Արական հիպոգոնադիզմի բուժումը կախված է ձեր տարիքից և բուժման նպատակից:
Չափահաս տղամարդիկ
Արական հիպոգոնադիզմը սովորաբար բուժվում է տեստոստերոնի փոխարինմամբ՝ տեստոստերոնի մակարդակը նորմալ ցուցանիշների վերադարձնելու համար: Տեստոստերոնը կարող է օգնել արական հիպոգոնադիզմի գանգատների և ախտանիշների հաղթահարմանը, ինչպիսիք են սեռական ցանկության նվազումը, ներուժի նվազումը, դեմքի և մարմնի մազերի քչացումը և մկանային զանգվածի և ոսկրերի խտության կորուստը:
Տարեց տղամարդկանց համար, ովքեր ունեն ցածր տեստոստերոն և ծերացման պատճառով հիպոգոնադիզմի նշաններ և ախտանիշներ, տեստոստերոնի փոխարինման օգուտներն ավելի քիչ պարզ են:
Մինչ դուք տեստոստերոն եք ընդունում, ԱՄՆ Ներզատաբանների միությունը խորհուրդ է տալիս, որ ձեր բժիշկը վերահսկի ձեզ բուժման արդյունավետության և կողմնակի ազդեցությունների համար մի քանի անգամ՝ բուժման առաջին տարվա ընթացքում և դրանից հետո՝ ամեն տարի:
Տեստոստերոնային փոխարինող բուժման տեսակները
Տեստոստերոնի բերանային (օրալ) պատրաստուկները չեն օգտագործվել հիպոգոնադիզմի բուժման համար, քանի որ դրանք կարող են լյարդի լուրջ խնդիրներ առաջացնել: Բացի այդ, դրանք տեստոստերոնի մակարդակը չեն պահում կայուն միջակայքում:
ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության կողմից (FDA) հաստատված մեկ բերանային տեստոստերոնի փոխարինող պատրաստուկ՝ Տեստոստերոն ունդեկանոատը (Յատենզո), ներծծվում է ավշային համակարգի կողմից: Դա թույլ է տալիս խուսափել տեստոստերոնի այլ բերանային ձևերի օգտագործման հետ կապված լյարդային խնդիրներից:
Այլ պատրաստուկները, որոնք դուք կարող եք ընտրել՝ կախված հարմարությունից, արժեքից և ձեր ապահովագրական ծածկույթից, ներառում են հետևյալը:
- Գել. գոյություն ունեն մի քանի գելեր և լուծույթներ՝ կիրառման տարբեր եղանակներով։ Կախված ապրանքանիշից, դուք քսում եք տեստոստերոնը ձեր թևի վերջին շրջանի կամ ուսի մաշկին (ԱնդրոԳել, Տեստիմ, Վոգելքսո) կամ ազդրի առջևի և ներսային մակերևույթի մաշկին (Ֆորտեստա): Ձեր օրգանիզմը ներծծում է տեստոստերոնը ձեր մաշկի միջոցով: Գել քսելուց հետո մի քանի ժամ ցնցուղ կամ լոգանք մի՛ ընդունեք, որ համոզվեք, որ դեղը ներծծվել է: Կողմնակի ազդեցությունները ներառում են մաշկի գրգռվածությունը և շփվելիս դեղամիջոցը մեկ այլ անձին փոխանցելու հնարավորությունը: Խուսափեք մաշկ-մաշկ շփումից մինչև գելը լիովին չորանա կամ ծածկեք այդ շրջանը գելը քսելուց հետո:
- Ներարկում. Տեստոստերոնի ցիպիոնատը (Դեպո-Տեստոստերոն) և Տեստոստերոնի էնանտատը տրվում են միջմկանային կամ ենթամաշկային ներարկմամբ: Ձեր ախտանիշները կարող են տատանվել կախված դեղաչափերից և ներարկումների հաճախականությունից: Դուք կամ ընտանիքի անդամը կարող եք սովորել տեստոստերոնի ներարկումներ անել տանը: Տեստոստերոն ունդեկանոատը (Ավեեդ) տրվում է խորը միջմկանային ներարկումով, սովորաբար յուրաքանչյուր 10 շաբաթը մեկ: Այն պետք է տրվի ձեր բժշկի գրասենյակում և կարող է ունենալ լուրջ կողմնակի բարդություններ:
- Կպչուն սպեղանի. Տեստոստերոն (Անդրոդերմ) պարունակող կպչուն շերտն ամեն գիշեր փակցվում է ձեր ազդրերին կամ իրանին: Հնարավոր կողմնակի ազդեցությունը սուր մաշկային ռեակցիան է:
- Լնդային և այտային (բերանի խոռոչ). ծեփամածիկի նմանվող փոքր նյութը, որը պարունակում է տեստոստերոն, տեղադրվում է ձեր վերևի ատամների լնդային ծալքում՝ որտեղ ձեր լինդը հանդիպում է վերին շրթունքին: Օրական երեք անգամ ընդունված այս արտադրանքը կպչում է լնդերի վրա և թույլ է տալիս, որ տեստոստերոնը ներծծվի արյան մեջ: Դա կարող է առաջացնել լնդերի գրգռում:
- Քթային. այս տեստոստերոնի գելը (Նատեստո) փչվել քթանցքների մեջ: Այս տարբերակը նվազեցնում է այն ռիսկը, որ դեղորայքը կփոխանցվի այլ անձի մաշկի հետ շփման միջոցով: Քթի միջոցով ստացված տեստոստերոնը պետք է կիրառվի յուրաքանչյուր քթանցքում երկու անգամ, օրական երեք անգամ, ինչը կարող է ավելի անհարմար լինել, քան տեստոստերոնի տրման մյուս մեթոդները:
- Իմպլանտային գնդիկներ. տեստոստերոն պարունակող գնդիկները (Տեստոպել) վիրահատական ճանապարհով տեղադրվում են մաշկի տակ յուրաքանչյուր երեքից վեց ամիսը մեկ: Սա պահանջում է փոքր կտրվածք:
Տեստոստերոնային թերապիան պարունակում է տարբեր ռիսկեր, այդ թվում՝
- արյան կարմիր բջիջների արտադրության ավելացում
- ակնե
- կրծքերի մեծացում
- քնի խանգարումներ
- շագանակագեղձի մեծացում
- սպերմատոզոիդների արտադրության սահմանափակում:
Հիպոգոնադիզմի պատճառով անպտղության բուժումը
Եթե պատճառը հիպոֆիզի խնդիրն է, կարող են տրվել հիպոֆիզի հորմոններ՝ սպերմատոզոիդների արտադրությունը խթանելու և պտղաբերությունը վերականգնելու համար: Հիպոֆիզի ուռուցքը կարող է պահանջել վիրահատական հեռացում, դեղորայք, ճառագայթում կամ այլ հորմոնների փոխարինում:
Հաճախ առաջնային հիպոգոնադիզմով տղամարդկանց պտղաբերությունը վերականգնելու արդյունավետ բուժում չկա, սակայն վերարտադրողական օժանդակող տեխնոլոգիան (ՎՕՏ) կարող է օգտակար լինել: Այս տեխնոլոգիան ներառում է մի շարք մեթոդներ, որոնք նախատեսված են օգնելու զույգերին, ովքեր չեն կարողացել հղիանալ:
Տղաների բուժումը
Տղաների մոտ ուշացած սեռական հասունացման բուժումը կախված է պատճառից: Երեքից վեց ամիս տեստոստերոնային հավելումը, որը տրվում է ներարկման ձևով, կարող է խթանել սեռական հասունացումը և երկրորդական սեռական հատկանիշների զարգացումը, ինչպիսիք են մկանային զանգվածի ավելացումը, մորուքի և ցայլքի մազերի աճը և առնանդամի աճը:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024