Երեխաների մոտ երկաթի պակասը կամ անբավարարությունը կարող է ազդել նրանց զարգացման վրա և հանգեցնել սակավարյունության (անեմիա): Իմացեք, թե ինչքան երկաթի կարիք ունի ձեր երեխան, երկաթի լավագույն աղբյուրների մասին և այլն:
Երկաթն այն սննդանյութն է, որն անհրաժեշտ է ձեր երեխային ճիշտ աճելու և զարգանալու համար: Սակայն, որոշ երեխաներ չեն ստանում բավարար երկաթ: Սա նաև կոչվում է երկաթի անբավարարություն: Պարզեք դրա պատճառներն ու ախտանիշները: Այնուհետև սովորեք, թե ինչպես կանխել երկաթի պակասը:
Իմացե՛ք ավելին երկաթի պակասի մասին:
Ինչո՞ւ է երկաթը կարևոր երեխաների համար
Երկաթը օգնում է թոքերից դեպի օրգանիզմի մյուս շրջաններ թթվածինի տեղափոխմանը: Այն նաև օգնում է մկաններում թթվածինի կուտակման և յուրացման գործընթացներում: Եթե ձեր երեխայի սննդակարգում չկա բավարար քանակի երկաթ, նրա մոտ կարող է զարգանալ երկաթի պակասություն (անբավարարություն):
Այս վիճակը երեխաների մոտ տարածված խնդիր է: Այն կարող է տատանվել թեթևից մինչև ծանր աստիճանի: Չբուժվելու դեպքում երկաթի անբավարարությունը կարող է ազդել երեխայի աճի և զարգացման վրա: Երբեմն, երկաթի պակասը կարող է օրգանիզմը թողնել առանց բավարար քանակությամբ առողջ արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ), որոնք տեղափոխում են թթվածինը: Սա լուրջ վիճակ է, որը կոչվում է երկաթ-դեֆիցիտային անեմիա (սակավարյունություն):
Որքա՞ն երկաթ է անհրաժեշտ երեխաներին
Երեխաները ծնվում են իրենց օրգանիզմում կուտակված երկաթով: Սակայն, սննդից կամ վիտամինային հավելումներից ստացված երկաթի կայուն քանակությունը անհրաժեշտ է երեխայի արագ աճի և զարգացման համար: Ահա տարբեր տարիքի համար երկաթի պահանջարկի վերաբերյալ ուղեցույց:
Տարիքային խումբ | Երկաթի օրական առաջարկվող քանակ |
---|---|
7 - 12 ամսական | 11 մգ (միլիգրամ) |
1 - 3 տարեկան | 7 մգ |
4 - 8 տարեկան | 10 մգ |
9 - 13 տարեկան | 8 մգ |
14 - 18 տարեկան, աղջիկներ | 15 մգ |
14 - 18 տարեկան, տղաներ | 11 մգ |
Ովքե՞ր են երկաթի անբավարարության վտանգի տակ
Երկաթի դեֆիցիտի ամենաբարձր ռիսկին ենթարկվում են նորածինների հետևյալ խմբերը՝
- ծնվել են վաղաժամ կամ ցածր քաշ ունեն
- մինչև 1 տարեկանը խմում են կովի կամ այծի կաթ
- 6 ամսականից հետո երկաթ պարունակող որևէ այլ սնունդ չեն ստանում
- ստանում են երկաթով չհարստացված կաթնախառնուրդներ:
Երկաթի դեֆիցիտի ամենաբարձր ռիսկին ենթարկվում են երեխաների հետևյալ խմբերը՝
- 1-ից 5 տարեկաններ և նրանք, ովքեր խմում են օրական ավելի քան 710 միլիլիտր (24 ունցիա) կովի, այծի կամ սոյայի կաթ
- ունեն որոշակի առողջական խնդիրներ, ինչպիսիք են քրոնիկ վարակները կամ սահմանափակող սննդակարգերը
- ենթարկվել են կապարի ազդեցությունը
- չեն ստանում երկաթով հարուստ բավականաչափ մթերքներ
- ունեն ավելորդ քաշ կամ գեր են:
Դեռահաս աղջիկները նույնպես երկաթի անբավարարության ավելի բարձր ռիսկի են ենթարկվում: Նրանց մարմինը կորցնում է երկաթ դաշտանի ժամանակ։
Որո՞նք են երեխաների մոտ երկաթի անբավարարության ախտանիշները
Չափազանց քիչ երկաթը կարող է դժվարացնել ձեր երեխայի լավ գործունեությունը: Այնուամենայնիվ, երեխաների մոտ երկաթի ցածր մակարդակի ախտանիշներից շատերը ի հայտ չեն գալիս՝ քանի դեռ չի զարգացել երկաթ-դեֆիցիտային անեմիա (սակավարյունություն): Եթե ձեր երեխան ունի երկաթի անբավարարության ռիսկի գործոններ, խոսեք ձեր նրա բժշկի հետ:
Երկաթ-դեֆիցիտային անեմիայի ախտանիշներից են՝
- շրթունքների, լնդերի, կոպեզրերի կամ եղունգների եզրերի բաց վարդագույն երանգ, որը նաև կոչվում է գունատություն
- հյուծվածություն և էներգիայի պակաս, որը նաև կոչվում է հոգնածություն
- ֆիզիկական գործ անելու ընթացքում շնչարգելություն (հևոց)
- սառը ձեռքեր և ոտնաթաթեր
- դանդաղեցված աճ և զարգացում
- վատ ախորժակ
- անկանոն արագ շնչառություն
- վարքագծի հետ կապված խնդիրներ կամ դյուրագրգռություն
- հաճախակի վարակներ
- տարօրինակ հակումներ այն բաների համար, որոնք պարունակում են քիչ սննդանյութեր կամ ընդհանրապես զրկված են դրանցից, օրինակ՝ սառույց, կեղտ, ներկ կամ օսլա:
Իմացե՛ք ավելին երկաթ-դեֆիցիտային անեմիայի մասին:
Ինչպե՞ս կարելի է երեխաների մոտ կանխել երկաթի անբավարարությունը
Եթե կերակրում եք ձեր երեխային երկաթով հարստացված կաթնախառնուրդով, ձեր երեխան, ամենայն հավանականությամբ, ստանում է առաջարկվող քանակությամբ երկաթ: Եթե կերակրում եք կրծքով, հարցրեք ձեր երեխայի բժշկին երկաթի հավելումների անհրաժեշտության մասին: Երկաթի հավելումը կարող է իրենից ներկայացնել երկաթի կաթիլներ, որոնք պետք է տրվեն որոշակի քանակությամբ (դեղաչափով): Կամ կարող է լինել երկաթ, որը ներառված է վիտամինային հավելումների մեջ:
Ահա ընդհանուր բնույթի որոշ առաջարկություններ:
- Ամբողջական ժամկետով նորածիններ. սկսեք երեխային երկաթի հավելումներ տալ 4 ամսականից: Շարունակեք տալ հավելում՝ մինչև երեխան կսկսի ուտել օրական երկու կամ ավելի չափաբաժին երկաթով հարուստ սնունդ: Այսպիսի մթերքներից են երկաթով հարստացված մանկական շիլան, մսի խյուսը և քաղցր կարտոֆիլի պյուրեն: Դադարեցրեք հավելում տալը, եթե կրծքով եք կերակրում և ձեր երեխային տալիս եք հարստացված կաթնախառնուրդ, և նրա կերակրման մեծ մասը կազմված է կաթնախառնուրդներից:
- Վաղաժամ ծնված նորածիններ. սկսեք երեխային երկաթի հավելումներ տալ 2 շաբաթականից: Շարունակեք տալ հավելումը մինչև նրա 1 տարեկանը: Դադարեցրեք հավելում տալը, եթե կրծքով եք կերակրում և ձեր երեխային տալիս եք հարստացված կաթնախառնուրդ, և նրա կերակրման մեծ մասը կազմված է կաթնախառնուրդներից:
Երկաթի անբավարությունը կանխելուն ուղված այլ քայլերից մի քանիսը ներկայացված են ստորև:
- Մատուցեք երկաթով հարուստ մթերքներ. առավել հաճախ ծնողները սկսում են իրենց երեխաներին պինդ սնունդ մատուցել 4 ամսականից մինչև 6 ամսական տարիքում: Երբ սկսում եք պինդ ուտելիքներ մատուցել, ձեր մանկական սնունդը հարստացրեք երկաթով: Երկաթով հարուստ սննդամթերքներից են երկաթով հարստացված մանկական շիլան, մսի խյուսը և լոբու պյուրեն: Ավելի մեծ երեխաների համար երկաթի լավ աղբյուրներն են կարմիր միսը, հավը, ձուկը, լոբազգիները և սպանախը:
- Մի՛ մատուցեք շատ կաթ. 1-ից 5 տարեկանում թույլ մի՛ տվեք ձեր երեխային, որ օրական 710 միլիլիտր (24 ունցիա ) կաթից ավելի խմի:
- Առաջարկեք վիտամին C-ով հարուստ մթերքներ. դրանք օգնում են օրգանիզմին յուրացնել երկաթը: Վիտամին C-ով հարուստ մթերքներից են ցիտրուսային մրգերը, կանտալուպը, ելակը, բուլղարական պղպեղը, լոլիկը և մուգ կանաչ բանջարեղենը:
Իմացե՛ք ավելին երկաթով հարուստ մթերքների մասին:
Պե՞տք է արդյոք երեխային ստուգել երկաթի անբավարարության համար
Առավել հաճախ, երկաթի անբավարարությունը և երկաթ-դեֆիցիտային անեմիան հայտնաբերվում են արյան թեստերի միջոցով: Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան խորհուրդ է տալիս բոլոր նորածիններին ստուգել երկաթ-դեֆիցիտային անեմիայի համար՝ սկսած 9 ամսականից մինչև 12 ամսականը: Նրանք, ովքեր ունեն երկաթի անբավարարության ռիսկի գործոններ, պետք է նորից թեստ անցնեն ավելի մեծ տարիքում: Կախված թեստի արդյունքներից՝ ձեր երեխային կարող է անհրաժեշտ լինել բերանով ընդունվող երկաթի հավելում, ամենօրյա մուլտիվիտամին կամ ավելի շատ հետազոտություններ:
Իմացե՛ք ավելին երկաթի թեստերի մասին:
Երեխաների մոտ երկաթի անբավարարությունը կարելի է կանխարգելել։ Ձեր երեխայի աճն ու զարգացումը նորմալ պահելու համար սննդի և խորտիկների ժամանակ առաջարկեք երկաթով հարուստ սնունդ: Եվ խոսեք նրա բժշկի հետ սքրինինգային թեստերի և երկաթի հավելումների անհրաժեշտության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-05-2024
Վերջին վերանայում՝ 08-05-2024