Ձեզ մոտ լիմֆոման ախտորոշելիս և դրա տեսակը որոշելիս ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ հետազոտությունները և միջամտությունները:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). ձեր բժիշկը զննում և շոշափում է այտուցված ավշային հանգույցները, այդ թվում՝ պարանոցային, թևատակերի և աճուկների, ինչպես նաև շոշափում է որովայնը՝ փայծաղի կամ լյարդի այտուցվածությունը ստուգելու համար:
- Հետազոտման համար ավշային հանգույցի հեռացում. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ավշային հանգույցի բիոպսիայի միջամտություն, որի դեպքում լաբորատոր հետազոտության համար հեռացվում է ավշային հանգույցի մի մասը կամ ամբողջ հանգույցը: Մանրակրկիտ լաբորատոր հետազոտությունները կարող են որոշել, թե արդյոք առկա են լիմֆոմայի բջիջներ և, եթե այո, որ տեսակին են դրանք պատկանում:
- Արյան թեստեր. արյան ընդհանուր քննությունը (CBC), որը հաշվարկում է արյան նմուշի մեջ արյան բջիջների տարբեր տեսակների քանակները, կարող է ձեր բժշկին տալ ձեր ախտորոշման մասին օգտակար հուշումներ:
- Հետազոտման համար ոսկրածուծի նմուշի հեռացում. ոսկրածուծի ասպիրացիայի և բիոպսիայի միջամտության դեպքում բժիշկը ասեղ է ներմուծում ձեր զստոսկի մեջ, որ հեռացնի ոսկրածուծի փոքր նմուշ: Նմուշը հետազոտվում է լաբորատորիայում՝ ստուգելու քաղցկեղային բջիջների առկայությունը:
- Պատկերային հետազոտություններ. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ պատկերային հետազոտություններ՝ ձեր օրգանիզմի այլ շրջաններում լիմֆոմայի նշաններ հայտնաբերելու համար: Դրան կարող են ներառել համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) և պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ):
Կախված ձեր իրավիճակից, կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ հետազոտություններ և միջոցառումներ:
Գոյություն ունեն լիմֆոմայի բազմաթիվ տարբեր տեսակներ, և ձեր տեսակի ճշգրիտ ախտորոշումը կարևոր է արդյունավետ բուժման ծրագիր կազմելու համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ բիոպսիայի նմուշի հետազոտումը փորձագետ պաթոլոգի կողմից բարելավում է ճշգրիտ ախտորոշման հնարավորությունները: Մտածեք երկրորդ կարծիքի մասին այնպիսի մասնագետից, ով կարող է հաստատել ձեր ախտորոշումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024