Սեռական հարաբերության ցանկությունը հիմնված է բազմաթիվ գործոններ բարդ փոխազդեցության վրա, որոնք ազդում են սեռական մտերմության վրա, ներառյալ ֆիզիկական և հուզական բարեկեցությունը, փորձառությունները, համոզմունքները, ապրելակերպը և ձեր ներկա փոխհարաբերությունները:
Երբ այս ոլորտներից որևէ մեկում խնդիր ունեք, դա կարող է ազդել ձեր սեռական ցանկության վրա:
Ֆիզիկական (մարմնական) խնդիրներ
Հիվանդությունների լայն շրջանակը, ֆիզիկական փոփոխությունները և դեղամիջոցները կարող են առաջացնել ցածր սեռական ցանկություն, ներառյալ հետևյալը:
- Սեռական խնդիրներ. եթե սեռական հարաբերության ժամանակ ցավ եք զգում կամ չեք կարողանում օրգազմ ապրել, դա կարող է նվազեցնել ձեր սեռական ցանկությունը։
- Առողջական խնդիրներ և հիվանդություններ. սեռական կյանքի կամ համակարգի հետ կապ չունեցող բազմաթիվ հիվանդություններ կարող են ազդել սեռական ցանկությունների վրա, ներառյալ հոդաբորբը (արթրիտ), քաղցկեղը, դիաբետը, բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա), սրտի իշեմիկ հիվանդությունը և նյարդաբանական խանգարումները:
- Դեղորայք. hայտնի է, որ որոշ դեղեր, հատկապես հակադեպրեսանտների մի խումբը, որը կոչվում սերոտոնինի ետզավթման ընտրողական արգելակիչներ (ինհիբիտորներ), նվազեցնում են սեռական ցանկությունը:
- Ապրելակերպային սովորույթներ. մեկ գավաթ գինին կարող է տրամադրություն բարձրացնել, սակայն չափից շատ ալկոհոլը կարող է ազդել ձեր սեռական ցանկությունների վրա: Նույնը վերաբերում է ապօրինի թմրանյութերին: Բացի այդ, ծխելը նվազեցնում է արյան հոսքը, ինչը կարող է թուլացնել ձեր սեռական գրգռումը:
- Վիրահատություն. ցանկացած վիրահատություն՝ կապված ձեր կրծքի կամ սեռական օրգանների հետ, կարող է ազդել ձեր ինքնագնահատականի, սեռական ֆունկցիայի և սեռական հարաբերության ցանկության վրա:
- Հոգնածություն. փոքր երեխաներին կամ ծեր ծնողներին խնամելու հետևանքով հոգնածությունը կարող է նպաստել սեռական ցանկության նվազմանը: Հիվանդությունից կամ վիրահատությունից ծագած թուլությունը նույնպես կարող է դեր խաղալ ցածր սեռական ցանկության մեջ:
Հորմոնային փոփոխություններ
Հորմոնների մակարդակի փոփոխությունները կարող են փոփոխել ձեր սեռական հարաբերության նկատմամբ ձեր ցանկությունը: Սա կարող է տեղի ունենալ ձեր կյանքի հետևյալ շրջաններում:
- Դաշտանադադար (մենոպաուզա). էստրոգենի մակարդակը նվազում է դաշտանադադարի անցման ժամանակ: Սա կարող է հանգեցնել մի վիճակի, երբ դուք քիչ եք հետաքրքրվում սեռական կյանքով և ունեք հեշտոցային հյուսվածքների չորություն, ինչը առաջացնում է ցավոտ կամ անհարմարություն ստեղծող սեռական հարաբերություն: Թեև շատ կանայք դեռևս բավարար սեռական հարաբերություններ են ունենում դաշտանադադարի ընթացքում և դրանից հետո, ոմանք այս հորմոնալ փոփոխության ժամանակ ունենում են լիբիդոյի թուլացում կամ ուշացում:
- Հղիություն և կրծքով կերակրում. հղիության ընթացքում, երեխայի ծնվելուց անմիջապես հետո և կրծքով կերակրման ընթացքում տեղ գտած հորմոնային փոփոխությունները կարող են թուլացնել սեռական ցանկությունը: Հոգնածությունը, ինքնագնահատականի փոփոխությունները և հղիության կամ նոր երեխային խնամելու հետ կապված սթրեսը նույնպես կարող են նպաստել ձեր սեռական ցանկության փոփոխությանը:
Հոգեբանական պատճառներ
Ձեր հոգեվիճակը կարող է ազդել ձեր սեռական ցանկության վրա: Կան ցածր սեռական ցանկության բազմաթիվ հոգեբանական պատճառներ, այդ թվում՝
- հոգեկան առողջության խնդիրներ, ինչպիսիք են անհանգստությունը և դեպրեսիան
- սթրես, ինչպիսիք են ֆինանսական կամ աշխատանքային հուզական լարվածությունները
- ցածր ինքնագնահատական
- ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվելու պատմություն
- նախկին բացասական սեռական փորձ:
Փոխհարաբերությունների խնդիրներ
Բազմաթիվ կանանց համար հուզական մտերմությունը սեռական մտերմության կարևոր նախերգանքն է: Սա նշանակում է, որ ձեր փոխհարաբերություններում առկա խնդիրները կարող են դառնալ սեռական ցածր ցանկության հիմնական գործոնը: Սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրության նվազումը հաճախ մշտական խնդիրների հետևանք է, ինչպիսիք են՝
- ձեր զուգընկերոջ հետ կապվածության պակաս
- չլուծված հակասություններ կամ վեճեր
- փոխադարձ սեռական կարիքների և նախասիրությունների վերաբերյալ վատ տեղեկացվածություն և հաղորդակցում
- հավատարմության խնդիրներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024