Այն, թե որ բուժումն է ճիշտ ձեր լիմֆոմայի բուժման համար, կախված է ձեր հիվանդության տեսակից և փուլից, ձեր ընդհանուր առողջական վիճակից և ձեր նախապատվությունից:
Բուժման նպատակն է ոչնչացնել հնարավորինս շատ քաղցկեղային բջիջներ և հիվանդությունը բերել երկարաժամկետ ախտադադարի (ռեմիսիայի) փուլ:
Լիմֆոմայի բուժումները ներառում են հետևյալը:
- Ակտիվ հսկողություն. լիմֆոմայի որոշ ձևեր զարգանում են շատ դանդաղորեն: Դուք և ձեր բժիշկը կարող եք որոշել հետաձգել ձեր լիմֆոմայի բուժումը, քանի դեռ այն չի առաջացրել գանգատներ և ախտանիշներ, որոնք խանգարում են ձեր առօրյա գործունեությանը: Մինչ այդ, դուք կարող եք պարբերաբար թեստեր անցնել՝ ձեր վիճակը վերահսկելու համար:
- Քիմիոթերապիա. քիմիոթերապիան օգտագործում է դեղամիջոցներ, որոնք ոչնչացնում են արագ աճող բջիջները, ինչպիսիք են քաղցկեղայինները: Կախված ձեզ նշանակված կոնկրետ դեղամիջոցներից, դրանք սովորաբար ներարկվում են երակով, սակայն, նաև կարող են ընդունվել նաև որպես բերանային (օրալ) հաբեր:
- Ճառագայթային թերապիա. ճառագայթային թերապիան (ռադիոթերապիա) օգտագործում է էներգիայի հզոր ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները և պրոտոնները, քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար:
- Ոսկրածուծի փոխպատվաստում. ոսկրածուծի փոխպատվաստումը, որը նաև հայտնի է որպես ցողունային բջիջների փոխպատվաստում, ներառում է քիմիոթերապիայի և ճառագայթման բարձր չափաբաժինների օգտագործում ոսկրածուծը ճնշելու համար: Այնուհետև ձեր օրգանիզմից կամ դոնորից ստացված առողջ ոսկրածուծի ցողունային բջիջները ներարկվում են ձեր արյան մեջ, որտեղից դրանք արյան հոսքով տեղափոխվում են դեպի ձեր ոսկորներ և վերականգնում են ձեր ոսկրածուծը:
- Այլ բուժումներ. լիմֆոմայի բուժման համար օգտագործվող այլ միջոցներից են թիրախային դեղամիջոցները, որոնք կենտրոնանում են ձեր քաղցկեղային բջիջների հատուկ առանձնահատկությունների վրա: Արգելակելով այս թույլ կետերը, թիրախային դեղամիջոցները կարող են հանգեցնել քաղցկեղային բջիջների մահվան: Իմունոթերապիայի դեղամիջոցները ներգրավում են ձեր իմունային համակարգը քաղցկեղային բջիջների ոչնչացման գործում: Մասնագիտացված բուժումը, որը կոչվում է քիմերային հակագենի ընկալիչ (CAR)-T բջջային թերապիա, վերցնում է ձեր մարմնի մանրէների դեմ պայքարող T բջիջները, գենային ինժեներիայի օգնությամբ դրանք դարձնում քաղցկեղի դեմ պայքարելու համար պիտանի և նորից ներարկում ձեր օրգանիզմ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024