Առողջական խնդիրներ
Իմպետիգո․ ինքնօգնություն

1 րոպե
Իմպետիգոն դրսևորվում է մաշկային դեղնավուն կեղևներով կամ ավելի հազվադեպ՝ բշտերով։
Իմպետիգոն ունի բակտերիալ ծագում, ուստի տնային պայմաններում ձեր կողմից նախաձեռնվող որոշ միջոցներ կարող են մի կողմից մեղմացնել հիվանդության առաջացրած անհարմարավետությունը (դիսկոմֆորտ) և մյուս գանգատները, մյուս կողմից նպաստեն բուժմանը և վարակի տարածման կանխարգելմանը։
Ահա որոշ ինքնօգնության մեթոդներ և հմտություններ։
- Եթե ունեք իմպեդիգոյի հետ կապված որևէ անհանգստություն կամ անորոշություն, ապա այցելեք ձեր բժշկին, ով կնշանակի ձեր վիճակին առավել համապատասխանող բուժումը։
- Իմպետիգոյի հիմնական բուժումը հակաբիոտիկային կրեմներն են, որոնց օգտագործման դեպքում մինչև 7 օրվա ընթացքում մաշկային նշաններն անհետանում են։ Հակաբիոտիկային կրեմները սովորաբար օգտագործում են 7-10 օրվա ընթացքում։
- Յուրաքանչյուր 8-10 ժամը մեկ անգամ մաշկային վերքերն ու խոցերը լվացեք տաք (բայց՝ ոչ շատ տաք) օճառաջրով։ Յուրաքանչյուր անգամ մաշկը չորացրեք նոր սրբիչով։
- Ծածկեք վերքերը կամ խոցերը անջրաթափանց և անցքեր չունեցող ստերիլ վիրակապով։ Դրանք հեռացնելիս անմիջապես նետեք աղբարկղը և լավ լվացեք ձեր ձեռքերը։
- Մաշկային վերքերը կարող են հայտնվել վարակը ներթափանցելուց 4-10 օր հետո։ Դրանք վարակիչ են՝ քանի դեռ վերքը թաց է և դառնում են ոչ վարակիչ, երբ կեղևակալվում են, ինչպես նաև հակաբիոտիկային բուժումը սկսելուց 24 ժամ հետո։
- Խուսափեք մարդկանց կուտակումներով տարածքներից (մսուր-մանկապարտեզ, դպրոց կամ աշխատավայր), քանի դեռ վերքերը չեն կեղևակալել կամ հակաբիոտիկային բուժման մեկնարկից հետո չի անցել ավելի քան 48 ժամ (2 օր)։
- Խուսափեք վերքերին և հարակից մաշկին դիպչելուց։ Հակաբիոտիկային կրեմն օգտագործելուց առաջ և հետո տաք օճառաջրով լավ լվացեք ձեր ձեռքերը։
- Մաշկի ախտահարված շրջանները կարող են գրգռվել և քոր հարուցել։ Կարևոր է, որ չքորեք ձեր վերքերը, որից իմպեդիգոն կարող է ավելի տարածվել և խորանալ։
- Խուսափեք ձեր մաշկի հետ կապված որևէ իր կամ պարագա մեկ այլ մարդու հետ համատեղ օգտագործելուց՝ սրբիչներ, հագուստ և նույնիսկ լոգարանի (վաննայի) ջուր։
Հոդվածը տեղադրվել է՝ 04-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: