Եղջերաթաղանթի (եղնջենու) բորբոքման բուժումը կախված է պատճառից:
Ոչ վարակային կերատիտի բուժումը
Ոչ վարակիչ կերատիտի բուժումը տարբեր է՝ կախված ծանրության աստիճանից: Օրինակ, եղջերաթաղանթի քերծվածքից թեթև անհարմարավետություն առաջանալու դեպքում արհեստական արցունքի կաթիլները կարող են լինել միակ բուժումը: Այնուամենայնիվ, եթե կերատիտը զգալի արցունքահոսություն և ցավ է առաջացնում, կարող են անհրաժեշտ լինել աչքի տեղային դեղամիջոցներ:
Վարակային կերատիտի բուժումը
Վարակային կերատիտի բուժումը տարբերվում է՝ կախված վարակի հարուցիչից:
- Բակտերիալ կերատիտ. հակաբիոտիկային աչքի կաթիլները բակտերիալ կերատիտի առաջնային բուժումն են: Կախված վարակի ծանրության աստիճանից, կաթիլների օգտագործման հաճախականությունը կարող է տատանվել օրական չորս անգամից մինչև յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, նույնիսկ՝ գիշերը: Երբեմն, որպես հավելյալ միջոց, նշանակվում են բերանային (օրալ) հակաբիոտիկներ:
- Սնկիկային կերատիտ. սնկիկների պատճառով առաջացած կերատիտը սովորաբար պահանջում է հակասնկիկային աչքի կաթիլներ և բերանային (օրալ) հակասնկիկային դեղամիջոցներ:
- Վիրուսային կերատիտ. եթե եղջերաթաղանթի վարակի պատճառը հերպեսի վիրուսն է, հակավիրուսային աչքի կաթիլները և բերանային (օրալ) հակավիրուսային դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել: Այլ վիրուսների դեպքում անհրաժեշտ է միայն օժանդակող բուժում, օրինակ՝ արհեստական արցունքի կաթիլներ:
- Ականթամեոբային կերատիտ. ականթամեոբա մակաբույծով առաջացած կերատիտը կարող է դժվար բուժվել: Նման դեպքերում նշանակվում են հակամակաբուծային աչքի կաթիլներ, սակայն որոշ ականթամոեբա վարակներ կայուն են դեղամիջոցների նկատմամբ և կարող են պահանջել մի քանի ամիս շարունակվող բուժում: Ականթամեոբային կերատիտի ծանր դեպքերը կարող են պահանջել եղջերաթաղանթի փոխպատվաստում:
Եթե կերատիտը չի արձագանքում դեղորայքին կամ, եթե այն հասցրել է անդառնալի վնաս պատճառել ձեր եղջերաթաղանթին և զգալիորեն խաթարել է ձեր տեսողությունը, ակնաբույժը կարող է խորհուրդ տալ եղջերաթաղանթի փոխպատվաստում:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024