Երկաթի լաբորատոր հետազոտությունների նպատակն է գնահատել արյան մեջ և մյուս բջիջներում այս տարրի քանակը:
Երկաթի պարունակության ինչպես չափից դուրս բարձր, այնպես էլ նորմայից ցածր մակարդակները կարող են առաջացնել առողջական լուրջ խնդիրներ:
Ինչո՞ւ մեր օրգանիզմում երկաթ կա
Երկաթը մեր օրգանիզմի տարբեր, այդ թվում՝ արյան և մկանային բջիջների համար հանդիսանում է անփոխարինելի տարր:
Մասնավորապես, երկաթն արյան կարմիր բջիջներում (էրիթրոցիտներ) պարունակվող հեմոգլոբինի կենսականորեն անհրաժեշտ մասն է: Հեմոգլոբինը սպիտակուց է, որն անմիջականորեն մասնակցում է արյան միջոցով թթվածնի տեղափոխմանը: Այդ իսկ պատճառով երկաթի անբավարարությունը կարող է հանգեցնել ձեր արյան կարմիր բջիջների քանակի նվազեցման (կոչվում է երկաթ-դեֆիցիտային անեմիա):
Իմացե՛ք ավելին երկաթ-դեֆիցիտային անեմիայի մասին:
Մյուս կողմից, օրգանիզմում երկաթի ավելցուկն իր հերթին կարող է վնասել ձեր սիրտը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը և հոդերը:
Ի՞նչն են հետազոտում
Արյան տարբեր թեստերի օգնությամբ գնահատվում է օրգանիզմում երկաթի նյութափոխանակության առանձին օղակները:
- Արյան շիճուկի երկաթի թեստով չափվում է ձեր արյան մեջ այս տարրի մակարդակը:
- Արյան շիճուկի ֆերիտինը չափում է այն սպիտակուցի մակարդակը, որն օգնում է ձեր օրգանիզմում երկաթի պահեստավորմանը:
- Արյան շիճուկի տրանսֆերինի թեստը թույլ է տալիս չափել, թե ինչ չափով է ձեր օրգանիզմը կարողանում արյան միջոցով երկաթը տեղափոխել: Երբեմն այս հետազոտությունն անվանում են «երկաթ կապող ընդհանուր ունակության» թեստ (ԸԵԿՈւ, անգլերեն՝ TIBC):
Բժիշկը կարող է առաջարկել, որ դուք հանձնեք այս թեստերից մեկնումեկը, երկուսը կամ բոլոր երեքը միասին:
Ինչո՞ւ են այս թեստերը նշանակվում
Երկաթի թեստը կարող է ցուցված լինել, եթե հանձնել եք արյան ընդհանուր քննություն, որով հայտնաբերվել է անեմիա կամ արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) հետ կապված որևէ այլ շեղում:
Բժիշկը նաև կարող է երկաթի թեստ նշանակել այն դեպքերում, երբ կարծում է, որ ձեր օրգանիզմում այս տարրի քանակը չափից դուրս բարձր է: Օրինակ, երկաթի ավելցուկ կարող է առաջանալ հետևյալ դեպքերում՝
- հեմոխրոմոցիտոմա, որը համարվում է ժառանգական հիվանդություն
- հաճախակի իրականացված արյան փոխներարկումներ
- երկար ժամանակ երկաթի պատրաստուկների ընդունում:
Ինչպե՞ս նախապատրաստվել թեստին
Երկաթի լաբորատոր թեստը որևէ առանձնահատուկ պայման կամ պահանջ չունի: Ամեն դեպքում, մինչև արյունը հանձնելը զրուցեք ձեր բժշկի հետ:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Երկաթի լաբորատոր թեստի արդյունքները բժշկին անհրաժեշտ են, որ դրանք համադրի ձեր կամ ձեր երեխայի առողջության կամ առողջական խնդրի հետ կապված այլ գործոնների հետ: Ինչպես անեմիան, այնպես էլ երկաթի ավելցուկն ունեն բազմապիսի պատճառներ և միայն արյան շիճուկում երկաթի մակարդակն իմանալը կարող է բավարար չլինել:
Երկաթի թեստը կարող է օգնել բժշկին, որ հասկանա ձեր առողջական խնդիրը: Այնուամենայնիվ, վերջնական որոշումը կայացնելուց առաջ բժշկին նաև կարող է հետաքրքրել տարբեր այլ հարցերի պատասխաններ:
Քննարկեք լաբորատոր թեստի արդյունքները ձեր բժշկի հետ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Երկաթի թեստերի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որպեսզի իմանաք երկաթի և անեմիայի թեստերի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան հետազոտությունների ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2019
Վերջին վերանայում՝ 08-05-2024