Մկանի գերօգտագործումը կամ գերձգումը, առատ քրտնելուց օրգանիզմի կենսահեղուկների կորուստը (ջրազրկում) կամ պարզապես որևէ դիրքում երկար ժամանակ մնալը կարող է առաջացնել մկանային կծկանք և ջղաձգում:
Այնուամենայնիվ, բազմաթիվ դեպքերում պատճառը մնում է անհայտ:
Մկանային ջղաձգումների մեծ մասն անվնաս է, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են կապված լինել որևէ առողջական խնդրի կամ վիճակի հետ:
- Արյան անբավարար հոսք. ոտքերն արյուն մատակարարող զարկերակների նեղացումը կարող է ֆիզիկական վարժանքների ժամանակ ոտքերում կամ ոտնաթաթերում առաջացնել ջղաձգման կամ կծկանքային (սպաստիկ) ցավեր: Այս ջղաձգումները սովորաբար անհետանում են վարժանքը դադարեցնելուց անմիջապես հետո:
- Նյարդի սեղմում (կոմպրեսիա). ձեր ողնաշարի նյարդերի վրա ճնշումը (օրինակ՝ գոտկային սթենոզ) նույնպես կարող է առաջացնել ոտքերում ջղաձգման ցավեր: Ցավը սովորաբար սաստկանում է քայլելիս: Քիչ առաջ թեքված վիճակում քայլելը կարող է թուլացնել ջղաձգությունը:
- Ոչ բավարար էլեկտրոլիտներ. ձեր սննդակարգում կալիումի, կալցիումի կամ մագնեզիումի չափազանց փոքր քանակները կարող են առաջացնել ոտքերում ջղաձգումներ: Բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) համար հաճախ նշանակվող դեղամիջոցները կարող են խթանել միզարձակությունը, որի հետևանքով օրգանիզմը կարող է կորցնել այս էլեկտրոլիտները:
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք կարող են մեծացնել մկանի ջղաձգության ռիսկը, ներառում են հետևյալը:
- Տարիք. մեծ տարիքով մարդիկ կորցնում են իրենց մկանային զանգվածը, որի պատճառով մկանները չեն կարող ուժեղ աշխատել և ավելի հեշտությամբ են գերլարվում:
- Վատ ֆիզիկական վիճակ. որևէ ֆիզիկական գործ կամ վարժանք անելուն պատրաստ չլինելը հանգեցնում է նրան, որ մկանները ավելի հեշտ են հոգնում:
- Խիստ քրտնարտադրություն. այն մարզիկները, ովքեր հոգնում և շատ են քրտնում տաք եղանակին սպորտով են զբաղվելիս, հաճախ ունենում են մկանային ջղաձգումներ:
- Հղիություն. մկանային ջղաձգումները տարածված են հղիության ընթացքում:
- Առողջական խնդիրներ. շաքարային դիաբետ կամ որևէ այլ հիվանդություն ունենալը, որոնք ներառում են նյարդերը, լյարդը կամ վահանաձև գեղձը, կարող են մեծացնել մկանային ջղաձգումների ռիսկը:
- Մարմնի քաշը․ ավելցուկային քաշ ունենալը կարող է մեծացնել մկանային ջղաձգումների ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024