Եթե ձեր տաք ջերմահորդանքները թեթև են, փորձեք դրանք կառավարել հետևյալ ապրելակերպի փոփոխություններով:
- Զով պահեք ձեր մարմինը. ձեր մարմնի ներքին ջերմաստիճանի նույնիսկ աննշան բարձրացումը կարող է ջերմահորդանքներ առաջացնել: Կրեք թեթև, շերտերով և հեշտ թուլացվող հագուստ, որ կարողանաք հանել վերնահագուստը, երբ տաք եք զգում: Բացեք պատուհանները կամ օգտագործեք օդափոխիչ կամ օդորակիչ: Հնարավորության դեպքում իջեցրեք սենյակի ջերմաստիճանը։ Եթե զգում եք, որ տաք ներհոս է գալիս, սառը ըմպելիք խմեք:
- Հետևեք, թե ինչ եք ուտում և խմում. տաք և կծու սնունդը, կոֆեին պարունակող ըմպելիքները և ալկոհոլը կարող են ջերմահորդանքների առիթ դառնալ: Սովորեք ճանաչել ձեր ախտանիշները խթանող գործոնները և խուսափել դրանցից:
- Կիրառեք միտք-մարմին թերապիա. թեև ապացույցներն անորոշ են, որոշ կանայք թեթև շոգից ազատվում են մտքի և մարմնի թերապիայի միջոցով: Օրինակները ներառում են՝ մեդիտացիա, դանդաղ և խորը շնչառություն, սթրեսի կառավարման մեթոդներ և կառավարվող պատկերացումներ: Նույնիսկ եթե այս մոտեցումները ձեր ջերմահորդանքներին չեն օգնում , դրանք կարող են ապահովել այլ օգուտներ, ինչպիսիք են քնի խանգարումների մեղմացումը, որոնք սովորաբար առաջանում են դաշտանադադարի ժամանակ:
- Մի՛ ծխեք. ծխելը կապված է ջերմահորդանքների ավելացման հետ: Չծխելով՝ դուք կարող եք նվազեցնել ջերմահորդանքները, ինչպես նաև շատ լուրջ առողջական խնդիրների ռիսկը, ինչպիսիք են սրտային հիվանդությունը, ինսուլտը և քաղցկեղը:
- Ազատվեք ավելորդ կիլոգրամներից. եթե ավելորդ քաշ կամ գիրություն ունեք, առողջ նիհարումը կարող է օգնել ջերմահորդանքների թեթևացմանը:
Այլընտրանքային բժշկություն
Բազմաթիվ կանայք դիմում են այլընտրանքային բժշկության մեթոդներին, ներառյալ մտքի և մարմնի հնարքները և սննդային հավելումները, որոնք կարող են զսպել ջերմահորդանքները: Այնուամենայնիվ, այս թեմային առնչվող որակյալ հետազոտությունները քիչ են, թեև վերջին տարիներին առաջընթաց են ապրում:
Մտքի և մարմնի մոտեցումներ
Տարեց տարի ավելացող ապացույցները վկայում են այն բանի օգտին, որ որոշ մեթոդներ կարող են օգնել թեթևացնելու ջերմահորդանքները:
- Կոգնիտիվ վարքաբանական թերապիա (ԿՎԹ). ԿՎԹ-ն անհատական կամ խմբակային խորհրդատվության լայնորեն կիրառվող տեսակ է, որը Հյուսիսային Ամերիկայի դաշտանադադարի միության (ՀԱԴՄ) կողմից խորհուրդ է տրվում որպես ջերմահորդանքների և գիշերային քրտնոտության բուժման արդյունավետ միջոց: ԿՎԹ-ն սովորաբար չի նվազեցնում ջերմահորդանքների հաճախականությունը, բայց կարող է մեղմացնել դրանց պատճառած անհանգստությունը:
- Հիպնոս. ՀԱԴՄ-ը խորհուրդ է տալիս ջերմահորդանքների բուժման համար կիրառել հիպնոս: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հիպնոսը կարող է օգնել ջերմահորդանքների հաճախականության նվազեցմանը և գանգատների մեղմացմանը:
- Գիտակցվածության մեդիտացիա. այս տեսակի մեդիտացիան թույլ է տալիս ուշադրության կենտրոնացնել այն ամենի վրա, ինչ կատարվում է ամեն վայրկյան: Այս մեթոդը գուցե չի թեթևացնում է ջերմահորդանքները, սակայն կարող է օգնել գանգատների ավելի հեշտ տանելուն:
- Ասեղնաբուժություն. որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ասեղնաբուժությունը կարող է կրճատել ջերմահորդանքների ուժգնությունը և հաճախականությունը, սակայն առկա տվյալները հակասական են:
Սննդային հավելումներ
Մարդիկ հաճախ ենթադրում են, որ «բնական» արտադրանքը ոչ մի վնաս չի պատճառում: Այնուամենայնիվ, բոլոր հավելումները կարող են ունենալ հնարավոր վնասակար կողմնակի ազդեցություններ, և հավելումները կարող են նաև փոխազդել այն դեղամիջոցների հետ, որոնք դուք ընդունում եք այլ առողջական խնդիրների համար: Սա նշանակում է, որ ցանկացած հավելում ընդունելուց առաջ նախ պետք է խորհրդակցել ձեր բժշկի հետ:
Սննդային հավելումները, որոնք սովորաբար դիտարկվում են դաշտանադադարի ախտանիշների համար, ներառում են հետևյալը:
- Բուսական էստրոգեններ. ասիացի կանայք, ովքեր կանոնավոր կերպով սոյա են օգտագործում, ավելի քիչ հավանական է, որ հայտնեն ջերմահորդանքների և դաշտանադադարի այլ ախտանիշների մասին, քան աշխարհի այլ տարածաշրջանների կանայք: Պատճառներից մեկը կարող է կապված լինել սոյայի մեջ էստրոգենի նման միացությունների հետ: Այնուամենայնիվ, ուսումնասիրություններն, ընդհանուր առմամբ, բույսերի էստրոգեններից քիչ օգուտ են գտել կամ չեն գտել, թեև հետազոտությունները շարունակվում են՝ պարզելու, թե արդյոք սոյայի հատուկ բաղադրիչները, ինչպիսին է գենիստեինն է, օգնում են ջերմահորդանքների մեղմացմանը:
- Սև կոխոշ. սև կոխոշը դաշտանադադարի ախտանիշներով շատ կանանց շրջանում հայտնի բույս է: Սև կոհոշի արդյունավետության ուսումնասիրությունները հակասական արդյունքներ են տալիս, և հազվադեպ դեպքերում հավելումը կարող է վնասակար լինել լյարդի համար:
- Ժենշեն. թեև ժենշենը կարող է օգնել տրամադրության ախտանիշների և անքնության դեպքում, այն չի նվազեցնում ջերմահորդանքները:
- Դոնգ քայ (Dong quai). հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ դոնգ քայը արդյունավետ չէ ջերմահորդանքների դեպքում: Հավելումը կարող է մեծացնել արյունը նոսրացնող դեղամիջոցների՝ հակամակարդիչների արդյունավետությունը, ինչը կարող է առաջացնել արյունահոսության հետ կապված խնդիրներ:
- Վիտամին E (տոկոֆերոլ). վիտամին E-ի հավելումների ընդունումը կարող է որոշ չափով թեթևացնել ջերմահորդանքները: Սակայն, բարձր չափաբաժիններով այն կարող է մեծացնել արյունահոսության ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024