Skip to main content

Ախտանիշներ - Ամորձու թերֆունկցիա

Հիպոգոնադիզմը կարող է սկսվել պտղի զարգացման ընթացքում, մինչև սեռական հասունացումը կամ հասուն տարիքում:

Գանգատներն ու ախտանիշները կախված են նրանից, թե երբ է զարգանում վիճակը:

Պտղի զարգացում

Եթե պտղի զարգացման ընթացքում օրգանիզմը բավարար չափով տեստոստերոն չի արտադրում, որպես հետևանք կարող է առաջանալ արտաքին սեռական օրգանների աճի խանգարում: Կախված նրանից, թե երբ է զարգանում հիպոգոնադիզմը և որքան տեստոստերոն է առկա, գենետիկորեն արական սեռի երեխան կարող է ծնվել՝

  • իգական սեռական օրգաններով
  • սեռական օրգաններով, որոնք ոչ հստակ արական են, ոչ էլ ակնհայտ իգական (անորոշ կամ երկիմաստ սեռական օրգաններ)
  • թերզարգացած արական սեռական օրգաններով:

Սեռահասունացում

Արական հիպոգոնադիզմը կարող է հետաձգել սեռական հասունացումը կամ առաջացնել նորմալ զարգացման անկատարություն կամ բացակայություն: Այն կարող է խոչընդոտել հետևյալ գործընթացները՝

  • մկանային զանգվածի զարգացում
  • ձայնի հաստացում
  • մարմնի և դեմքի մազերի աճ
  • առնանդամի և ամորձիների աճ:

Եվ, կարող է առաջացնել՝

  • իրանի հետ համեմատած ձեռքերի և ոտքերի ավելորդ աճ
  • կրծքագեղձի հյուսվածքի զարգացում (գինեկոմաստիա):

Չափահաս տարիք

Չափահաս տղամարդկանց մոտ հիպոգոնադիզմը կարող է փոխել որոշ արական ֆիզիկական բնութագրեր և խաթարել նորմալ վերարտադրողական գործառույթը: Վաղ նշաններն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • սեռական ցանկության նվազում
  • ներուժի նվազում
  • դեպրեսիա:

Ժամանակի ընթացքում հիպոգոնադիզմով տղամարդկանց մոտ կարող են զարգանալ՝

  • էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա)
  • անպտղություն
  • դեմքին և մարմնին մազերի աճման նվազում
  • մկանային զանգվածի նվազում
  • կրծքագեղձի հյուսվածքի զարգացում (գինեկոմաստիա)
  • ոկրային զանգվածի կորուստ (օստեոպորոզ):

Ծանր հիպոգոնադիզմը կարող է նաև առաջացնել մտավոր և հուզական փոփոխություններ: Տեստոստերոնի նվազման հետևանքով որոշ տղամարդկանց մոտ ի հայտ են գալիս կանանց մոտ դաշտանադադարի ախտանիշներ, օրինակ՝

  • ուշադրության կենտրոնացման դժվարություններ
  • ջերմահորդանքներ:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք արական հիպոգոնադիզմի ախտանիշներ: Հիպոգոնադիզմի պատճառի հայտնաբերումն առաջին կարևոր քայլն է համապատասխան բուժում ստանալու համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024