Ծննդաբերությունը բարդ և ժամանակատար գործընթաց է, որի վաղ նշանները երբեմն կարող են աննկատ մնալ:
Ահա թե ինչ է պետք իմանալ ծննդաբերության հիմնական նշանների մասին:
Կրճատում. վզիկի բարակում
Արգանդի հեշտոցային հատվածը, որը կոչվում է պարանոց կամ վզիկ (ցերվիքս), սովորաբար ունի 3,5-4 սմ երկարություն: Ծննդաբերությունը սկսվելիս այն փափկում և կարճանում է (կոչվում է կրճատում, անգլերեն՝ effacement): Դուք կարող եք զգալ անհարմարավետություն պատճառող, սակայն ոչ կանոնավոր և ոչ շատ ցավոտ կծկանքներ կամ էլ կարող եք որևէ բան չզգալ:
Վզիկի կրճատումը հաճախ արտահայտվում է տոկոսներով: 0% կրճատման ժամանակ վզիկն ունի առնվազն 2 սմ երկարություն կամ խիստ հաստ է: Մինչև հեշտոցային ծննդաբերությունը այն պետք է լինի 100% կրճատված կամ լրիվ բարակած:
Լայնացում. վզիկի բացում
Ծննդաբերության մյուս նշանը այն է, որ արգանդի վզիկը սկսում է բացվել (լայնանալ): Բժիշկը կամ մանկաբարձուհին գնահատում է վզիկի բացվածքը սանտիմետրերով՝ սկսած զրոյից (լայնացում չկա) մինչև 10 (ամբողջովին լայնացած):
Սկզբում վզիկի այսպիսի փոփոխությունները կարող են լինել դանդաղ: Ակտիվ ծննդաբերության փուլ մտնելիս պարանոցը սկսում է լայնանալ ավելի արագորեն:
Հեշտոցային արտադրուկի ավելացում
Հղիության ընթացքում արգանդի վզիկի վրա կա լորձային շերտ՝ լորձային խցան, որը փակում է դրա բացվածքը և կանխարգելում բակտերիաների ներթափանցումը արգանդի խոռոչ: Հղիության ուշ՝ երրորդ եռամսյակում (տիրմեստր) այս խցանը կարող է հրվել ներքև՝ դեպի հեշտոց: Դուք կարող եք նկատել հեշտոցային արտադրության առատացում, որը մաքուր, վարդագույն կամ քիչ արյունոտ է: Անգլախոս հեղինակներն այս երևույթն անվանում են «ցուցադրում» (show), որը կարող է ի հայտ գալ ծննդաբերությունը սկսվելուց մի քանի օր առաջ կամ հենց սկզբում և վկայում է մոտալուտ ծննդաբերության մասին:
Ծննդաբերությանը նախորդող հեշտոցային արյունահոսությունն իր առատությամբ կարող է նմանվել նորմալ դաշտանին, սակայն, նման բան հայտնաբերելիս առանց ուշացնելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ: Առատ հեշտոցային արյունահոսությունը կարող է լինել որևէ խնդրի նշան:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում հեշտոցային արտադրուկի փոփոխությունների մասին:
«Բնավորում». ուժերի պոռթկում
Դուք կարող եք մի առավոտ արթնանալ ներուժով լցված, ձգտել սառցարանը լցնել պատրաստի կերակուրներով, սենյակում հարմարեցնել ապագա երեխայի օրորոցը կամ դասավորել նրա շորերը: Այսպիսի «իրարանցումը» լայնորեն հայտնի է որպես «բույն դնելու» բնազդ:
Բնավորման երևույթը կարող է սկսվել հղիության ցանկացած փուլում, սակայն որոշ կանանց համար սա ծննդաբերության ժամկետի մոտեցման նշան է: Արեք այն, ինչ ցանկանում եք, սակայն մի գերծանրաբեռնեք ձեզ: Պահպանեք ձեր ուժերն առաջիկա ծննդաբերության համար:
Երեխայի ներքև հրվելու զգացողություն
Թեթևացումը (անգլերեն՝ lightening) կամ անկումը կամ մասնակցությունը տերմիններ են, որոնք օգտագործվում են, որ նկարագրեն այն երևույթը, երբ երեխայի գլուխը իջնում է ներքև՝ խորանալով դեպի կոնք: Սա կարող է բերել ձեր որովայնի ձևի փոփոխության: Նման տեղաշարժեր կարող են առաջանալ ծննդաբերությունը սկսվելուց մի քանի շաբաթից սկսած մինչև մի քանի ժամ առաջ:
Թաղանթների պատռում և ջրերի հոսում
Պտղապարկը հեղուկով՝ պտղաջրերով լցված թաղանթ է, որը ծածկում է արգանդում գտնվող ձեր երեխային: Ծննդաբերության սկզբում կամ ընթացքում այս թաղանթը պատռվում է և պտղաջրերը արտահոսում են՝ հեռանալով հեշտոցով:
Երբ ջրերը գնում են, դուք կարող եք նկատել, որ ձեր հեշտոցից անկանոն կամ շարունակաբար քիչ քանակով հոսում կամ առատորեն թափվում է ջրիկ հեղուկ: Եթե վստահ չեք, թե դա պտղաջրեր են, մեզ, թե մեկ այլ բան, կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Երբ ձեր պտղապարկն այլևս վնասված ու դատարկված է, ժամանակը դառնում է կարևոր: Պտղաջրերի արտահոսքից հետո որքան երկար ժամանակ անցավ մինչև ծննդաբերության սկիզբը (եթե այն դեռ չի սկսվել), այդքան ավելի մեծ է ռիսկը, որ ձեզ մոտ կամ երեխայի մոտ կզարգանա վարակ: Ծննդաբերության ուշացման դեպքում բժիշկ-մանկաբարձը կարող է խթանել արգանդի կծկումները (կոչվում է ծննդաբերության դրդում):
Կծկանքներ. ե՞րբ են ծննդաբերական ցավերը սկսվում
Հղիության վերջին մի քանի ամսվա ընթացքում դուք կարող եք զգալ հազվադեպ, երբեմն՝ ցավով ուղեկցվող կծկանքներ՝ այնպիսի զգացողություն, որ ձեր արգանդը կծկվում և թուլանում է: Դրանք կոչվում են «Բրաքստոն Հիկսի կծկանքներ»:
Իմացե՛ք ավելին ծննդաբերական կեղծ կծկանքների (Բրաքստոն-Հուկս) մասին:
Սյս կծկանքներն իսկական ծննդաբերական կծկանքներից տարբերելու համար փորձեք պատասխանել այս հարցերին:
- Արդյոք կծկանքները կանոնավո՞ր են. չափեք ձեր կծկանքների տևողությունը՝ հաշված առաջինի սկզբից մինչև հաջորդի սկիզբը: Իսկական ծննդաբերական կծկանքներն ունեն կանոնավոր բնույթ, հարաճուն կերպով ուժեղանում են և ժամանակային առումով մոտենում միմյանց: Կեղծ կծկանքները մնում են անկանոն:
- Ինչքա՞ն են դրանք տևում. չափեք, թե ինչքան է յուրաքանչյուր կծկանքը շարունակվում: Իսկական ծննդաբերական կծկանքները տևում են 30-ից մինչև 70 վայրկյան:
- Արդյոք կծկանքները դադարո՞ւմ են. իսկական ծննդաբերական կծկանքները շարունակվում են՝ անկախ ձեր ֆիզիկական ակտիվության մակարդակից կամ դիրքից: Կեղծ կծկանքները կարող են դադարել, երբ քայլում եք, հանգստանում եք կամ փոփոխում եք ձեր դիրքը:
Իմացե՛ք ավելին ծննդաբերական կծկանքների (կոնտրակցիա) մասին:
Ակնկալեք նաև կեղծ ահազանգեր
Հիշեք, որ ոչ մեկը հստակ չգիտի, թե ինչն է նպաստում ծննդաբերության սկսվելուն, և յուրաքանչյուր կնոջ մոտ այն կարող է ընթանալ առանձնահատուկ ձևով: Երբեմն դժվար է հասկանալ, թե երբ է ծննդաբերությունը սկսվելու:
Մի՛ ամաչեք և տեղեկացրեք ձեր բժշկին ցանկացած դեպքում, եթե չեք կողմնորոշվում, թե արդյոք ձեր կծկանքներն իսկական են, թե կեղծ, և արդյոք ծննդաբերությունը սկսվել է:
Վաղաժամ ծննդաբերությունը կարող է լինել առանձնահատուկ շփոթեցնող: Եթե մինչև 37 շաբաթական հղիությունը ձեզ մոտ նկատում եք ծննդաբերության նշաններից որևէ մեկը, հատկապես, եթե առկա է նաև հեշտոցային արտադրություն, անպայման կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Եթե դուք ժամանում եք ծննդատուն կեղծ ծննդաբերության պատրվակով, մի՛ ամաչեք կամ մի՛ հիասթափվեք: Ավելի լավ է շուտ գալ ծննդատուն, քան՝ ուշացած:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024