Լիստերոիզով հիվանդացած առողջ մարդիկ կարող են չիմանալ իրենց վարակված լինելու մասին կամ ներկայացնել միայն թույլ գրիպանման կամ գաստրոէնտերին բնորոշ ստամոքսաղիքային ախտանիշներ:
Այնուամենայնիվ, թուլացած իմունիտետով մարդկանց մոտ հիվանդությունը կարող է ստանալ ավելի ծանր ընթացք:
Լիստերիոզը կարող է ընթանալ հետևյալ ախտանիշներով՝
- ջերմություն
- դող և սարսուռ
- մկանային ցավեր
- սրտխառնոց
- փորլուծություն:
Ախտանիշները կարող են սկսվել վարակված սնունդ ուտելուց մի քանի օր անց, սակայն կարող է տևել 30 օր կամ ավելի, մինչև վարակի առաջին գանգատներն ու ախտանիշներն ի հայտ գան:
Եթե լիստերիայի վարակը տարածվում է ձեր նյարդային համակարգի վրա, գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- գլխացավ
- պարանոցային կարկամություն
- շփոթվածություն կամ ուշադրության խանգարումներ
- հավասարակշռության խանգարումներ
- մկանային ցնցումներ (կոնվուլսիաներ):
Ախտանիշները հղիության ընթացքում և նորածինների մոտ
Հղիության ընթացքում լիստերիոզը հավանական է, որ մոր առաջացնի միայն թեթև գանգատներ և ախտանիշներ: Սակայն, նորածնի մոտ կարող են զարգանալ ցավալի հետևանքներ. երեխան կարող է մահանալ արգանդում կամ ծնվելուց մի քանի օրվա ընթացքում ունենալ կյանքին սպառնացող վարակ:
Նորածինների մոտ լիստերիոզի գանգատներն ու ախտանիշները կարող են լինել աննշան, սակայն որոշ դեպքերում կարող են ընթանալ հետևյալ նշաններով՝
- կերակրման նկատմամբ հետաքրքրության կորուստ
- դյուրագրգռություն
- ջերմություն
- փսխում
- շնչառության դժվարացում:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կերել եք մթերք, որը հետ է կանչվել լիստերիոզի բռնկման պատճառով, հետևեք հիվանդության գանգատներին կամ ախտանիշներին: Եթե ունեք ջերմություն, մկանային ցավեր, սրտխառնոց կամ փորլուծություն, դիմեք ձեր բժշկին: Նույնը վերաբերվում է այն հիվանդություններին, որոնք առաջանում են պոտենցիալ վարակված արտադրանք ուտելուց հետո, ինչպիսիք են ոչ պաստերիզացված կաթով պատրաստված մթերքները կամ վատ տաքացված հոթ-դոգը կամ մսային դելիկատեսները:
Եթե ունեք բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, կարկամված պարանոց, շփոթվածություն կամ լույսի նկատմամբ գերզգայունություն, զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն: Այս գանգատներն ու ախտանիշները կարող են վկայել բակտերիալ մենինգիտի՝ լիստերիոզի կյանքին սպառնացող բարդության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024