Skip to main content

​Ջերմահորդանքի առաջացրած անհարմարավետության (դիսկոմֆորտ) զգացողության մեղմացման ամենաարդյունավետ միջոցը էստրոգեն ընդունելն է, սակայն այս հորմոնը զերծ չէ որոշ ռիսկերից:

Եթե ձեզ նշանակված էստրոգենային դեղամիջոցը բավարարում է ձեր կարիքները, դուք սկսում եք ընդունել այն ձեր վերջին դաշտանային ցիկլից հետո մինչև 10 տարվա ընթացքում կամ անցել եք 60 տարեկանը, ապա ամենայն հավանականությամբ դեղի օգուտները կլինեն ավելի մեծ, քան ռիսկերը:

Հակադեպրեսանտները և հակացնցումային որոշ դեղեր նույնպես կարող են օգնել ջերմահորդանքի դրսևորման մեղմացմանը, սակայն դրանք ավելի պակաս արդյունավետ են, քան հորմոնները:

Զրուցեք ձեր բժշկի հետ տարբեր բուժումների օգուտների և ռիսկերի մասին: Հիշեք նաև, եթե առկա գանգատները շատ չեն խանգարում ձեր առօրյա կյանքին, ապա հավանաբար դուք որևէ բուժման կարիք չունեք: Իմացեք նաև, որ, նման գանգատները կարող են շարունակվել տարիներ:

Հորմոնային բուժում

Էստրոգենը ջերմահորդանքը մեղմացնող թիվ մեկ հորմոնն է: Արգանդի հեռացման (հիստերէկտոմիա) վիրահատություն անցած կանանց մեծ մասը կարիք ունի ընդունելու միայն էստրոգեն: Սակայն, եթե ձեր արգանդը պահպանված է, դուք պետք է էստրոգենը զուգակցեք պրոգեստերոնի հետ, որպեսզի կանխարգելեք արգանդի լորձաթաղանթից զարգացող քաղցկեղի առաջացումը (էնդոմետրիալ քաղցկեղ):

Երկու դեպքում էլ բուժումը պետք է հարմարեցվի ձեր կարիքներին: Ըստ ուղեցույցների անհրաժեշտ է ընդունել ախտանիշների կառավարման նվազագույն արդյունավետ դեղաչափը: Բուժման տևողությունը կախված է հորմոնային բուժման օգուտ-վնաս հավասարակշռությունից: Բոլոր դեպքերում բուժման նպատակը ձեր կյանքի որակը լավագույնս բարելավելն է:

Էստրոգեն-պրոգեստերոնային համակցված բուժում ստացող որոշ կանանց մոտ կարող են զարգանալ վերջին հորմոնի հետ կապված որոշ կողմնակի ազդեցություններ: Եթե կինը չի կարող օգտագործել խմելու պրոգեստերոն (օրինակ՝ անտանելիություն), ապա բժիշկը կարող է կոնյուգացված էստրոգենների հետ (օրինակ՝ Duavee) զուգակցել Բազեդոքսիֆեն. նման զուգակցումը նույնպես օգնում է միայն էստրոգեն ստանալու հետ կապված էնդոմետրիալ քաղցկեղի առաջացման ռիսկը: Բազեդոքսիֆենը կարող է նաև պաշտպանել ձեր ոսկրերը:

Եթե ձեզ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի կամ էնդոմետրիալ քաղցկեղ, սրտային հիվանդություններ, ինսուլտ, թրոմբային որևէ հիվանդություն կամ առկա է դրանց բարձրացած ռիսկ, ապա զրուցեք ձեր բժշկի հետ, թե որքանով է ձեր պարագայում նպատակահարմար էստրոգենային բուժումը:

Հակադեպրեսանտներ

Ցածր դեղաչափերով Պարոքսետինը (Բրիսդելլե) ամերիկյան FDA կազմակերպության կողմից հաստատված միակ ոչ հորմոնային դեղն է, որը խորհուրդ է տրվում նշանակել ջերմային ներհոսի առաջացրած դիսկոմֆորտի զգացողությունը մեղմացնելու համար: Սակայն բժիշկները կարող են նշանակել նաև այլ հակադեպրեսանտներ, այդ թվում՝

  • Վենլաֆաքիսն (Էֆեքսոր XR)
  • Պարոքսետին (Պաքսիլ, Պեքսեվա)
  • Ցիտալոպրամ (Ցելեքսա)
  • Էսցիտալոպրամ (Լեքսապրո):

Այս դեղերը ծանր ջերմահորդանքների դեպքում այնչափ արդյունավետ չեն, որքան հորմոնային բուժումը, սակայն կարող են օգտակար լինել այն կանանց, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում ընդունել հորմոններ: Հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, քնի խանգարումներ կամ քնկոտություն, կշռի բարձրացում, բերանի չորություն կամ սեռական գործունեության խանգարում:

Այլ դեղեր

Որոշ կանանց համար կարող են օգտակար լինել նաև այլ դեղեր, այդ թվում՝

  • Գաբապենտին. Գաբապենտինը հակացնցումային դեղամիջոց է, որն ունի նաև տաք ներհոսները չափավոր մեղմացնող ազդեցություն: Կողմնակի ազդեցություններից են՝ քնկոտություն, գլխապտույտ, ջրի պահպանում օրգանիզմում (ոտքերի այտուցներ) և ընդհանուր թուլություն:
  • Պրեգաբալին. սա մեկ այլ հակացնցումային դեղամիջոց է, որ կարող է արդյունավետ լինել տաք ալիքների մեղմացման մեջ: Կողմնակի ազդեցություններից են՝ գլխապտույտ, քնկոտություն, ուշադրության կենտրոնացման դժվարացում և մարմնի քաշի ավելացում:
  • Օքսիբուտինին. սա ավելի հաճախ միզային խնդիրների ժամանակ նշանակվող դեղ է (օրինակ՝ միզապարկի գերակտիվություն), որը կարող է որոշ կանանց մոտ նաև մեղմացնել տաք ալիքները: Կողմնակի ազդեցություններից են՝ բերանի և աչքերի չորություն, փորկապություն, սրտխառնոց և գլխապտույտ:
  • Կլոնիդին. սա անցյալում բարձր արյան ճնշման հանրահայտ դեղերից մեկն էր, որը կարող է որոշակիորեն մեղմացնել նաև տաք ներհոսը: Կլոնիդինն օժտված է տարբեր կողմնակի ազդեցություններով, օրինակ՝ գլխապտույտ, քնկոտություն, բերանի չորություն և փորկապություն:

Նյարդի պաշարում (բլոկադա)

Աստղաձև հանգույցային պաշարումը չափավորից մինչև ծանր ջերմահորդանքների բուժման մեջ խոստումնալից միջամտություն է, որը, սակայն, ունի լրացուցիչ հետազոտությունների կարիք: Այն ներառում է պարանոցի շրջանում առկա նյարդային հյուսակի շրջանում անզգայացնող դեղամիջոցի ներարկում (ունի նաև ցավազրկող ազդեցություն): Կողմնակի ազդեցություններից են ներարկման շրջանի ցավերը և այրոցի զգացողությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 25-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024