Մենինգիտի ամենատարածված պատճառը վիրուսային վարակներն են, որոնց հաջորդում են բակտերիալ վարակները և, հազվադեպ, սնկային և մակաբուծային վարակները:
Բակտերիալ վարակներով հարուցված մենինգիտը կարող է ստանալ կյանքին սպառնացող ընթացք, ուստի հիվանդության հարուցիչի նույնականացումն ունի առանցքային նշանակություն:
Բակտերիալ մենինգիտներ
Արյան հոսք ներթափանցած և գլխուղեղ կամ ողնուղեղ հասած բակտերիաները կարող են առաջացնել սուր բակտերիալ մենինգիտ: Բակտերիալ մենինգիտ նաև կարող է զարգանալ, երբ բակտերիաներն ուղղակիորեն մուտք գործեն ուղեղաթաղանթներ: Վերջինս կարող է պատճառվել ականջի կամ քթի հարակից խոռոչների վարակներով (սինուսիտ), գանգի կոտրվածքներով կամ հազվադեպ որոշ վիրահատական միջամտություններով:
Բակտերիաների մի քանի շտամեր կարող են առաջացնել սուր բակտերիալ մենինգիտ, որոնցից ամենատարածվածները ներկայացված են ստորև:
- Streptococcus pneumoniae (պնևմոկոկ). այս բակտերիան ԱՄՆ-ում նորածինների և մանկահասակ երեխաների շրջանում բակտերիալ մենինգիտի ամենատարածված պատճառն է: Այն ավելի հաճախ առաջացնում է թոքաբորբ (պնևմոնիա) և ականջի կամ հարքթային խոռոչների վարակներ: Պատվաստումը կարող է օգնել պնևմոկոկային վարակի կանխարգելմանը:
- Neisseria meningitidis (մենինգոկոկ). սա բակտերիալ մենինգիտի մեկ այլ առաջատար պատճառն է: Մենինգոկոկերը սովորաբար առաջացնում են վերջին շնչուղիների վարակ, սակայն նաև կարող են զարգացնել մենինգոկոկային մենինգիտ, եթե թափանցեն արյան հուն: Սա խիստ վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում զարգանում է դեռահասների և երիտասարդ չափահասների շրջանում: Մենինգոկոկային մենինգիտը կարող է ուսանողական հանրակացարաններում, գիշերօթիկ դպրոցներում կամ բանակային զորանոցներում առաջացնել տեղային համաճարակներ: Պատվաստումը կարող է օգնել վարակի կանխարգելմանը: Նույնիսկ եթե պատվաստվել եք, մենինգոկոկային մենինգիտով մարդու հետ սերտ շփման դեպքում պետք է ստանաք որևէ ներքին ընդունման (օրալ) հակաբիոտիկ, որ կանխարգելեք հիվանդությունը:
- Haemophilus influenzae (հեմոֆիլուս). b տեսակի Haemophilus influenzae բակտերիան (Hib) մի ժամանակ երեխաների շրջանում բակտերիալ մենինգիտի ամենատարածված պատճառն էր: Սակայն ներկայում նոր Hib պատվաստանյութի օգտագործման շնորհիվ մեծապես կրճատվել է մենինգիտի այս տեսակի դեպքերի թիվը:
- Listeria monocytogenes (լիստերիա). այս բակտերիաները կարող են հայտնաբերվել չպաստերիզացված պանիրներում, հոթ-դոգերում և ճաշի (լանչի) մսերում: Հղի կանայք, նորածինները, մեծ տարիքով չափահասները և թուլացած իմունային համակարգով մարդիկ համարվում են լիստերիայի նկատմամբ ավելի խոցելի: Լիստերիան կարող է անցնել ընկերքային պատնեշով, ուստի ուշ հղիության ընթացքում լիստերիոզը կարող է դառնալ նորածնի մահվան պատճառ:
Վիրուսային մենինգիտ
Վիրուսային մենինգիտները սովորաբար ունեն ավելի թեթև ընթացք և հաճախ ինքնուրույն լավանում են: ԱՄՆ-ում դեպքերի մեծ մասը հարուցվում է էնտերովիրուսներով, որոնք առավել տարածված են ուշ ամռանը և վաղ գարնանը: Այլ տեսակի վիրուսները նույնպես կարող են առաջացնել վիրուսային մենինգիտ, օրինակ՝ հասարակ հերպեսի վիրուս, ՄԻԱՎ, խոզուկի վիրուս, արևմտյան նեղոսի վիրուս և այլն:
Քրոնիկ մենինգիտ
Դանդաղ աճող օրգանիզմները (օրինակ՝ սնկեր և Mycobacterium tuberculosis) որոնք ներխուժում են ուղեղը շրջապատող թաղանթներ և հեղուկ, կարող են առաջացնել քրոնիկ մենինգիտ: Քրոնիկ մենինգիտը զարգանում է երկու և ավելի շաբաթվա ընթացքում: Քրոնիկ մենինգիտի գանգատներից և ախտանիշներից են՝ գլխացավ, ջերմության բարձրացում, փսխում և սուր մենինգիտին նմանվող հոգեկան շեղումներ:
Սնկիկային մենինգիտ
Սնկիկային մենինգիտը հարաբերականորեն քիչ է հանդիպում ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում: Այն կարող է կլինիկորեն նմանվել բակտերիալ մենինգիտին և հաճախ հարուցվում է ներշնչված սնկիկային սպորներով, որոնք հայտնաբերվում են հողում, փտող փայտում և թռչաղբում: Սնկիկային մենինգիտները մարդուց մարդ չեն փոխանցվում: Կրիպտոկոկային մենինգիտը սնկային հիվանդության տարածված տեսակ է, որն առավել հաճախ զարգանում է իմունային անբավարարությամբ, օրինակ՝ ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց շրջանում: Հակասնկիկային դեղամիջոցներով չբուժվելու դեպքում կարող է վտանգել կյանքը: Նույնիսկ բուժման պայմաններում սնկային մենինգիտը կարող է կրկնվել:
Մակաբուծային մենինգիտ
Մակաբույծները կարող են առաջացնել մենինգիտի հազվադեպ հանդիպող տեսակ, որը կոչվում է էոզինոֆիլային մենինգիտ: Մակաբուծային մենինգիտները նաև կարող են պատճառվել ուղեղի երիզորդային վարակով (ցիստիցերկոզ) կամ գլխուղեղային մալարիայով: Ամեոբային մենինգիտը հազվադեպ հանդիպող տեսակ է, որը երբեմն հարուցվում է ջրամբարներում լողալիս և կարող է արագ դառնալ կյանքին սպառնացող վիճակ: Մենինգիտ հարուցող մակաբույծների մեծ մասը տիպիկ դեպքերում ախտահարում են կենդանիներին, և մարդիկ սովորաբար վարակվում են այս մակաբույծներով վարակված սննդամթերք օգտագործելիս: Դրանք մարդուց մարդ չեն փոխանցվում:
Մենինգիտի այլ պատճառներ
Մենինգիտը նաև կարող է ունենալ ոչ վարակային պատճառներ, օրինակ՝ ռիմիական ռեակցիաներ, դեղորայքային ալերգիաներ, քաղցկեղի որոշ տեսակներ և բորբոքային հիվանդություններ (օրինակ՝ սարկոիդոզ):
Ռիսկի գործոններ
Կան տարբեր գործոններ, որոնք կարող են բարձրացնել մենինգիտի ռիսկը:
- Պատվաստումների բաց թողում․ մենինգիտի ռիսկը բարձրանում է, եթե բաց է թողնվել մանկական կամ չափահաս տարիքի պատվաստման օրացույցը:
- Տարիք․ վիրուսային մենինգիտի դեպքերի մեծ մասը հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների շրջանում: Բակտերիալ մենինգիտն ավելի տարածված է մինչև 20 տարեկանների շրջանում։
- Համայնքային կացարանում բնակվելը. հանրակացարաններում, զորանոցներում, երեխաների խնամքի կենտրոններում կամ գիշերօթիկ դպրոցներում ապրող ուսանողները, զինվորականները կամ երեխաներն ունեն մենինգոկոկային մենինգիտով հիվանդանալու ավելի բարձր ռիսկ: Պատճառը հավանաբար այն է, որ բակտերիաները տարածվում են շնչառական ուղիներով և արագորեն տարածվում են մարդկանց մեծ խմբերում:
- Հղիություն․ հղիությունը բարձրացնում է լիստերիոզի ռիսկը՝ վարակ, որը հարուցվում է լիստերիա բակտերիայով և կարող է առաջացնել մենինգիտ: Լիստերիոզը նաև բարձրացնում է վիժման, մեռելածնության և վաղաժամ ծննդաբերության ռիսկը։
- Թուլացած իմունային համակարգ. ՁԻԱՀ-ը, ալկոհոլիզմը, շաքարային դիաբետը, իմունիտետն ընկճող դեղամիջոցների ընդունումը և իմունային համակարգն ախտահարող այլ գործոնները բարձրացնում են մենինգիտի նկատմամբ խոցելիությունը։ Փայծաղի հեռացումը նույնպես բարձրացնում է մենինգիտի ռիսկը, ուստի նման իրավիճակում հայտնված բոլոր մարդիկ պետք է ստանան պատվաստում, որ նվազեցնեն ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024