Բազմաթիվ կանայք օգուտ են ստանում բուժման մոտեցումից, որն ուղղված է այս վիճակի տակ թաքնված տարաբնույթ պատճառների վերացմանը:
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ սեռական կրթություն, խորհրդատվություն և երբեմն դեղորայքային և հորմոնաային բուժումներ:
Սեռական կրթություն և խորհրդատվություն
Սեռական թերապևտի կամ խորհրդատուի հետ զրույցը, ովքեր հմուտ են սեռական մտահոգությունները լուծելու հարցում, կարող է օգնել ցածր սեռական ցանկությունների հաղթահարմանը: Թերապիան հաճախ ներառում է սեռական պատասխանի և մեթոդների մասին կրթությունը: Ձեր թերապևտը կամ խորհրդատուն, հավանաբար, խորհուրդ կտան, որ կարդաք նյութեր կամ կատարեք զույգերի վարժանքներ: Զույգերի խորհրդատվությունը, որը վերաբերում է փոխհարաբերությունների խնդիրներին, նույնպես կարող է օգնել սեռական մտերմության և ցանկության բարելավմանը:
Դեղորայքային բուժում
Ձեր բժիշկը հավանաբար կցանկանա իմանալ ձեր բոլոր այն դեղերի մասին, որոնք դուք արդեն ընդունում եք՝ ստուգելու, թե արդյոք դրանցից որևէ մեկը առաջացնում է կողմնակի սեռական ազդեցություններ: Օրինակ, հակադեպրեսանտները, ինչպիսիք են Պարոքսետինը (Պաքսիլ) և Ֆլյուոքսետինը (Պրոզակ, Սարաֆեմ) կարող են նվազեցնել սեռական ցանկությունը: Բուպրոպիոնին (Վելբուտրին SR, Վելբուտրին XL)՝ հակադեպրեսանտի մեկ այլ տեսակին անցնելը սովորաբար բարելավում է սեռական ցանկությունը և երբեմն նշանակվում է սեռական հետաքրքրության կամ գրգռման խանգարում ունեցող կանանց:
Խորհրդատվության հետ մեկտեղ ձեր բժիշկը կարող է նշանակել ձեր լիբիդոն բարձրացնող դեղորայք: Նախադաշտանադադարային կանանց համար ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության (FDA) կողմից հաստատված տարբերակները ներառում են հետևյալը:
- Ֆլիբանսերին (Էդդի)․ սա դեղահաբ, որը դուք ընդունում եք օրական մեկ անգամ՝ քնելուց առաջ: Կողմնակի ազդեցությունները ներառում են՝ ցածր արյան ճնշում, գլխապտույտ, սրտխառնոց և հոգնածություն: Ալկոհոլ խմելը կամ Ֆլյուկոնազոլ (Դիֆլյուկան) ընդունելը, որը հեշտոցի կանդիդոզային վարակների բուժման սովորական դեղամիջոց է, կարող է վատթարացնել այս կողմնակի ազդեցությունները:
- Բրեմելանոտիդ (Վիլեեսի)․ սա ներարկում, որը դուք ինքներդ ձեզ անում եք որովայնի կամ ազդրի մաշկի տակ՝ նախքան սպասվող սեռական ակտիվությունը: Որոշ կանայք նշում են սրտխառնոց, որն ավելի հաճախ հանդիպում է առաջին ներարկումից հետո, բայց հաճախ անհետանում է սկսած երկրորդ ներարկումից: Այլ կողմնակի ազդեցությունները ներառում են՝ փսխում, կարմրություն, գլխացավ և ներարկման տեղում մաշկային ռեակցիա:
Այս դեղամիջոցները FDA-ի կողմից հաստատված չեն հետդաշտանադադարում գտնվող կանանց օգտագործման համար:
Հորմոնային բուժում
Հեշտոցի չորությունը կամ փոքրացումը՝ դաշտանադադարի միզասեռական համախտանիշի (ԴՄՀ) բնորոշ նշաններից մեկը, կարող է սեքսը անհարմար դարձնել և, իր հերթին, նվազեցնել ձեր ցանկությունը: Որոշ հորմոնալ դեղամիջոցներ, որոնք նպատակ ունեն թեթևացնել GSM ախտանիշները, կարող են օգնել սեքսը ավելի հարմարավետ դարձնել: Իսկ սեքսի ժամանակ ավելի հարմարավետ լինելը կարող է բարելավել ձեր ցանկությունը:
Հորմոնային բուժման հնարավոր տարբերակները հետևյալներն են:
- էստրոգեն. էստրոգենը մատչելի է բազմաթիվ ձևերով՝ դեղահաբեր, սպեղաններ, սփրեյներ և գելեր: Էստրոգենի ավելի փոքր դեղաչափեր առկա են հեշտոցային նրբաքսուքներում (կրեմներ) և դանդաղ ազդող հեշտոցային մոմիկներում կամ օղակում: Ձեր բժիշկը կարող է օգնել ձեզ հասկանալու յուրաքանչյուր դեղաձևի վտանգներն ու օգուտները: Սակայն էստրոգենը չի բարելավում սեռական գործունեությունը՝ կապված թերակտիվ սեռական ցանկության խանգարման հետ:
- Տեստոստերոն. արական հորմոն տեստոստերոնը կարևոր դեր է խաղում կանանց սեռական գործունեության մեջ, թեև, համեմատած տղամարդկանց հետ, այն շատ ավելի ցածր է կանանց մոտ: Տեստոստերոնը որպես կանանց մոտ սեռական գործունեության խանգարման դեղամիջոց հաստատված չէ FDA-ի կողմից, սակայն երբեմն նշանակվում է որպես հետաձգված լիբիդոյի բուժման միջոց: Կանանց մոտ տեստոստերոնի օգտագործումը հակասական է: Դրա ընդունումը կարող է առաջացնել ակնե (պզուկներ), մարմնի ավելցուկային մազեր (հիրսուդիզմ) և տրամադրության կամ անձնային փոփոխություններ:
- Պրաստերոն (Ինտրարոզա). այս ներհեշտոցային դեղամիջոցը դեհիդրոէպիանդրոստերոն (ԴՀԷԱ) հորմոնը փոխանցում է անմիջապես հեշտոց՝ օգնելու թեթևացնել ցավոտ սեռական հարաբերությունները: Դուք օգտագործում եք այս դեղը ամեն գիշեր՝ ԴՄՀ-ի հետ կապված չափավոր և ծանր հեշտոցային չորության ախտանիշները թեթևացնելու համար:
- Օսպեմիֆեն (Օսֆենա). ամենօրյա ընդունման այս դեղահաբը կարող է օգնել թեթևացնելու ցավոտ սեռական ախտանշանները միջին և ծանր ԴՄՀ-ով կանանց մոտ: Այս դեղը հաստատված չէ այն կանանց համար, ովքեր ունեցել են կրծքագեղձի քաղցկեղ կամ ունեն կրծքագեղձի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024