Առողջական խնդիրներ
Հիպոկալցեմիա (կալցիումի մակարդակի նվազում)

4 րոպե
Հիպոկելցեմիա է կոչվում արյան շիճուկի կալցիումի մակարդակի անկումը, որը կարող է ուղեկցվել տարբեր ախտանիշներով, իսկ ծանր դեպքերում դառնալ անհետաձգելի բուժօգնություն պահանջող սուր վիճակ:
Որոշ մարդկանց մոտ, հատկապես, երբ կալցիումի մակարդակի նվազեցումը չնչին է, որևէ գանգատ կամ ախտանիշ կարող է չդրսևորվել: Այլ դեպքերում կարող են զարգանալ սուր, երբեմն՝ կյանքին սպառնացող շեղումներ:
Ի՞նչ է հիպոկալցեմիան
Հիպոկալցեմիան վիճակ է, երբ արյան հեղուկ մասի՝ պլազմայի մեջ կալցիումի մակարդակն միջին (նորմալ) մակարդակից ավելի ցածր է:
Ձեր օրգանիզմում կալցիումն ունի բազմաթիվ կարևոր դերակատարումներ, այդ թվում՝
- առանցքային նշանակություն ունի օրգանիզմում ընթացող էլեկտրահաղորդման գործընթացների մեջ
- անփոխարինելի է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար, մասնավորապես, ապահովում է գլխուղեղի և մարմնի մյուս շրջանների միջև նյարդային փոխկապվածությունը (նյարդային գրգռի փոխանցումը)
- ապահովում է մկանների կծկումը և ձեր մարմնի շարժունակությունը
- ապահովում է ոսկրերի ամրությունը, աճը և վերականգնումը:
Հիպոկալցեմիա կարող է առաջանալ ձեր օրգանիզմ կալցիումի անբավարար քանակներ մուտք գործելու, նյութափոխանակության կամ կալցիումի շրջանառության խանգարման պատճառով: Այնուամենայնիվ, հիպոկալցիումի դեպքերի մեծ մասն ուղղակիորեն կապված է մագնեզիումի կամ վիտամին D-ի անբավարարության հետ (դեֆիցիտ):
Հիպոկալցեմիայի պատճառները
Հիպոկալցեմիայի ամենատարածված պատճառը հիպոպարաթիրոիդիզմն է, երբ օրգանիզմում արտադրվում է միջինից (նորմայից) ավելի քիչ քանակով պարաթիրոիդ կամ պարատ հորմոն (PTH): Վերջինիս ցածր մակարդակը բերում է օրգանիզմում կալցիումի մակարդակի կրճատման: Հիպոպարաթիրոիդիզմ կարող է զարգանալ որպես ժառանգական հիվանդություն կամ լինել ձեռքբերովի, օրինակ, վահանաձև գեղձի վիրահատական հեռացման ժամանակ հարվահանաձև գեղձերը հեռացնելիս, ինչպես նաև նույն շրջանի քաղցկեղային հիվանդությունների դեպքում:
Հիպոկալցեմիայի այլ, ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են՝
- սննդակարգում կալցիումի կամ վիտամին D-ի անբավարար քանակներ
- վարակներ
- որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ Ֆենիտոին, Ֆենոբարբիտալ կամ Ռիֆամպին
- սթրես
- տագնապ
- արյան մագնեզիումի կամ ֆոսֆատի անկայուն մակարդակներ
- երիկամային հիվանդություն
- փորլուծություն, փորկապություն կամ աղիքային այլ խանգարումներ, որոնք բերում են աղիներից կալցիումի ներծծման թուլացման
- տարածվող քաղցկեղներ
- նորածինների դեպքում՝ մոր մոտ դիաբետի առկայություն:
Ռիսկի գործոններ
Վիտամին D-ի կամ մագնեզիումի դեֆիցիտով անձանց մոտ հիպոկալցեմիայի ռիսկը բարձրանում է: Ռիսկի այլ գործոններից են՝
- ստամոքսաղիքային հիվանդություններ
- պանկրեատիտ
- երիկամային անբավարարություն
- լյարդային անբավարարություն
- տագնապային խանգարումներ:
Նորածին երեխաները նույնպես ենթարկվում է հիպոկալցեմիայի բարձրացած ռիսկի, քանի որ նրանց օրգանիզմը և նյութափոխանակությունը դեռևս լիարժեք զարգացած չէ: Այս իմաստով կալցիումի փոխանակության խանգարման հավանականությունն առավել մեծանում է դիաբետիկ մայրերից ծնված նորածինների շրջանում:
Հիպոկալցեմիայի ախտանիշները
Որոշ մարդկանց մոտ, հատկապես կալցիումի մակարդակի քիչ նվազեցումը կարող է որևէ գանգատի կամ ախտանիշի չբերել: Սակայն, երբ հիպոկալցեմիան ուղեկցվում է նյարդային համակարգի գործունեության խանգարման, նորածնի մոտ կարող են ի հայտ գալ մկանային կծկանքներ (սպազմ) կամ տրեմոր (դող):
Չափահասների մոտ հիպոկալցեմիան կարող է առաջացնել՝
- մկանային կծկանքներ (սպազմ)
- պարէսթեզիաներ (վերջույթներում ծակծկողների կամ թմրածության զգացողություն)
- տրամադրության շեղումներ, օրինակ՝ անհանգստություն և տագնապ, դեպրեսիա կամ գերգրգռվածություն
- հիշողության հետ կապված խնդիրներ
- զարկերակային ճնշման անկում (հիպոտենզիա)
- խոսելու կամ կլման դժվարություններ
- ընդհանուր թուլություն և աշխատունակության անկում
- պարկինսոնիզմ
- տեսողական սկավառակի այտուց (պապիլոդեմա):
Սուր հիպոկալցեմիայի ախտանիշներից են՝
- մկանային ցնցումներ
- առիթմիաներ (սրտի ռիթմի խանգարումներ)
- կանգային սրտային անբավարարություն
- լարինգոսպազմ կամ ձայնախոռոչի ցնցումներ:
Քրոնիկ կամ երկարատև հիպոկալցեմիան կարող է առաջացնել՝
- մաշկի չորություն
- եղունգների փխրունացում
- երիկամային քարեր կամ օրգանիզմում կալցիումական այլ կուտակումներ
- դեմենցիա (թուլամտություն)
- կատարակտ
- էկզեմա:
Հիպոկալցեմիայի ախտորոշումը
Ախտորոշման առաջին քայլը ձեր արյան մեջ կալցիումի մակարդակը չափելն է:
Բժիշկը կարող է նաև գնահատել ձեր ֆիզիկական և հոգեկան վիճակը, որը թույլ կտա նրան հայտնաբերել հիպոկալցեմիայի նշաններ: Ֆիզիկական գնահատումը կարող է ներառել ձեր մազերի, մաշկի և մկանների զննումը, իսկ հոգեկան վիճակի գնահատումը՝ դեմենցիայի, հալուցինացիաների, շշմածության, գերգրռվածության կամ ցնցումների հայտնաբերումը:
Հիպոկալցեմիայի բուժումը
Մեղմ հիպոկալցեմիան սովորաբար վերանում է առանց որևէ բուժման, սակայն կալցիումի մակարդակի կտրուկ անկումը կարող է բերել լուրջ, երբեմն նաև՝ կյանքին սպառնացող խանգարումների: Սուր դեպքերում բժիշկը կարող է նշանակել կալցիումի աղերի ներերակային ներարկում: Ավելի թեթև դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ կալ ներքին (բերանով) ընդունման կալցիումի պատրաստուկներ կամ կալցիումով, վիտամին D-ով և մագնեզիումով հարստացված սննդային հավելումներ:
Բժիշկը կարող է նաև առաջարկել՝
- կալցիումով, վիտամին D-ով և մագնեզիումով հարուստ սնունդ
- արևային լոգանքներ` ուղղված մաշկում բնական վիտամին D-ի արտադրության խթանմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 04-11-2020 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: