Ջերմային ցանը կամ քրտնախաշը (միլիարիա) անվտանգ, սակայն սաստիկ քոր առաջացնող մաշկային ցան է:
Այն սովորաբար հայտնվում է մարմնի այլ շրջաններում, որտեղ կուտակվում է քրտինք՝ թևատակեր (անութային շրջան), թիկունք, կրծքագեղձերի տակ, կրծքավանդակ, աճուկային ծալքեր, շեք, արմնկային ու ծնկային ծալքեր կամ դաստակ:
Ջերմային ցանը կամ քրտնախաշն առաջանում է, երբ ձեր մարմինը քրտնում է սովորականից ավելի առատ, ուստի սովորաբար ի հայտ է գալիս ամառային ամսիներին կամ եղանակային շոգ պայմաններում: Քրտնախաշի անմիջական պատճառը տեղային տաք և բարձր խոնավության միջավայրում քրտնածորանների խցանումն է և բորբոքումը, որն առաջացնում է՝
- մանր, ցրված կամ խմբավորված ցանավորում
- մաշկի գրգռվածություն և քոր, երբեմն՝ խաշվելու զգացողություն
- ախտահարված շրջանի կարմրած և թույլ այտուցվածություն:
Քրտնախաշն ավելի հաճախ հանդիպում է նորածին երեխաների շրջանում, որոնց քրտնագեղձերը լիարժեք չեն ձևավորվել ու թույլ են գործում:
Ջերմային ցանի ախտանիշները սովորաբար տևում են 2-3 օր և առանց որևէ բուժման ինքնուրույն անհետանում են: Սակայն, բժիշկը կարող է նշանակել բուժում, եթե կարծում է, որ ցանը վարակված է:
Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք քորի զգացումը մեղմացնող որևէ դեղ օգտագործելու կարիք:
Իմացե՛ք ավելին ամառային մաշկացաների մասին:
Ջերմային ցանի կամ քրտնախաշի բուժումը
Ահա որոշ խորհուդներ, որոնք կարող են օգնել ջերմային ցանի ախտանիշների մեղմացմանը և մաշկի վարակային բարդության կանխարգելմանը:
- Հնարավորության դեպքում փորձեք խուսափել քրտնարտադրությունից: Համոզվեք, որ ձեր բնակարանը կամ սենյակը նորմալ օդափոխվում է:
- Եթե նորածնի մոտ առաջացել է քրտնախաշ, թեթևացրեք նրա շորերը (պարուրելու սավան և այլն) և հոգ տարեք, որպեսզի նրան չպառկեցնեք արհեստական կամ կպչուն ներքնակի վրա (դոշակ):
- Կրեք միայն ազատ և բնական թելից գործված հագուստ, որը կարող է օգնել գերտաքացման և քորի սաստկացման կանխարգելմանը:
- Ընդունեք սառը լոգանք կամ ցնցուղ, որը կարող է ժամանակավորապես մեղմացնել քորի զգացումը: Սակայն մի՛ փորձեք հաճախակի մտնել սառը ցնցուղի տակ, քանի որ ջուրը կարող է մաքրել մաշկի պաշտպանական բնական քսուքը:
- Քորի զգացումը կարող է մեղմացվել նաև որոշ դեղերով: Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ: Նա կարող է առաջարկել կալամինային լոսյոն, հակահիստամինային դեղեր, թույլ ազդեցության հիդրոկորտիզոնային քսուք և այլ միջոցներ:
Մաշկի վարակային բորբոքման դեպքում բժիշկը կարող է ձեզ նշանակել նաև հակաբիոտիկային բուժում:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-06-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024