Առողջական խնդիրներ

Լիստերիոզ

Լիստերիոզ

Time Read 3 րոպե

Լիստերոիզը սննդային թունավորման տեսակ է, որը պատճառվում է Լիստերիա բակտերիայով աղտոտված մթերքներ ուտելիս:

Թեև վարակային ծագում ունեցող այս հիվանդությունը ոչ միշտ է վտանգավոր, սակայն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել որոշ մարդկանց, այդ թվում՝ հղի կանանց մոտ:

Ի՞նչ է լիստերիան և լիստերիոզը

Լիստերիան (լրիվ անվանումը՝ Listeria monocytogenes) բակտերիայի տեսակ է, որը պատկանում է կորինոբակտերիաների ընտանիքին: Այն գրամ-դրական ցուպիկ է, որով վարակվելիս կարող եք հիվանդանալ «լիստերիոզ» կոչվող հիվանդությամբ:

Լիստերիա բակտերիան լայնորեն տարածված է արտաքին միջավայրում, սակայն լիստերիոզ հիվանդությունը հանդիպում է միայն խիստ հազվադեպ:

Լիստերիա բակտերիայով վարակվելը սովորաբար առողջ մարդկանց մոտ որևէ հիվանդություն չի առաջացնում: Սակայն կան որոշ խմբեր, որոնք լիստերիայով վարակվելիս ունեն լիստերիոզով հիվանդանալու բարձր ռիսկ: Այդ խմբերից են՝

  • հղի կանայք և նրանց չծնված երեխաներ
  • թուլացած իմունային համակարգով մարդիկ, օրինակ՝ նրանք, ովքեր ունեն քաղցկեղ, դիաբետ կամ քրոնիկ վարակներ
  • մարդիկ, ովքեր ընդունում են իմունային համակարգն ընկճող դեղեր (օրինակ՝ Պրեդնիզոն կամ Կորտիզոն)
  • 65-ից բարձր մարդիկ:

Լիստերիոզի պատճառները

Լիստերիոզով հիվանդացող մարդկանց մեծ մասը վարակվում է Լիստերիայով աղտոտված սննդամթերքներից: Այսպիսի «բարձր ռիսկային» սննդամթերքներից են՝

  • ոչ պաստերիզացված կաթնամթերքներ, օրինակ՝ հում կաթ
  • ոչ սառեցված պաղպաղակ («կրեմ-պաղպաղակ»)
  • փափուկ պանիրներ, օրինակ՝ բրի կամ կամեմբերտ
  • հում ծովամթերք, օրինակ՝ ոստրե (устрица) կամ պատրաստի ծովամթերք
  • նախապես պատրաստված մրգեր կամ բանջարեղեններ, օրինակ՝ սալաթ-բարում առաջարկվող
  • չլվացած հում բանջարեղեններ
  • պատշետ կամ մսային սփրեդ
  • սառը միս կամ թռչնամիս, ներառյալ՝ փաթեթավորված մսի շերտեր:

Լիստերիա բակտերիան հեշտությամբ ոչնչանում է տաքացնելիս, սակայն ջերմային մշակման ենթարկված մթերքները կարող են աղտոտվել այս բակտերիայով, եթե չպահպանվեն հիգիենայի կանոնները, հատկապես՝ դրանց հետ աշխատելու հետ կապված և պահպանման: Լիստերիան կարող է բազմանալ նույնիսկ սառցարանի մթերքներում, եթե դրանք պահվում են երկար ժամանակ:

Դուք նաև կարող եք հիվանդանալ լիստերիոզով վարակված կենդանիների հետ շփվելիս, սակայն վարակման այս ուղին հանդիպում է խիստ հազվադեպ:

Լիստերիոզի ախտանիշները

Լիստերոիզով հիվանդացած առողջ մարդիկ կարող են չիմանալ իրենց վարակված լինելու մասին կամ ներկայացնել միայն թույլ «գրիպանման» կամ գաստրոէնտերին բնորոշ գանգատներ: Սակայն թուլացած իմունիտետով մարդկանց մոտ հիվանդությունը կարող է ստանալ ավելի ծանր ընթացք:

Ունենալով թույլ կամ աննկատ սկիզբ, լիստերիոզի զարգացումը կարող է տևել շաբաթներ և անգամ ամիսներ:

Ախտանիշները կարող են ներառել՝

Որոշ մարդկանց մոտ վարակը կարող է տարածվել դեպի կենտրոնական նյարդային համակարգ՝ առաջ բերելով ծանր ախտանիշներ՝ պարանոցի լարվածություն (ռիգիտություն), շշմածություն, հավասարակշռության խանգարումներ, կոլապս, ցնցումներ կամ կոմա:

Լիստերիոզի ախտորոշումը

Լիստերիան ախտորոշվում է արյան, ողնուղեղային հեղուկի, իսկ հղի կանանց մոտ՝ նաև ընկերքի կենսանմուշի մանրէաբանական հետազոտությամբ (ցանքս):

Լիստերիոզի բուժումը

Լիստերիոզի բուժումը կախված է ախտանիշների ծանրության աստիճանից: Թեթև գանգատներով մարդկանց մեծ մասը որևէ բուժման կարիք չունի:

Լիստերիոզը կարող է բուժվել հակաբիոտիկներով: Եթե դուք լիստերիոզ ախտորոշվել եք հղիության ընթացում, ապա բուժումը կարող է կանխարգելել ձեր չծնված երեխայի վարակումը:

Լիստերիոզի կանխարգելումը

Լիստերոզով վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար դուք կարող եք՝

  • խուսափել «բարձր ռիսկային» սննդամթերք օգտագործելուց
  • խուսափել ժամկետանց որևէ սննդամթերք օգտագործելուց
  • օգտագործել միայն թարմ պատրաստված մթերքներ
  • ճաշեր կամ կերակուրներ պատրաստելիս մթերքը ջերմային մշակման ենթարկել լիարժեքորեն կամ սեղան նստելուց առաջ առաջ ճաշը եռացնել
  • սեղանին մնացած սննդատեսակները պահպանել սառնարանում և օգտագործել միայն մոտակա 24 ժամվա ընթացքում
  • հում սննդատեսակների հետ առնչվելիս պահպանել հիգիենայի կանոնները (օրինակ՝ լվանալ ձեռքերը կերակուր պատրաստելուց առաջ և հետո):

Ո՞ւմ դիմել

Եթե կարծում եք, որ կարող եք վարակված լինել լիստերիոզով, դիմեք ձեր բժշկին:

Եթե հղի կին եք, դիմեք բժշկին առանց հետաձգելու: Չնայած այն հանգամանքին, որ ձեր գանգատները կարող են լինել թույլ արտահայտված, հիվանդությունը կարող է լրջորեն վնասել ձեր չծնված երեխային:

Հոդվածը տեղադրվել է՝ 28-04-2020 վերանայվել է՝ 22-03-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով