Առողջական խնդիրներ
Լիմֆոմա

2 րոպե
Լիմֆոման քաղցկեղի տեսակ է, որն ընթանում է ավշային համակարգի ախտահարմամբ:
Լիմֆոման ծանր հիվանդություն է, սակայն այսօր հասանելի են բավականին արդյունավետ բուժումներ:
Ավշային համակարգը կազմված է ավշային անոթների ցանցից և գեղձերից (ավշային հանգույցներ): Այս համակարգը հավաքում և զտում է օրգանիզմի նյութափոխանակության արգասիքներ պարունակող հեղուկը, որը կոչվում է ավիշ: Ավիշը պարունակում է նաև վարակների դեմ պայքարող լիմֆոցիտներ, որոնք արյան սպիտակ գնդիկների (լեյկոցիտներ) տեսակներից մեկն են:
Տարբերում են լիմֆոմաների երկու հիմնական տեսակներ՝
- Հոջկինի լիմֆոմա (15%)
- ոչ հոջկինային լիմֆոմա (85%):
Հայալեզու գրականության մեջ կարող եք «Հոջկինի» փոխարեն տեսնել «Խոջկին» անվանումը, որը մնացել է ռուսերենից (անգլերեն՝ «Hodgkin»):
Հոջկինի և ոչ հոջկինային լիմֆոմաները միմյանցից տարբերվում են ինչպես զարգացմամբ, այնպես էլ բուժմամբ:
Օրինակ, Հոջկինի լիմֆոմայի ռիսկի գործոններն են էպշտեյն-Բարի վիրուսը և հիվանդության ընտանեկան պատմությունը, իսկ ոչ հոջկինյան լիմֆոմաների դեպքում՝ աուտոիմուն հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ (նաև՝ Հոջկինի դեպքում), մարդու T-լիմֆոտրոպիկ վիրուս, իմունիտետը ճնշող դեղեր և որոշ պեստիցիդներ։
Հոջկինի և ոչ հոջկինյան լիմֆոմաների ախտանիշները միմյանց նման են: Ավելի հաճախ զարգանում է մեկ կամ ավելի շատ ավշային հանգույցների ոչ ցավոտ այտուցվածություն կամ մեծացում (կոչվում է լիմֆադենոպաթիա), որոնք սովորաբար հայտնվում և շոշափվում են պարանոցի, թևատակերի (անութափոս) կամ աճուկների շրջանում: Այլ նշաններից են՝ ցիկլային բնույթի ջերմության բարձրացում, առատ գիշերային քրտնարտադրություն, անբացատրելի քաշի կորուստ, մաշկային քոր և հոգնածության մշտական զգացում:
Քաղցկեղն ավելի հաճախ տարածվում է դեպի թոքեր, լյարդ կամ ուղեղ:
Երկու լիմֆոմաներն էլ ախտորոշվում են ախտահարված հանգույցից վերցված հյուսվածքի բիոպսիայով և հյուսվածաբանական հետազոտությամբ:
Լիմֆոմայի բուժման հիմքում ընկած են քիմիոթերապիան, ճառագայթային բուժումը կամ երկուսը միասին: Բուժման տեսակի ընտրությունը սովորաբար կախված է հետևյալ գործոններից՝
- լիմֆոմայի տեսակ (Հոջկինի կամ ոչ հոջկինային)
- տարիք և ընդհանուր առողջական վիճակ
- ախտանիշներ
- օրգանիզմում քաղցկեղի տարածվածության աստիճան
- ձեր նախընտրություն:
Եթե դուք կասկածում եք, որ ձեզ մոտ կարող է լինել լիմֆոմա, առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-05-2019 վերանայվել է՝ 26-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: