Չափահասների մոտ սովորաբար քրտնխաշ կամ ջերմային ցան առաջանում է մաշկային ծալքերում և այնտեղ, որտեղ հագուստը քսվում է մաշկին:
Նորածինների մոտ ցանը հիմնականում հանդիպում է պարանոցի, ուսերի և կրծքավանդակի վրա։ Այն կարող է դրսևորվել նաև թևատակերում (անութային փոս), արմնկային ծալքերում և աճուկներում:
Տեսակները
Ջերմային ցանի տեսակները դասակարգվում են ըստ այն բանի, թե որքան խորն է քրտինքը թափանցել մաշկի մեջ: Յուրաքանչյուր տեսակ բնութագրվում է իրեն բնորոշ գանգատներով ու ախտանիշներով:
- Ջերմային ցանի ամենաթեթև ձևը կոչվում է բյուրեղային քրտնախաշ (miliaria crystallina): Այն առաջանում է, երբ քրտնագեղձերի ծորանների մաշկի մակերևույթի վրա բացվող անցքերը խցանված են: Այս ձևը բնորոշվում է թափանցիկ հեղուկով լցված մանր բշտիկներով, որոնք հեշտությամբ բացվում են:
- Եթե ախտահարվում են մաշկի ավելի խորը շերտերը, ջերմային ցանը կոչվում է կարմիր քրտնախաշ (miliaria rubra կամ prickly heat): Գանգատներն ու ախտանիշներն են՝ փոքր, բորբոքված բշտիկներ և ախտահարված շրջանի ցավ կամ ծակծկոցներ:
- Երբեմն, կարմիր քրտնախաշի բորբոքված բշտիկները լցվում են թարախով: Այս ձևը կոչվում է թարախաբշտիկային քրտնախաշ (miliaria pustulosa):
- Ջերմային ցանի ամենահազվադեպ ձևը կոչվում է խորը քրտնախաշ (miliaria profunda), որն ախտահարում է մաշկի ամենախորը շերտերը (բուն մաշկ կամ դերմա): Այն առաջացնում է պինդ, ցավոտ կամ քոր առաջացնող բորբոքված թմբիկներ կամ բշտեր, որոնք կարող են բացվել:
Ե՞րբ դիմել բժշկին
Ջերմային ցանը սովորաբար լավանում է սառեցնելով մաշկը և խուսափելով դրա առաջացրած ջերմությունից: Այցելեք ձեր բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունեք ախտանիշներ, որոնք տևում են մի քանի օրից ավելի կամ ցանը ըստ ձեզ վատթարանում է:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-02-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024