Ցրված սկլերոզի ախտանիշները կախված են այն հանգամանքից, թե կենտրոնական նյարդային համակարգի ո՞ր շրջանը և ի՞նչ չափով է ախտահարվել: Սովորաբար ախտահարման շրջանը համապատասխանում է դեմիելինիզացիայի օջախի տեղակայմանը։
Ցրված սկլերոզի ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են՝
ձեռքերի և ոտքերի վրա շարժողական հսկողության կորուստ, որը բերում է նրան, որ մարդը դժվարությամբ է քայլում կամ նշում է քայլելիս հավասարակշռության խանգարումներ
տաքության նկատմամբ զգայունության բարձրացում (տաք եղանակ, տաք լոգարան, նույնիսկ տաք թեյ, որոնք կարող են խորացնել հիվանդության ախտանիշները)
տեսողության խանգարումներ, օրինակ՝ տեսողական նյարդի դեմիելինիզացիայի արդյունքում առաջացող օպտիկ նևրիտ, որը կարող է բերել մի քանի օրվա մեջ զարգացող կուրության (բուժելիս տեսողությունը կարող է վերականգնվել)
նյարդային համակարգի հետ կապված այլ խնդիրներ՝ կայուն գլխացավ, գլխապտույտ, տարբեր տեղակայման, բնույթի և արտահայտվածության ցավեր և ծակծկոցներ, դեմքի և մարմնի այլ շրջանների զգացողության խանգարումներ
նյարդի ախտահարմամբ պայմանավորված ցավեր
միզապարկի և հաստ աղիների գործունեության հետ կապված խնդիրներ՝ անմիզապահություն, անկղապահություն կամ հակառակը՝ փորկապություն
հիշողության, ուշադրության կենտրոնացման, դատողության, հույզերի կամ տրամադրության խանգարումներ (օրինակ՝ դեպրեսիա):
Ցրված սկլերոզի ժամանակ այս ախտանիշները կարող են անկանխատեսելիորեն փոփոխվել՝ հայտնվել և անհետանալ կամ հայտնվել և կայունանալ ու խորանալ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։