Երիկամային անբավարարություն
05-05-2018
3 րոպե
Երիկամային անբավարարությունն առողջական ծանր վիճակ է, որն առաջանում է տարբեր պատճառներից երիկամների անբավարար գործունեության հետևանքով:
Երիկամների գործունեության խանգարումը բերում է մի վիճակի, երբ դրանք չեն հասցնում արյունը զտել մաքրել օրգանիզմի նյութափոխանակության արգասիքներից, որոնք էլ սկսում են կուտակվել արյան մեջ:
Երիկամային (ռենալ) անբավարարությունը կարող է զարգանալ հանկարծակի (սուր) կամ որպես երիկամային հիվանդության վերջնային փուլ (քրոնիկ): Վերջինս չբուժվելու դեպքում գրեթե միշտ ավարտվում է մահով:
Երբ երիկամների գործունեությունը խիստ ընկճված է, հիվանդի կյանքը փրկելու համար կարող է դիալիզի կամ հիվանդ երիկամի փոխպատվաստման կարիք առաջանալ:
Ի՞նչ է երիկամային անբավարարությունը
Երիկամների գործունեության կտրուկ արգելակումը բերում է երիկամային սուր անբավարարության: Այս վիճակը զարգանում է արագորեն՝ մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում, և ավելի հաճախ հանդիպում է որոշ հիվանդությունների ծայրահեղ ծանր (կրիտիկական) փուլում:
Ավելի հաճախ հանդիպում է երիկամային քրոնիկ անբավարարությունը որպես երիկամների քրոնիկ հիվանդության վերջին փուլ, երբ այս օրգանների գործունեության ընկճումը հասնում է շուրջ 90%:
Խնամք և աջակցություն
Երիկամային անբավարարությամբ մարդիկ հաճախ իրենց առողջական ծանր վիճակի հետ կապված մշտական խնամքի և աջակցության կարիք ունեն:
Որո՞նք են երիկամային անբավարարության պատճառները
Սուր երիկամային անբավարարարությունն ավելի հաճախ հանդիպում է հիվանդանոցային բուժում ստացող ծանր հիվանդների մոտ: Պատճառներից են՝
- դեպի երիկամներ արյան հոսքի կտրուկ դանդաղում (օրինակ՝ ծանր վնասվածքներ, տարածուն այրվածքներ կամ ծանր ջրազրկում)
- երիկամների կծիկները խորը վնասող սուր ախտահարում (օրինակ՝ սուր թունավորումներ)
- երիկամների արտատար խողովակների (միզածորանների) սուր խցանում (օրինակ՝ միզաքարային հիվանդություններ, ուռուցքներ):
Որոշ դեղեր նույնպես կարող են առաջացնել երիկամային սուր անբավարարություն, օրինակ՝ հակաբիոտիկներ, քիմիոթերապիայի դեղեր, ռենտգենոգրաֆիայի մեջ օգտագործվող գունանյութեր (կոնտրաստ), զարկերակային գերճնշման և օստեոպորոզի բուժման մեջ նշանակվող դեղեր:
Քրոնիկ երիկամային անբավարարության հասցնող հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում են շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը և երիկամների բորբոքումը (գլոմերուլոնեֆրիտ):
Երիկամային անբավարարության նշանները և ախտանիշները
Սուր երիկամային անբավարարությունը կարող է ուղեկցվել մեզի քչացմամբ (օլիգուրիա) կամ բացակայությամբ (անուրիա) և օրգանիզմի հեղուկների պահմամբ, շփոթվածությամբ, սրտխառնոցով և կրծքավանդակի շրջանի ցավերով:
Քրոնիկ երիկամային անբավարության ախտանիշներից են արտահայտված ընդհանուր թուլությունը և հոգնածության զգացումը, սրտխառնոցը, փսխումը, քորը, «անհանգիստ» ոտքերը, շնչարգելությունը, բուժմանը չենթարկվող բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) և գիշերային ժամերի միզարձակությունը:
Երիկամային անբավարարության բուժումը
Երիկամային անբավարարության բուժումը կարող է ընթանալ հետևյալ երեք տարբերակներով՝
- երիկամների փոխպատվաստում, ինչը նշանակում է, որ հիվանդ երիկամը վիրահատական միջամտությամբ փոխարինվում է դոնորական առողջ երիկամով
- դիալիզ, որի ժամանակ հատուկ սարքերի օգնությամբ արյունը (հեմոդիալիզ) կամ օրգանիզմի այլ հեղուկները (որովայնային դիալիզ) մաքրվում են նյութափոխանակության արգասիքներից և ավելցուկային հեղուկներից
- օժանդակող կամ «սիմպտոմատիկ» բուժում, որը երիկամային անբավարարության հետևանքների մեղմացումն է՝ առանց բուն երկիամային հիվանդությունը բուժելու:
Բժիշկը կարող է նաև ձեր սննդակարգի, հեղուկների ընդունման և այլ հարցերի հետ կապված խորհուրդներ առաջարկել:
Երիկամային անբավարարության կանխարգելումը
Երիկամային անբավարարության կանխարգելումը ոչ այլ ինչ է, քան երիկամային հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցում:
Դուք ինքներդ կարող եք օգնել ձեր երիկամների առողջ վիճակի պահպանմանը՝ հետևելով առողջ ապրելակերպի սկզբունքներին, մշտապես հսկելով ձեր արյան գլյուկոզի մակարդակը (եթե ունեք դիաբետ) և զարկերակային ճնշումը (եթե ունեք հիպերտենզիա): Այս համատեքստում, «հետևելը» նշանակում է ձեր առողջական վիճակի կանոնավոր ստուգում, բժշկի հետ մշտական կապի պահպանում և նրա նշանակած բուժման ճշգրիտ կատարում:
Հոդվածը վերանայվել է՝ 22-04-2021