Եղջերաթաղանթի (եղջերենու) բորբոքումը կարող է կապված լինել մի շարք ոչ վարակային կամ վարակային պատճառների հետ:
Կերատիտի պատճառները կարող են ներառել հետևյալը:
- Վնասվածք. եթե որևէ առարկա քերծում կամ վնասում է ձեր եղջերաթաղանթի մակերեսը, կարող է զարգանալ ոչ վարակիչ կերատիտ: Բացի այդ, վնասվածքը կարող է թույլ տալ միկրոօրգանիզմներին մուտք գործել վնասված եղջերաթաղանթ՝ առաջացնելով վարակիչ կերատիտ:
- Բակտերիաներ, սնկիկներ կամ մակաբույծներ. այս օրգանիզմները կարող են ապրել կոնտակտային ոսպնյակի (լինզայի) կամ դրանց պատյանի մակերևույթին: Եղջերաթաղանթը կարող է վարակվել, երբ կոնտակտային լինզան տեղադրում եք ձեր աչքի մեջ՝ առաջացնելով վարակային կերատիտ: Կոնտակտային լինզաների վատ հիգիենան կամ դրանց չափից դուրս շատ կրումը կարող է առաջացնել ինչպես ոչ վարակային, այնպես էլ վարակային կերատիտ:
- Վիրուսներ. հերպեսի վիրուսները՝ հասարակ հերպեսը և հերպես զոստերը, կարող են առաջացնել կերատիտ:
- Բակտերիաներ. ստաֆիլոկոկը, ստրեպտոկոկը և պսևդոմոնասը տարածված բակտերիաներ են, որոնք կարող են առաջացնել վարակային կերատիտ:
- Աղտոտված ջուր. ջրում, հատկապես օվկիանոսների, գետերի, լճերի և լոգարանների կամ լողավազանների ջրում առկա բակտերիաները, սնկիկները և մակաբույծները կարող են թափանցել ձեր աչքերը, երբ լողում կամ լողանում եք և հանգեցնել վարակային կերատիտի: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե դուք ենթարկվել եք այս միկրոօրգանիզմների ազդեցությանը, առողջ եղջերաթաղանթը դժվար թե վարակվի, եթե նախկինում եղջերաթաղանթի մակերեսի որոշակի վնասվածք չի եղել, օրինակ՝ շատ երկար ժամանակի ընթացքում կոնտակտային ոսպնյակներ (լինզաներ) կրելուց:
Ռիսկի գործոններ
Կերատիտի ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները:
- Կոնտակտային ոսպնյակներ (լինզաներ). կոնտակտային լինզաներ կրելը, հատկապես դրանցով քնելը, բարձրացնում է ինչպես վարակային, այնպես էլ ոչ վարակային (վնասվածքային) կերատիտի ռիսկը: Այս ռիսկը սովորաբար կապված է կոնտակտային լինզաներն առաջարկվածից ավելի երկար կրելուց, ոչ պատշաճ ախտահանումից կամ լողալիս դրանք չհանելուց: Կերատիտն ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործում են երկարատև կրման կոնտակտային լինզաներ կամ անընդհատ կրում են դրանք, քան նրանց մոտ, ովքեր օգտագործում են ամենօրյա կրման լինզաներ և գիշերը քնելուց առաջ հանում են դրանք:
- Թուլացած իմունիտետ (դիմադրողականություն). եթե ձեր իմունային համակարգը թուլացել է հիվանդության կամ օգտագործվող դեղորայքի պատճառով, դուք կերատիտի զարգացման ավելի մեծ ռիսկի տակ եք:
- Կորտիկոստերոիդներ. աչքի հիվանդությունների բուժման համար կորտիկոստերոիդային աչքի կաթիլների օգտագործումը կարող է մեծացնել վարակիչ կերատիտի զարգացման ռիսկը կամ վատթարացնել առկա կերատիտը: Սա պայմանավորված է կորտիկոստերոիդների՝ իմունային համակարգը ճնշող ազդեցությամբ:
- Աչքի վնասվածք. եթե ձեր աչքերից մեկնումեկի եղջերաթաղանթը նախկինում վնասվածք է ստացել, նույն աչքը կերատիտի զարգացման նկատմամբ դառնում է ավելի խոցելի:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024