Հետևյալ խորհուրդները կարող են օգնել մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկային (ՄԿՈՍ, անգլերեն՝ MRSA) վարակի ռիսկի կրճատմանը:
Առողջապահություն-կապված մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի (ԱԿ-ՄԿՈՍ, HA-MRSA) կանխարգելում
Հիվանդանոցում վարակված կամ վարակակիր մարդկանց հաճախ մեկուսացնում են՝ որպես վարակի տարածումը կանխելու միջոց: Այցելուներին և բուժաշխատողներին, ովքեր խնամում են մեկուսացման մեջ գտնվող մարդկանց, կարող է անհրաժեշտ լինել պաշտպանիչ արտահագուստ:
Նրանք նաև պետք է խստորեն հետևեն ձեռքերի հիգիենայի ընթացակարգերին: Օրինակ, բուժաշխատողները կարող են օգնել կանխարգելել ԱԿ-ՄԿՈՍ-ը՝ յուրաքանչյուր կլինիկական հանդիպումից առաջ և հետո լվանալով ձեռքերը օճառով և ջրով կամ օգտագործելով ձեռքերի ախտահանիչ միջոց:
Հիվանդասենյակները, հպվող մակերևույթները և սարքավորումները, ինչպես նաև լվացքի պարագաները պետք է պատշաճ կերպով ախտահանվեն և պարբերաբար մաքրվեն:
Համայնք-կապված մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի (ՀԿ-ՄԿՈՍ, CA-MRSA) կանխարգելում
- Լվացեք ձեր ձեռքերը. ձեռքերը մանրակրկիտ և ամբողջական լվանալը մնում է մանրէներից ձեր լավագույն պաշտպանությունը: Ձեռքերը և մատները լավ տրորեք օճառի փրփուրով նվազագույնը 20 վայրկյան: Ձեզ մոտ ունեցեք առնվազն 60% ալկոհոլ պարունակող ձեռքերի ախտահանիչի փոքր շշիկ, երբ մոտակայքում բացակայում են օճառը կամ հոսող մաքուր ջուրը:
- Վերքերը պահեք ծածկված վիճակում. կտրված վերքերը և քերծվածքները պահեք մաքուր և ծածկեք դրանք չոր ստերիլ վիրակապով՝ մինչև ապաքինվեն: Վարակված վերքերի թարախը կարող է պարունակել ախտածին բակտերիաներ, այդ թվում՝ ՄԿՈՍ, և մաքուր վիրակապը կարող է օգնել վարակի տարածման կանխարգելմանը:
- Ձեր անձնական իրերն օգտագործեք միայն դուք. խուսափեք այլ մարդկանց ձեր անձնական իրերը տալուց, ինչպիսիք են սրբիչները, սավանները, ածելիները, հագուստը և մարզական գույքը: ՄԿՈՍ-ը տարածվում է վարակված առարկաներով, ինչպես նաև անմիջական շփման միջոցով:
- Մարզական խաղերից կամ մարզումներից հետո ցնցուղ ընդունեք. յուրաքանչյուր խաղից կամ մարզումից անմիջապես հետո ցնցուղ ընդունեք: Օգտագործեք օճառ և ջուր։ Խուսափեք սրբիչների համատեղ օգտագործումից:
- Ախտահանեք սպիտակեղենը. Եթե ունեք կտրված կամ այլ վերք, լվացեք սրբիչները և անկողնային սպիտակեղենը լվացքի մեքենայով՝ սահմանելով ջրի ամենատաք ռեժիմ (հնարավորության դեպքում ավելացրեք սպիտակեցնող նյութ) և չորացրեք դրանք արդուկով: Լվացեք մարզասրահի և մարզական հագուստը յուրաքանչյուր կրելուց հետո:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024