Նորմայում յուրաքանչյուր կծկման ընթացքում ձեր սիրտն արյունն արտամղում է ողջ մարմնով:
Սրտի խոռոչներն արյունն արտամղում են համակարգված կծկումների և թուլացման միջոցով: Սրտի խոռոչների այսպիսի ներդաշնակ աշխատանքը կարգավորվում է սրտով տարածվող էլեկտրական ազդանիշների միջոցով: Յուրաքանչյուր սրտազարկից հետո սրտի էլեկտրական համակարգն ինքնուրույն «վերալիցքավորվում է»՝ պատրաստվելով հաջորդ կծկմանը:
Երկար QT համախտանիշի ժամանակ ձեր սրտամկանի կծկումների միջև վերալիցքավորումը տևում է նորմայից ավելի երկար: Այսպիսի էլեկտրական շեղումը կարող է հայտնաբերվել էլեկտրասրտագրությամբ (ԷՍԳ) որպես երկարացած QT միջակայքով:
Ժառանգական երկար QT համախտանիշ
Առնվազն 17 գեն կապված են այս հիվանդության հետ և մինչ օրս հայտնաբերվել են դրանց հարյուրավոր մուտացիաներ: Այնուամենայնիվ, երկար QT համախտանիշով մարդկանց մոտ 20%-ի մոտ գենետիկ թեստով կարող է ստացվել բացասական պատասխան:
Բժիշկներն առանձնացնում են բնածին երկար QT համախտանիշի երկու տարատեսակ՝
- Ռոմանո-Վորդի համախտանիշ, որն ավելի հաճախ հանդիպող և միայն մեկ ծնողից ժառանգվող տարատեսակն է
- Ժերվելի և Լանգե-Նիլսենի համախտանիշ, որն ավելի հազվադեպ հանդիպող, երկու ծնողից ժառանգվող և ավելի ծանր ընթացքով տարատեսակն է և ուղեկցվում է բնածին խլության հետ:
Ձեռք բերովի երկար QT համախտանիշ
Ձեռք բերովի երկար QT համախտանիշը կարող է պատճառվել որոշ դեղերից, էլեկտրոլիտային շեղումներից (օրինակ՝ ցածր արյան կալիում կամ հիպոկալեմիա) կամ որոշ առողջական խնդիրներից:
Ավելի քան 100 դեղեր, որոնց մեծ մասը լայնորեն օգտագործվում են, կարող են առողջ մարդկանց մոտ երկարացնել QT միջակայքը: Նման վիճակը կոչվում է դեղով պատճառված երկար QT համախտանիշ:
QT միջակայքը երկարացնող և սրտի ռիթմի խանգարում առաջացնող դեղերից են՝
- որոշ հակաբիոտիկներ
- որոշ հակադեպրեսանտներ և հակափսիխոտիկ դեղեր
- որոշ հակահիստամինային դեղեր
- կալիում հեռացնող միզամուղներ
- սրտի նորմալ ռիթմը պահպանող դեղեր (հակաառիթմիկներ)
- որոշ հակասրտխառնոցային դեղեր:
Սովորաբար երկար QT համախտանիշ առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն որոշակի գենետիկ մուտացիաներ:
Ռիսկի գործոններ
Երկար QT համախտանիշի զարգացման ռիսկը բարձրանում է հետևյալ խմբերում՝
- անբացատրելի ուշագնացությամբ, ջրախեղդման կամ այլ պատահարներով երեխաներ, դեռահասներ կամ երիտասարդ չափահասներ
- նրանց ընտանիքի անդամներ
- հաստատված երկար QT համախտանիշով անձանց անմիջական հարազատներ
- QT միջակայքը երկարացնող դեղեր ընդունող անձինք
- արյան կալիումի, մագնեզիումի կամ կալցիումի ցածր մակարդակով անձինք, օրինակ՝ նյարդային անորեքսիայով հիվանդներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024