Մենինգիտ․ ախտանիշներ
05-05-2019
2 րոպե

Մենինգիտի վաղ ախտանիշները կարող են նմանվել գրիպին:
Բուն մենինգիտին բնորոշ նշանները կարող են զարգանալ մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում։
Տարիքային տարբեր խմբերում մենինգիտը կարող է դրսևորվել տարբեր ախտանիշներով։
2 տարեկանից բարձր երեխաներ և չափահասներ
Ավելի մեծ տարիքի երեխաների և չափահասների մոտ մենինգիտի ավելի հաճախ հանդիպող ախտանիշներն են՝
- հանկարծակի բարձր ջերմություն
- պարանոցի կարկամություն
- ուժեղ, սովորականից տարբերվող գլխացավ
- գլխացավ, որն ուղեկցվում է սրտխառնոցով կամ փսխումներով
- շփոթվածություն կամ ուշադրության կենտրոնացման դժվարացում
- ցնցումներ
- քնկոտություն կամ քնից արթնացման դժվարացում
- լույսի նկատմամբ գերզգայունություն (լուսավախություն)
- ախորժակի և ծարավի կորուստ
- մաշկացան (երբեմն, օրինակ՝ մենինգոկոկային մենինգիտի դեպքում)։
Նորածիններ
Նորածինների և մանկահասակ երեխաների մոտ մենինգիտի տարածված նշաններից են՝
- բարձր ջերմություն
- անսովոր և տնքոցներով ուղեկցվող մշտական լաց
- ավելցուկային քնկոտություն կամ գերգրգռվածություն
- քնից արթնացման դժվարացում
- պասիվություն կամ դանդաղկոտություն (օրինակ՝ դժվարությամբ է բռնում կուրծքը)
- ուտելու համար քնից արթնացման բացակայություն
- կաթից հրաժարում և թերսնուցում
- փսխումներ
- մեծ գաղթունի արտափքում
- մարմնի և պարանոցի կարկամություն:
Մենինգիտով նորածնին դժվար է հանգստացնել, իսկ գրկելիս լացը կարող է սաստկանալ:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ձեզ մոտ կամ ընտանիքի մեկ այլ անդամի մոտ նկատել եք մենինգիտին բնորոշ հետևյալ նշանները՝
- բարձր ջերմություն
- ուժեղ և որևէ կերպ չմեղմացող գլխացավ
- շփոթվածություն
- փսխումներ
- պարանոցի կարկամություն։
Բակտերիալ մենինգիտը ծանր վիճակ է և կարող է զարգանալուց հետո մի քանի օրվա մեջ հանգեցնել մահվան ելքի, եթե վաղ չբուժվի հակաբիոտիկներով: Բուժման հապաղումը բարձրացնում է գլխուղեղի անդառնալի վնասման կամ մահվան ռիսկը:
Կարևոր է նաև զրուցել բժշկի հետ, եթե ընտանիքի անդամներից կամ աշխատակիցներից մեկնումեկն ունի մենինգիտ: Նման իրավիճակում կարող է առաջանալ վարակի կանխարգելման համար դեղամիջոցների ընդունման կարիք:
Հոդվածը վերանայվել է՝ 21-06-2021