Առողջական խնդիրներ
Իմպետիգո

3 րոպե
Իմպետիգոն հիմնականում երեխաների մոտ հանդիպող խիստ վարակիչ մաշկային վարակ է, որն առաջացնում է փոքր խոցանման վերքեր, դեղնավուն կեղևներ և ավելի հազվադեպ՝ բշտեր։
Ի՞նչ է իմպետիգոն
Իմպետիգոն պատճառվում է (ոսկեզօծ) ստաֆիլոկոկային կամ (թարախածին) ստրեպտոկոկային բակտերիաներով։ Այն վարակիչ է և կարող է խիստ վտանգ ներկայացնել հատկապես նորածին երեխաներին։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ բացառվի իմպետիգոյով հիվանդ երեխաների և նորածինի շփումը։
Ցանկալի է նաև, որ հիվանդ երեխաները մնան տանը և չհաճախեն մսուր-մանկապարտեզ կամ դպրոց՝ քանի դեռ բուժումը չի սկսվել և բուժման արդյունքները չեն դրսևորվել։
Իմպետիգոյի ամենատարածված տեսակը ոչ բշտիկային տեսակն է, որը կազմում է բոլոր դեպքերի 70%-ը։
Ովքե՞ր են հիվանդանում
Իմպետիգոն սովորաբար հանդիպում է 2-6 տարեկան երեխաների շրջանում։ Վարակի տարածմանը նպաստում են մսուր-մանկապարտեզները և դպրոցները, որտեղ մեկ սենյակում հավաքվում են բազմաթիվ երեխաներ։
Իմպետիգոն կարող է հանդիպել նաև չափահաս մարդկանց շրջանում, հատկապես, եթե նրանք բնակվում են սահմանափակ տարածքներում (օրինակ՝ բանակային զորանոցներ, քրեակատարողական հիմնարկներ):
Պե՞տք է արդյոք այցելել բժշկին
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե դուք կամ ձեր երեխան ունեք իմպետիգոյի ախտանիշներ։ Սովորաբար իմպետիգոն լուրջ ընթացք չունի, սակայն երբեմն կարող է նմանվել մաշկային այլ հիվանդություններին՝ ցելյուլիտ, կոնտակտային դերմատիտ կամ միջատների խայթոց։ Նման դեպքերում բժշկին այցելելը դառնում է ցանկալի, որ ժխտվեն նշված հիվանդությունները։
Իմպետիգոյի բուժումը և կանխարգելումը
Իմպետիգոն սովորաբար բուժվում է հակաբիոտիկային կրեմներով։ Եթե մաշկը չի «մաքրվում», ձեր բժիշկը կարող է նշանակել նաև խմելու հակաբիոտիկներ։
Սովորաբար մարդկանց մեծ մասը բուժումը սկսելուց 48 ժամ անց դառնում է ոչ վարակիչ։ Վարակիչ լինելու վտանգն անցնում է նաև մաշկային վերքերը չորանալուց և ապաքինվելուց հետո։
Իմպետիգոյի տարածման ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում նաև՝
- խուսափել վերքերին դիպչելուց
- կանոնավոր կերպով լվանալ ձեռքերը
- խուսափել անձեռոցիկները, սրբիչները և մաշկի հետ կապ ունեցող մյուս իրերը և պարագաները համատեղ օգտագործելուց
- երեխային թողնել տանը՝ մինչև մաշկային վերքերը չորանան։
Բարդություններ
Իմպետիգոն խիստ հազվադեպ է բարդացած ընթացք ստանում։ Երբեմն վարակը կարող է տարածվել դեպի շրջակա ավշային գեղձեր՝ բերելով դրանց այտուցվածության կամ ներթափանցել մաշկի ավելի խորը շերտեր՝ առաջացնելով ցելյուլիտ։
Հոդվածը տեղադրվել է՝ 04-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: