Միջազգային նորմալացված գործակցի (ՄՆԳ, INR) հետազոտություն
08-04-2020
2 րոպե

Միջազգային նորմալացված գործակցի (ՄՆԳ, INR) հետազոտությունը գնահատում է ձեր արյան մակարդման ժամանակը:
Բազմաթիվ լաբորատորիաներ այս ցուցանիշը ներկայացնում են պրոթրոմբինային ժամանակի (PT) և պրոթրոմբինային գործակցի (PI) հետ միասին:
ՄՆԳ (INR) արյան հետազոտություն է, որը նշանակվում է վերահսկելու արյունը «ջրիկացնող»` հակամակարդիչ դեղերի ընդունումը: ՄՆԳ (INR) կարող է նաև նշանակվել, եթե դուք ունեք արյան մակարդման հետ կապված որևէ խնդիր:
Ի՞նչն են հետազոտում
Պրոթրոմբինը ձեր լյարդում արտադրվող սպիտակուց է: Այն պատկանում է այն սպիտակուցների շարքին, որոնք հայտնի են որպես մակարդելիության գործոններ և օգնում են ձեր արյան նորմալ թանձրության (մածուցիկության) պահպանմանը: ՄՆԳ (INR) հետազոտությամբ գնահատվում է ձեր արյան մակարդվելու ժամանակը կամ տևողությունը:
Ինչո՞ւ է այս հետազոտությունը նշանակվում
Վարֆարինը դեղամիջոց է, որը նշանակվում է որպես հակամակարդիչ (հակակոագուլյանտ) միջոց: Այն նվազեցում է արյան մածուցիկությունը և լայնորեն կիրառվում է արյան մակարդուկների բուժման ժամանակ, ինչպիսիք են՝ խորանիստ երակների թրոմբոզ և թոքային էմբոլիա, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտի կանխարգելման նպատակով այն անձանց մոտ, ովքեր ունեն շողացող առիթմիա, սրտի փականային արատներ կամ սրտի արհեստական փականներ: Վարֆարինի արդյունավետությունը գնահատվում է՝ հաշվի առնելով արյան մակարդման տևողության երկարացման չափը: Այսպիսով, եթե դուք խմում եք Վարֆարին, ապա կարիք կունենաք պարբերաբար ստուգելու ձեր ՄՆԳ (INR) ցուցանիշը:
Իրականում հակամակարդիչ դեղերը ձեր արյունը չեն ջրիկացնում, այլ պարզապես մեծացնում են արյան մակարդման ժամանակը:
Բժիշկը կարող է ՄՆԳ (INR) հետազոտելու խորհուրդ տալ, որպեսզի ընտրի ձեզ համար Վարֆարինի ամենաճիշտ դեղաչափը:
Այս հետազոտությունը կարող է նաև օգտագործվել հետևյալ դեպքերում՝
- արյունահոսության վիճակի ստուգում
- արյան մակարդման խնդիրների ստուգում, հատկապես վիրահատությունից առաջ
- լյարդի գործունեության գնահատում:
Ինչպե՞ս նախապատրաստվել այս հետազոտությանը
ՄՆԳ (INR) լաբորատոր հետազոտությունը որևէ առանձնահատուկ պայման կամ պահանջ չունի: Սակայն, բազմաթիվ դեղեր, սննդամթերքներ և հիվանդություններ կարող են ազդել պատասխանի վրա, ուստի տեղեկացրեք բժշկին ձեր ընդունած բոլոր դեղերի և հավելումների, ինչպես նաև սննդակարգի կտրուկ փոփոխությունների մասին:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Եթե դուք ստանում եք Վարֆարինով բուժում, բժիշկը հավանաբար նախատեսել է ձեզ համար ցանկալի ՄՆԳ (INR) արժեքների միջակայք: Եթե ՄՆԳ (INR) շատ բարձր է, նշանակում է, որ ձեր արյունը մակարդվում է շատ դանդաղ և առկա է արյունահոսության ռիսկ: Հակառակը, եթե ՄՆԳ (INR) շատ ցածր է, նշանակում է, որ ձեզ մոտ արյան մակարդուկ առաջանալու ռիսկը բարձր է:
Եթե դուք չեք ընդունում Վարֆարին և ձեր ՄՆԳ (INR) նորմայից բարձր է, բժիշկը հավանաբար ձեզ կուղեգրի լրացուցիչ հետազոտությունների:
Լրացուցիչ տեղեկատվություն
INR թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որպեսզի իմանաք պրոթրոմբինային ժամանակի, տոկոսի և ՄՆԳ մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան հետազոտությունների ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021