Մագնեզիումը մետաղ է, որի քիչ քանակներն առկա են ձեր օրգանիզմի յուրաքանչյուր բջջում։
Ի՞նչն են հետազոտում
Մագնեզիումը կենսական դեր ունի ձեր օրգանիզմի տարբեր գործընթացներում, օրինակ՝
- սննդից էներգիայի առաջացում
- մկանների և նյարդերի պատշաճ գործունեության ապահովում
- բջիջների կողմից կալիումի և կալցիումի ներծծում։
Ձեր օրգանիզմի մագնեզիումի մեծ մասը ստացվում է սննդով։ Մագնեզիումով հարուստ սննդամթերքներից են կանաչատերև բանջարեղենները (օրինակ՝ սպանախ), ընկույզներն ու սերմերը, չթեփազերծված հատիկավորները, լոբազգիները, ձիթապտուղը, ոլոռը և որոշ փափկամորթեր։
Մագնեզիումի գրեթե կեսը պահեստավորված է ձեր ոսկորներում, իսկ մնացածը՝ այլ հյուսվածքներում։ Ձեր օրգանիզմի ամբողջ մագնեզիումի 100 մասից միայն 1-ն է առկա արյան մեջ։
Բազմաթիվ մարդիկ մագնեզիումի պահանջվող քանակները ստանում են սննդի միջոցով, ուստի, մինչև մագնեզիումական որևէ հավելում ընդունելը զրուցեք ձեր բժշկի հետ։
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
Ձեր բժիշկը կարող է ցանկանալ ստուգել ձեր արյան մագնեզիումը, եթե դուք՝
- չարաշահում եք ալկոհոլ
- ունեք սնման խանգարում կամ վատ եք սնվում
- ունեք դիաբետ
- ունեք երիկամային որևէ խնդիր
- ստանում եք մագնեզիումի կամ կալցիումի հավելումներ
- ունեք արյան խիստ բարձր կամ խիստ ցածր կալցիում կամ կալիում։
Արյան մեջ մագնեզիումի անբավարար քանակության նշաններն ու ախտանիշներն են՝
- հոգնածություն
- սրտխառնոց և փորլուծություն
- մկանային թուլություն, ջղաձումներ կամ կծկանքային ցավեր
- խիստ գրգռված վիճակ
- անկանոն սրտազարկ (առիթմիա)
- մարմնի քաշի կորուստ
- ցնցումներ։
Արյան մագնեզիումի ցածր մակարդակը կարող է նշանակել, որ՝
- դուք ձեր սննդով չեք ստանում մագնեզիումի բավարար քանակներ
- ձեր աղիքները չեն ներծծում բավարար չափով մագնեզիում
- ձեր երիկամները հեռացնում են մագնեզիումի մեծ քանակներ։
Ինչպե՞ս նախապատրաստվել այս թեստին
Մագնեզիումի լաբորատոր թեստը որևէ առանձնահատուկ պայման կամ պահանջ չունի: Ամեն դեպքում, մինչև արյունը հանձնելը զրուցեք ձեր բժշկի հետ:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Ինչպես որևէ այլ հետազոտության, այնպես էլ մագնեզիումի թեստի արդյունքները պետք է քննարկել ձեր բժշկի հետ։
Եթե հղի եք, ձեր արյան մագնեզիումի մակարդակը կարող է բնականոն կերպով 2-3-րդ ամիսներին իջնել։ Այնուամենայնիվ, անկախ այն բանից՝ հղի եք, թե ոչ, եթե արյան թեստով ստացվում է մագնեզիումի նորմալ միջակայքից դուրս գտնվող ցուցանիշ, նման վիճակը կարող է վկայել առողջական խնդրի մասին։
Լրացուցիչ տեղեկատվություն
Մագնեզիումի թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որպեսզի իմանաք մագնեզիում թեստի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան թեստի մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 27-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024