Հեմատոկրիտը (Ht կամ HTC) արյան ցուցանիշներից մեկն է, որն իրենից ներկայացնում է արյան բջիջների (ձևավոր տարրերի) ծավալային տոկոսն ամբողջական արյան մեջ։
Ի՞նչն են հետազոտում
Արյան բջիջների մեջ կարմիր բջիջները (էրիթրոցիտներ) կազմում են գերիշխող մեծամասնությունը. ի տարբերություն սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) և թիթեղիկների (թրոմբոցիտներ) հաշվարկվում են ոչ թե հազարներով, այլ՝ միլիոններով: Ուստի ընդունված է, որ հեմատոկրիտը չափում է հենց արյան էրիթրոցիտների ծավալային տոկոսն ամբողջական արյան մեջ (մնացածը կազմում է արյան պլազման և ոչ նշանակալից տոկոս կազմող արյան մյուս բջիջները)։
Արյան կարմիր բջիջները տեղափոխում են թթվածինը ձեր օրգանիզմում: Ուստի արյան մեջ այս բջիջների ինչպես չափից դուրս ցածր, այնպես էլ բարձր քանակները կարող են դառնալ որևէ հիվանդության ախտանիշներից մեկը:
Սովորաբար հեմատոկրիտի ցուցանիշը ներկայացվում է արյան ընդհանուր քննության մյուս ցուցանիշների հետ միասին:
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
Էրիթրոցիտների ծավալային տոկոսի չափումը կարող է օգնել ձեր բժիշկին որևէ առկա հիվանդություն ախտորոշելիս կամ նշանակված բուժմանը ձեր օրգանիզմի պատասխանը գնահատելիս:
Նորմայից ցածր հեմատոկրիտը կարող է վկայել արյան նոսրացման մասին և ի հայտ գալ հետևյալ վիճակների ժամանակ՝
- առողջ արյան կարմիր բջիջների անբավարար արտադրություն կամ մատակարարում (սակավարյունություն կամ անեմիա)
- քրոնիկ հիվանդությունների, վարակների կամ արյան սպիտակ բջիջներին (լեյկոցիտներ) վերաբերվող արյան հիվանդությունների պատճառով վերջիններիս քանակի խիստ բարձրացում (լեյկոզ կամ լիմֆոմա)
- վիտամինային կամ միներալային պակաս (դեֆիցիտ)
- վերջերս կամ երկարատև արյան կորուստ:
Նորմայից բարձր հեմատոկրիտը կարող է վկայել արյան խտացման մասին և օգնել հետևյալ խանգարումների հայտնաբերմանը՝
- ջրազրկում (դեհիդրատացիա)
- պոլիցիտեմիա` հիվանդություն, երբ կտրուկ աճում է արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) արտադրությունը
- թոքային կամ սրտային հիվանդություններ:
Ինչպե՞ս նախապատրաստվել այս թեստին
Հեմատոկրիտի թեստը պահանջում է ձեր երակային արյան քիչ քանակության նմուշ (մինչև 3-4 մլ) և սովորաբար վերցվում է ոչ թե որպես առանձին հետազոտություն, այլ արյան ընդհանուր քննության կազմում:
Թեև բուն հեմատոկրիտի թեստը որևէ նախապատրաստություն չի պահանջում, արյան այլ ցուցանիշների ճշտությունը բարձրացնելու համար ցանկալի է լաբորատորիա այցելել քաղցած վիճակում և հետևել ձեր բժշկի մյուս հրահանգներին (օրինակ, որոշ դեղեր կարող են բարձրացնել հեմատոկրիտի մակարդակը):
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Հեմատոկրիտի արդյունքը զեկուցվում է որպես արյան բջիջերի (էրիթրոցիտների) տոկոս: Նորմալ միջակայքը զգալիորեն տատանվում է՝ կախված ձեր սեռից, տարիքից և ռասայից: Տարբեր բժշկական կենտրոններ կամ լաբորատորիաներ իրենց հերթին կարող են սահմանել էրիթրոցիտների ծավալային տոկոսի տարբեր նորմալ միջակայքեր:
Ընդհանուր առմամբ, հեմատոկրիտի նորմալ միջակայքը կազմում է՝
- չափահաս տղամարդկանց համար՝ 38,3-48,6 %
- չափահաս տղամարդկանց համար՝ 35,5-44,9 %:
Մինչև 17 տարեկան երեխաների համար նորմալ միջակայքը կախված է տարիքից և սեռից:
Հեմատոկրիտի ցուցանիշը ձեր առողջության վերաբերյալ տեղեկատվության միայն մեկ առանձին ցուցանիշ է, մինչդեռ իրականում ձեր բժիշկը հիմնվում է բազմաթիվ այլ տվյալների վրա: Ուստի դուք ոչ թե պետք է ինքնուրույն եզրահանգումներ անեք ըստ ձեր հեմատոկրիտի ցուցանիշի, այլ ներկայացնեք ձեր արդյունքները ձեր բժշկին և միասին քննարկեք դրանք:
Թեստի արդյունքների ճշգրտությունը
Բազմաթիվ գործոններ կարող են ազդել հեմատոկրիտի արդյունքի վրա և բերել ոչ ճշգրիտ արդյունքների: Դրանցից են՝
- բարձր լեռնային տեղանքներում բնակվելը
- հղիություն
- վերջերս տեղ գտած արյան զգալի կորուստ
- վերջերս իրականացված արյան փոխներարկում
- ծանր ջրազրկում:
Ձեր հեմատոկրիտի ցուցանիշը մեկնաբանլիս բժիշկը հաշվի կառնի թվարկված և այլ հնարավոր միջնորդավորող գործոնները: Հնարավոր շեղումներ հայտնաբերելիս նա կարող է նաև առաջարկել, որ դուք կրկնակի հանձնեք այս թեստը:
Լրացուցիչ տեղեկատվություն
HTC թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք հեմատոկրիտի թեստի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որ ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 14-02-2021
Վերջին վերանայում՝ 05-05-2024