Գրադարան

Մկանային կծկանքներ (սպազմ) և ջղաձգումներ (ցնցում)

Մկանային կծկանքներ (սպազմ) և ջղաձգումներ (ցնցում)

Time Read 4 րոպե

Մկանների կծկանքը՝ սպազմը և ջղաձգումը՝ ցնցումը ձեր մեկ կամ մի քանի մկանների հանկարծակի ակամա ուժեղ կծկվելը և որոշ ժամանակ կծկված վիճակում մնալն է:

Ի՞նչ են մկանային կծկանքները

Եթե երբևե գիշերն արթնացել եք կամ քայլելիս ստիպված եք եղել կանգ առնել ոտքի որևէ մկանի կտրուկ ցավոտ կծկանքի պատճառով, ուրեմն տեղյակ եք, թե խոսքն ինչի մասին է: Ընդհանուր առամբ, մկանի կծկանքը կամ ջղաձգումն անվնաս են, սակայն կարող են ժամանակավորապես անհնարին դարձնել կծկված մկանի օգտագործումը:

Դուք նաև կարող եք նկատել, որ տարբեր աղբյուրներում կծկանք (սպազմ) և ջղաձգում (ցնցում) արտահայտությունները օգտագործվում են փոխարինաբար, թեև իրականում դրանք միմյանցից տարբերվող կամ առնվազն հարաբերականորեն տարբեր վիճակներ են:

  • Կծկանքը (սպազմ) մկանի կամ դրա մի մասի որոշակի տևողությամբ միանգամյա ակամա կծում է, որը կարող է առաջացնել նույն մկանի հանկարծակի ցավ կամ որևէ ցավ չպատճառել: Ավելի պարզ ասած, կծկանքը որևէ մկանի կամ սակավաթիվ մկանաթելերի ակամա կարճատև կծկումն է: Այն երբեմն անվանում են նաև մկանի ձգում կամ ֆասցիկուլյացիա:
  • Ջղաձգումը (ցնցում) կծկանքների խումբ է՝ մեկ կամ մի քանի մկանների որոշակի տևողությամբ ակամա կծում, որն անպայմանորեն ուղեկցվում է հանկարծակի ցավով: Այլ կերպ ասած, եթե մկանի կծկանքն ավելի ուժեղ և տևական է, այն դառնում է ջղաձգում: Մկանների հանկարծակի և անսպասելի կծկանքը կարող է բերել խիստ անհարմարավետության: Ջղաձգումները սովորաբար անհետանում են 1-2 րոպեի ընթացքում, սակայն մկանների թուլացումից հետո տվյալ շրջանում կարող է մնալ որոշակի ցավոտություն կամ մկանի հոգնածության զգացում:

Ջղաձգումը կարող է լինել՝

  • տոնիկ, երբ մկանները երկար ժամանակ մնում է կծկված վիճակում (օրինակ՝ տրիզմ, երբ կծկվում են ծամիչ մկանները կամ բլեֆարոսպազմ)
  • կլոնիկ, երբ մկաների կծկումները սինխրոն ցնցումանման են, և մկանների կծկումները հաջորդում են թուլացումներին:

Մկանային կծկանքները և ջղաձգումները խիստ տարածված երևույթներ են: Դրանց հաճախականությունն ավելանում է տարիքի հետ, սակայն երեխաների մոտ ևս կարող են ի հայտ գալ մկանային ջղաձգումներ:

Ձեր որևէ մկանը կարող է կծկվել երկարատև վարժանքից կամ ֆիզիկական աշխատանքից հետո, հատկապես շոգ եղանակին: Որոշ դեղեր և հիվանդություններ նույնպես կարող են բերել մկանների կծկանքի կամ ջղաձգման: Նման վիճակների մեծ մասը կարող է բուժվել տանը՝ ինքնօգնության որոշ մեթոդներով:

Պատճառներ

Մկանի գերօգտագործումը, ջրազրկումը, մկանային լարվածությունը կամ պարզապես որևէ դիրքում երկար ժամանակ մնալը կարող է առաջացնել մկանային կծկանք և ջղաձգում: Բազմաթիվ դեպքերում, սակայն, պատճառը մնում է անհայտ:

Թեև մկանային կծկանքների կամ ջղաձգումների մեծ մասն անվտանգ է, որոշ դեպքերում այս երևույթները կարող են կապված լինել որևէ լուրջ հիվանդության կամ ախտաբանական վիճակի հետ:

  • Արյան անբավարար մատակարարում. ձեր ոտքերն արյունամատակարարող զարկերակների նեղացումը (աթերոսկլերոզ) կարող է ֆիզիկական վարժանքների ժամանակ ոտքերում կամ ոտնաթաթերում առաջացնել ջղաձգման նմանվող ցավեր: Այս ջղաձգումները սովորաբար վարժանքը կամ քայլելը դադարեցնելուց շատ չանցած ինքնուրույն անհետանում են:
  • Նյարդի ճնշում (կոմպրեսիա). ձեր մեջքի նյարդերի կոմպրեսիան (օրինակ՝ գոտկային սթենոզ) նույնպես կարող են առաջացնել ոտքերում ջղաձգման նմանվող ցավեր: Ցավը սովորաբար սաստկանում է երկար քայլելիս: Քիչ առաջ թեքված վիճակում քայլելը կարող է բարելավել կամ հետաձգել նմանատիպ գանգատների առաջացումը:
  • Էլեկտրոլիտների կորուստ. ձեր սննդակարգում կալիումի, կալցիումի կամ մագնեզիումի խիստ փոքր քանակները կարող են նպաստել ոտքերում ջղաձգումների ի հայտ գալուն: Բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և այլ հիվանդությունների բուժման մեջ նշանակվող միզամուղները նույնպես կարող են առաջացնել օրգանիզմում (և արյան մեջ) անօրգանական նյութերի դեֆիցիտ:

Ռիսկի գործոններ

Ձեզ մոտ մկանային կծկանքների և ջղաձգումների առաջացման ռիսկի բարձրացմանը նպաստող գործոնները ներառում են հետևյալը:

  • Տտարիք. մեծ տարիքով մարդիկ կորցնում են մկանային զանգված, ուստի մնացած մկաններն ավելի հեշտությամբ են գերլարվածության ենթարկվում:
  • Ջրազրկում. ամառային (շոգ եղանակային պայմաններում) մարզաձևերին մասնակցող մարզիկները, ովքեր գերհոգնում և ջրազրկվում են, ավելի հաճախ են ունենում մկանային կծկանքներ ու ջղաձգումներ:
  • Հղիություն. մկանային կծկանքներն ու ջղաձգումները տարածված են նաև հղիների շրջանում:
  • Առողջական վիճակ. ձեզ մոտ մկանային կծկանքների ու ջղաձգումների առաջացման ռիսկը բարձրանում է, եթե ունեք շաքարային դիաբետ կամ նյարդային, լյարդային կամ վահանաձև գեղձի խանգարումներ:

Ախտանիշներ

Մկանային կծկանքների մեծ մասն առաջանում է ոտքի, հատկապես՝ սրունքի մկաններում: Հանկարծակի, սուր ցավից բացի նաև կարող եք նկատել մաշկի տակ մկանային հյուսվածքի պնդացած ուռածություն կամ մկանի ձևափոխում:

Ե՞րբ դիմել բժշկին

Մկանային ջղաձգումները սովորաբար ինքնուրույն անհետանում են և խիստ հազվադեպ են լինում այն աստիճան արտահայտված, որ պահանջեն բժշկական օգնություն: Այնուամենայնիվ, այցելեք ձեր բժշկին, եթե ձեր մկանների ջղաձգումները՝

  • առաջացնում են խիստ անհարմարավետություն (դիսկոմֆորտ)
  • կապված են ոտքի այտուցվածության, կարմրության կամ մաշկային փոփոխությունների հետ
  • կապված են մկանային թուլության հետ
  • առաջանում են հաճախակի
  • ինքնօգնությամբ չեն բարելավվում
  • կապված չեն որևէ ակնհայտ պատճառի հետ, ինչպիսին են ֆիզիկական գերլարված վարժանքները:

Կանխարգելում

Այս քայլերը կարող են օգնել մկանային կծկանքների և ջղաձգումների կանխարգելմանը:

  • Խուսափեք ջրազրկումից. ամեն օր խմեք բավականաչափ ջուր և հեղուկներ: Պահանջվող հեղուկների քանակը կախված է ձեր սննդից, սեռից, ֆիզիկական ակտիվության մակարդակից, եղանակային պայմաններից, ընդհանուր առողջական վիճակից, տարիքից և ընդունվող դեղերից: Հեղուկներն օգնում են ձեր մկանների կծկմանը և թուլացմանը, ապահովում են մկանաբջիջների ջրային բալանսը և մեղմացնում գրռվածությունը: Ֆիզիկական ակտիվ գործեր կատարելիս և քրտնելիս պարբերաբար ջուր խմեք և շարունակեք ջուր կամ հեղուկներ ընդունել նաև դրանք ավարտելուց հետո:
  • «Տաքացրեք» ձեր մկանները. կատարեք նախավարաժանք մինչև որևէ լարված ֆիզիկական գործ կատարելը կամ որևէ մկան մարզելը: Եթե ձեր ոտքի կծկանքները կամ ջղաձգումները սկսվում են գիշերային ժամերին, մինչև անկողին մտնելը թեթև վարժանք կատարեք (երեկոյան զբոսանք և այլն):

Բուժում

Մկանային կծկանքները և ջղաձգումները սովորաբար բուժվում են ինքնօգնության միջոցներով: Օրինակներից են մկանների տաքացնող-սառացնող միջոցառումները, թուլացնող նուրբ մերսումը և այլն: Ձեր բժիշկը կարող է ներկայացնել որոշ օգտակար հնարքներ: Որոշ դեպքերում կարող է առաջանալ մկանները թուլացնող դեղերի ընդունում:

Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2020 վերանայվել է՝ 11-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: