Երիկամները արյունը զտում են նյութափոխանակության արգասիքներից՝ թափոնային նյութերից և կարգավորում օրգանիզմի ջրաաղային հավասարակշռությունը:
Երիկամների արդյունավետ գործունեությունը կարող է խանգարվել տարբեր պատճառներից: Դրանք կարող են լինել ինչպես երիկամների ախտահարման, այնպես էլ արտաերիկամային հիվանդությունների և վիճակների պատճառով: Երիկամների գործունեության թեստերը օգնում են ձեր բժշկին, որ գնահատի տվյալ պահին ձեր երիկամների գործառույթները և հսկի դրանք ժամանակի ընթացքում:
Երիկամների գործունեությունը կարելի է ստուգել արյան և մեզի մի շարք թեստերով: Այս թեստերն այլ կերպ անվանում են երիկամային (ռենալ) թեստեր, երիկամային (ռենալ) պրոֆիլ կամ երիկամային (ռենալ) պանել:
Ի՞նչն են հետազոտում
Երիկամների գործունեությունը գնահատող հիմնական թեստերն են՝
- արյան միզանյութ և կրեատինին, որոնք այլ կերպ անվանում են մնացորդային ազոտի թեստեր
- մեզում ալբումին և կրեատինին, որը թույլ է տալիս նաև հաշվարկել ալբումին/կրեատինին գործակիցը
- կծիկային ֆիլտրացիայի արագություն:
Այլ հետազոտություններից են՝
- մեզի թեստ, օրինակ՝ մեզի ընդհանուր քննություն, որը թույլ է տալիս չափել ձեր մեզի տեսակարար կշիռը, լեյկոցիտները, էրիթրոցիտները, սպիտակուցը, մեզի թթվայնությունը, նյութափոխանակության որոշ արգասիքներ (բիլիռուբին, ուռոբիլինոգեն, կետոններ), իսկ մեզի նստվածքի մանրադիտակային հետազոտությամբ՝ նաև այլ լրացուցիչ ցուցանիշներ
- արյան էլեկտրոլիտներ, սովորաբար՝ իոնական նատրիում, կալիում, քլորիդներ կամ բիկարբոնատներ
- արյան ընդհանուր հետազոտություն՝ արյան ձևավոր տարրերի քանակ, լեյկոցիտների տարբեր տեսակների բացարձակ թվեր և տոկոսային հարաբերություններ (լեյկոգրամա կամ լեյկոֆորմուլա) և այլն:
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
Երիկամների գործունեության թեստերը շատ կարևոր են դիաբետով, բարձր արյան ճնշմամբ կամ սրտանոթային հիվանդություններով մարդկանց համար: Բժիշկը կարող է նշանակել ռենալ թեստերը, եթե՝
- կասկածում է, որ ձեր երիկամները նորմալ չեն գործում
- դուք ունեք երիկամային որևէ հիվանդություն, որի բուժումն ունի երկարատև հսկողության կարիք
- անհանգստացած է ձեր արյան մեջ կալիումի և այլ էլեկտրոլիտների (իոնների) շեղված արդյունքներից
- դուք ընդունում եք դեղամիջոցներ, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել ձեր երիկամների գործունեության վրա:
Ինչպե՞ս նախապատրաստվել այս հետազոտությանը
Եթե ձեր բժիշկը որևէ կոնկրետ ցուցում չի տվել, ապա որևէ նախապատրաստություն պետք չէ:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Միզանյութի կամ կրեատինինի շեղված՝ նորմայից բարձր մակարդակները կարող են վկայել երիկամների սուր կամ քրոնիկ ախտահարման մասին:
Էլեկտրոլիտների (իոններ) մակարդակի շեղումներն ի հայտ են գալիս տարբեր, այդ թվում՝ երիկամային հիվանդությունների ժամանակ: Դրանք կարող են շեղվել նաև երկար ժամանակ միզամուղներ կամ այլ դեղեր ընդունելիս:
Կարևոր է, որ դուք ձեր բժշկի հետ քննարկեք հետազոտության արդյունքները:
Լրացուցիչ տեղեկատվություն
Երիկամների գործունեության թեստերի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք երիկամային թեստերի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024