում են որպես ցածր արյան ճնշում (թերճնշում կամ հիպոտենզիա):
Որոշ մարդկանց համար ցածր արյան ճնշումը լավ առողջության նշան է: Այդ մարդիկ հիմնականում ունեն մկանեղ մարմնակառուցվածք և նրանց մոտ հաճախ նաև գրանցվում է դանդաղ անոթազարկ (պուլս):
Իմացե՛ք ավելին ցածր զարկերակային ճնշման մասին (հիպոտենզիա):
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024