Skip to main content

Պատճառներ - ՄԿՈՍ վարակ

Գոյություն ունեն ոսկեգույն ստաֆիլոկոկային (Staphylococcus aureus) բակտերիաների տարբեր տեսակներ, որոնք սովորաբար կոչվում են «ստաֆ»:

«Ստաֆ» բակտերիաները սովորաբար հայտնաբերվում են բնակչության մոտ մեկ երրորդի մաշկի վրա կամ քթի խոռոչում: Ընդհանուր առմամբ, այս բակտերիաներն անվնաս են, քանի դեռ չեն թափանցել օրգանիզմ կտրվածքի կամ այլ վերքի միջոցով, և նույնիսկ այդ դեպքում դրանք սովորաբար առողջ մարդկանց մոտ առաջացնում են միայն աննշան մաշկային խնդիրներ:

Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC), բնակչության մոտ 5%-ը քրոնիկ կերպով կրում է ստաֆիլոկոկային բակտերիաների այն տեսակը, որը հայտնի է որպես մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկ (ՄԿՈՍ, անգլերեն՝ MRSA):

Հակաբիոտիկակայունություն

Հակաբիոտիկակայունությունը տասնամյակների ընթացքում հակաբիոտիկների հաճախ ոչ անհրաժեշտ օգտագործման արդյունք է: Տարիներ շարունակ հակաբիոտիկներ են նշանակվում մրսածության, գրիպի և այլ վիրուսային վարակների դեպքում, որոնք իրականում չեն բուժվում այս դեղամիջոցներով: Նույնիսկ, երբ հակաբիոտիկներն օգտագործվում են պատշաճ կերպով, կարող են նպաստել դեղակայուն (ռեզիստենտ) բակտերիաների աճին, քանի որ չեն ոչնչացնում բոլոր այն մանրէները, որոնք թիրախավորվել են: Բակտերիաներն ապրում են էվոլյուցիոն արագ ցիկլով, ուստի այն մանրէները, որոնք գոյատևում են մեկ հակաբիոտիկով բուժումից հետո, շուտով կարողանում են դիմակայել մյուս հակաբիոտիկներին:

Ռիսկի գործոններ

Ոսկեգույն ստաֆիլոկոկի հիվանդանոցային և համայնքային շտամները սովորաբար առաջանում են տարբեր միջավայրերում, ուստի ունեն տարբեր ռիսկի գործոններ:

Առողջապահություն-կապված մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի (ԱԿ-ՄԿՈՍ, անգլերեն՝ HA-MRSA) ռիսկի գործոնները

  • Հիվանդանոցում մնալը (հոսպիտալացված լինելը). այս գործոնը մտահոգիչ է հիվանդանոցային պայմանների համար, որտեղ ՄԿՈՍ-ը կարող է թիրախավորել առավել խոցելի խմբերին, ինչպիսիք են տարեցները և թուլացած իմունային համակարգով մարդիկ:
  • Ինվազիվ բժշկական պարագաների կամ սարքերի առկայություն. բժշկական խողովակները, ինչպիսիք են ներերակային կամ միզային կաթետերները, կարող են վերածվել վարակի թափանցման ուղիների:
  • Երկարաժամկետ խնամքի հաստատությունում ապրելը. սա տարածված է ծերանոցներում։ Վարակը կրողները կարող են տարածել այն, նույնիսկ եթե իրենք հիվանդ կամ վատառողջ չեն:

Համայնք-կապված մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի (ՀԿ-ՄԿՈՍ, անգլերեն՝ CA-MRSA) ռիսկի գործոնները

  • Կոնտակտային մարզաձևով զբաղվելը. վարակը կարող է հեշտությամբ տարածվել կտրվածքների, քերծվածքների կամ ուղղակի մաշկ-մաշկ շփման միջոցով:
  • Մարդաշատ կամ հակասանիտարական պայմաններում ապրելը. նկարագրվել են վարակի բռնկումներ ռազմա-ուսումնական ճամբարներում, երեխաների խնամքի կենտրոններում և բանտերում:
  • Տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ. այս խումբը վարակվելու ավելի մեծ ռիսկի է ենթարկվում:
  • ՄԻԱՎ վարակի առկայություն. ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ վարակվելու ավելի բարձր ռիսկ ունեն, քանի որ նրանց իմունային համակարգը խիստ ընկճված է:
  • Ապօրինի ներարկային թմրամիջոցներ օգտագործելը. մարդիկ, ովքեր օգտագործում են ապօրինի ներարկային թմրամիջոցներ, վարակվելու ավելի մեծ ռիսկ ունեն:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024